Սյունիքի մարզի Ուժանիս գյուղի գյուղամեջում քայլելիս դժվար է մարդ գտնել։ «Որ ճիշտն ասեմ՝ հենա իմ տնից դուրս չեմ գալիս, վախում եմ», -ասում է 70-ամյա Ռոզա Օվշյանը։

Ռոզա տատին ծնվել ու ապրել է Ուժանիսում, «սովետի ժամանակ» հայրը գյուղի ղեկավարն է եղել։ Ասում է՝ կենդանի լիներ, գյուղը նման ծանր վիճակում չէր լինի։ «Գլուխ չեմ գովում, ճիշտն եմ ասում», -շտապով ավելացնում է նա։

70-ամյա կինը հիմա տարվա շուրջ 8 ամիսները այս գյուղում է անցկացնում, և երբ վառելափայտ չի ունենում ձմռան ամիսներին գնում է Կապան։ Ասում է՝ լավագույն օրերն իր հարազատ գյուղում ապրած օրերն են՝ թեկուզ վախով ու տանջանքով, բայց հարազատ գյուղական միջավայրում։ «Ընդեղ դիվանի վրա նստես տելեվիզըրը անջատես, միացնես, ի՞նչ ա տալիս դա քեզ», -ասում է Ռոզա տատին։

Ասում է՝ ամենաշատը վախենում է նախկինում իրենց գյուղում ու տարածքում ապրած «թուրքերից» (նկատի ունի ադրբեջանցիներին-հեղ) ու բացատրում է՝ ինչու․ «Մեր գյուղի բոլոր ծակուծուկերը գիտեն, կգան ու ինչ իմանաս՝ ինչ կանեն։ Ընենց էին հայերեն խոսում, որ չես իմանա՝ հա՞յ են, թե՞ թուրք»։ «Թուրքի» հետ խաղաղ ապրել չի պատկերացնում՝ «Տհենց բան հնարավոր չի»։

«Ամեն օր վախով ենք ապրում՝ մտածելով, որ թուրքը կմտնի գյուղը, եղած ժողովրդին էլ կոտորի գնա։ Լրիվ անտառ ա, չես կարա իմանաս՝ որտեղից ոնց ա մտնում թուրքը», -ասում է գյուղի մյուս բնակչուհին՝ 78-ամյա  Մարիետա Մարտիրոսյանը։

Նա գյուղի իրենց տանն ապրում է միայնակ։ Ամուսնուն մեկ տարի առաջ է կորցրել, ապրում է երեխաների ու թոռների ուրախություններն ու հոգսերը կիսելով։ Երկար տարիներ աշխատել է որպես բուժքույր, նաև՝ պատերազմի տարիներին։ Մինչև պատերազմը գյուղում ապրել է «թուրքերի» հետ, հիշում է՝ «թուրքերը հայերի մոտ ֆերմաներում էին աշխատում, կով-անասուն պահում»։

Գյուղի տարեցներից բացի, հարազատների ու հարազատ տարածքի փխրուն անվտանգության հարցը մտահոգում է նաև Ուժանիսում գործ անող հատուկենտ երիտասարդներին։ «Ինչքան էլ ասենք անվտանգ ա, ապահով ա, բայց թշնամին մեզանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ա։ Բոլորն էլ քնելուց առաջ մտածում են՝ գիշերը լավ անցնի։ Մեր գյուղում ու ամբողջ համայնքում 44-օրյա պատերազմից հետո ամենամեծ խնդիրը դարձավ անվտանգությունը», -ասում է 22-ամյա Մարատ Մուսայելյանը։

56 բնակիչ ունեցող այս գյուղը 2020-ի պատերազմի հետևանքով 30 հեկտար հողատարածք է կորցրել։ 10 ընտանիք կորցրել է ունեցածը։ Գյուղի ղեկավար Սասուն Սարգսյանն ասում է՝ հիմա այդ տարածքները չեզոք գոտի են, «ոչ իրենցը, ոչ մերը»։

Փոխարենը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ/ICRC) աջակցությամբ մելիորացիայի ծրագրի շրջանակներում այժմ մշակվում է 28 հեկտար 15-20 տարի չմշակված տարածք։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցելով դաշտերի մելիորացիա կազմակերպելով, դաշտերը բացվել են հացահատիկային մշակաբույսերի համար։ Երկու տարի այդ ուղղութամբ աշխատում ենք», -ասում է գյուղի ղեկավարը։

«Մելիորացիան հետևյալն է՝ հողը խորը վարվում է, փխրեցվում, կրկնավար է արվում, մանր թփերը հավաքվում են, մաքրվում է, դրանից հետո հողը դառնում է պիտանի ցորենի ու այլ մշակաբույսերի համար։ Ուժանիս գյուղի տարածքում մելիորացրել ենք 28 հեկտար հողատարածք, այդ հողերը չեն մշակվել 15-20 տարի։ Այդ նույն ծրագրի շրջանակներում տրամադրել ենք ցորենի էլիտար սերմեր ու ցանվել են այդ տարածքներոմ։ Այդ էլիտար սերմից վերցրած սերմով իրենք կկարողանան դեռ մի քանի տարի օգտագործել իրենց հողերը ցանելու համար», -ներկայացնում է ԿԽՄԿ տնտեսական անվտանգության թիմի անդամ Հարություն Հարությունյանը։

Անվտանգությունից հետո բնակիչներին մտահոգող մյուս խնդիրը ոռոգման ու խմելու ջրի բացակայությունն է։ Գյուղում կան աղբյուրի կետեր, որտեղից ջուրը հազիվ է ծորում, մարդիկ երկար սպասվում են, մինչև տարան լցվի, իսկ հողատարածքները մշակողները անձրևների հույսին են։

22-ամյա Մարատ Մուսայելյանը իրենց ունեցած 6 հեկտար տարածքում ԿԽՄԿ-ի այս ծրագրի շրջանակներում առաջին անգամ հացահատիկի բերք է հավաքելու։ Հողատարածքների մշակման միջոցով երիտասարդը կապվել է գյուղի հետ ու բիզնես է փորձում անել։

Երիտասարդներին գյուղի հետ կապող այլ զբաղմունք չկա․ ոչ մանկապարտեզ կա, ոչ դպրոց։ Գյուղի 14 դպրոցական տեղափոխվել է Կապան, ընտանիքների հետ ապրում են այնտեղ։

Ուժանիսի 30-ամյա ղեկավարը նոր է ամուսնացել, սպասում են երեխայի։ Չի պատրաստվում հեռանալ հարազատ համայնքից։ Նույնիսկ մանկապարտեզ, դպրոց չունենալու հեռանկարը չի ստիպում դիմել այդ քայլին։ Լավատես է՝ «Ո՞ւր գնամ, էս իմ գյուղն ա, ո՞ւր գնամ։ Մինչև իմ երեխեն ծնվի, ամեն ինչ կկազմակերպվի։ հենա այծաբուծական ֆերմա ունենք, ինձ թվում ա, թե կգան, կաշխատեն, կարարեն։ Բաց թողնենք ո՞ւր գնանք, էս ա մեր տունը, էս ա մեր հողը։ Եթե մերն ա, ուրեմն ստեղ պետք ա կանգնենք, բարգավաճում պետք ա լինի»։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest