Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 24-ի որոշմամբ ԼՂ Ասկերանի շրջանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը կալանավորվել է և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանքը։

Հայկ Շամիրյանը ձերբակալվել էր մայիսի 23-ին, իր բնակարանում իրականացված խուզարկությունից հետո։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր՝ Շամիրյանի ձերբակալությունը տեղի է ունեցել «ակնհայտ քաղաքական դրդապատճառներով»։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն ներկայացրեց մանրամասներ, տեղեկացնելով, որ Հայկ Շամիրյանը «այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 5.050.000 ՀՀ դրամ արժողության, «LADA NIVA NIVATRAVEL» մակնիշի, 2022 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2024 թվականի հունվարի 18-ին կազմված որոշման, ապա դրան հաջորդած գրավոր հայտարարության տեքստերում ներառել է իրականությանը չհամապատասխանող, գոյություն չունեցող տեղեկություններ՝ ուրիշի գույքն օտարելու իրավասություն ունենալու վերաբերյալ, ապա ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու իրավասություն ունեցող պետական մարմին է ներկայացրել առերևույթ կեղծ տվյալներ պարունակող այդ փաստաթղթերը։ Դրանից հետո՝ 2024թ․ հունվարի 23-ին, առանց օրինական հիմքի, հանդես գալով որպես պայմանագրի կողմ, կնքել է տրանսպորտային միջոցի նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել է իրեն փոխկապակցված անձին՝ իր պապին՝ այդ կերպ առերևույթ խաբեությամբ հափշտակելով 5.050.000 ՀՀ դրամ արժեցող վերոնշյալ ավտոմեքենան»:

Շամիրյանի տան խուզարկության արդյունքում, ՔԿ-ի փոխանցմամբ, հայտնաբերվել են որոշման բնօրինակները, սակայն  այլ թվագրմամբ, բովանդակության այլ ձևակերպմամբ, ինչպես նաև մեկ այլ՝ «UAZ HUNTER» մակնիշի ավտոմեքենա օտարելու վերաբերյալ որոշման նախագիծ:

Շամիրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով խարդախություն» և 457-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի փաստաթուղթ կեղծելը»:

Շամիրյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Եփրիկյանն ասում է՝ մեքենայի հետ կապված գործընթացը տեղի է ունեցել հունվարին, սակայն մայիսին որոշել են քրեական հետապնդում հարուցել։ «Պաշտպանյալս ունի որոշակի քաղաքական հայացքներ, որոնք իշխանության հետ չեն համընկնում։ Սա դասագրքային քաղաքական հետապնդում է։ Պատկերացրեք՝ այս տարի հունվարին անձը կատարել է մեքենայի անվանափոխություն իր պապու անունով, բայց դրանից անցնում են ամիսներ ու մայիսին երկու օրվա մեջ անձին ձերբակալում են, մեղադրանք են առաջադրում ու տանում դատարան կալանքի։», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է փաստաբանը։

Եփրիկյանն ասում է՝ մեքենան պատկանել է Արցախի Քարվաճառ համայնքին ու շարադրում իրենց վարկածը․ «Պաշտպանյալս ՃՈ-ից հարցրել է՝ ինչպես կարելի է մեքենան անվանափոխել ու վաճառել, որպեսզի այդ վաճառքից ստացված հասույթը ուղղի համայնքի բնակիչների սոցիալական կարիքների լուծմանը։ ՃՈ-ից ուղղորդել են ավագանու նիստ գումարել, որոշել՝ ում անունով են անվանափոխելու ու հետո միայն գնալ ՃՈ անվանափոխել։ Այդպես էլ արել են։ Իսկ անվանափոխությունն արել է պապիկի անունով, որովհետև պապիկն ունի մեծ հեղինակություն, և համայնքի անդամներից որևէ մեկը կասկածի տակ չէր դնի, թե պապիկը կտանի այդ մեքենան կվաճառի ու կծախսի սեփական կարիքների համար։ Իմ պաշտպանյալը ինչ մեղք ունի, որ Քննչական կոմիտեի ու ՃՈ-ի միջև առկա են էական հակասություններ»։

Քննիչը, ըստ փաստաբանի, ասում է խաբեությամբ է դրսևորվել խարդախությունը, բայց չի ասում, թե Շամիրյանը ում է խաբել․ «Խարդախություն հանցակազմի համար պարտադիր պայման համարվող տուժողը չկա, երևի Ադրբեջանի Հանրապետությունն է»։ Այն ինչ կատարվել է, ըստ փաստաբանի, «օպերատիվ տեղեկության շաբլոնի» հիման վրա է արվել։ Եփրիկյանը պնդում է՝ փորձ է արվում իր պաշտպանյալի վարքը քաղաքականապես վերահսելի դարձնել։

Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը երկամսյա տնային կալանքի մասին փաստաբանը դեռ չի ստացել։ Ստանալուն պես, ասում է, կծանոթանա, կքննարկի պաշտպանյալի հետ և հետո միայն կորոշի՝ բողոքարկելո՞ւ են, թե՞ ոչ։

«Քանի որ պաշտպանյալս որևէ հանցանք չի կատարել և մեր խորին համոզմամբ, հիմնավոր կասկածի շեմը նույնիսկ հաղթահարված չէ, ապա ամբողջապես իրավահպտակ վարքագիծը կարող էր ապահովել առավել նվազ խափանման միջոցով՝ բացակայելու արգելքով։ Գուցե դատարանը ներկայացրել է այնպիսի պատճառաբանություն, որ ներկա փուլում 2 ամսվա ժամկետով կիրառված խափանման միջոցի որոշումը չբողոքարկենք, գուցե բողոքարկենք։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ իրավավերլուծության է հանգել դատարանը», -նշում է փաստաբանը։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest