Վաղը, փետրվարի 7-ին մեկնարկելիք Ազգային ժողովի նստաշրջանի ընթացքում քննարկվելու է «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերը:

Հայաստանի Սահմանադրության համաձայն, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու կարգը սահմանվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով: Ըստ նույն օրենքի, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի դեպքում խոսքն առայժմ միայն քրեական հետապնդում հարուցելու մասին է, քանի որ միջնորդագրերին կից ներկայացվել է միայն պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծ չի ներկայացվել:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մասնավորապես Սեյրան Օհանյանի վերաբերյալ երեք միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովում, որոնցից մեկը գաղտնի է:

Երեք քրեական վարույթներից գոնե երկուսը վերաբերում են պաշտպանության նախարարի պաշտոնում Օհանյանի գործունեության տարիների (2008-2016թթ.) ընթացքում թույլ տված օրինախախտումներին: Մասնավորապես, ըստ ներկայացված միջնորդությունների, մի քրեական վարույթով Օհանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել կամ վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել: Մյուս միջնորդագիրը վերաբերում է գաղտնի քրեական վարույթի, և դրա բովանդակությունը նույնիսկ «Հայաստան» խմբակցությանը չի ներկայացվել:

Դատախազությունն ասում է՝ Սեյրան Օհանյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ի դեպ, Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթներից մեկով անցնում է նաև ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը:

Եվ Սեյրան Օհանյանը, և նրա ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը Գլխավոր դատախազի կողմից Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի նախագահին միջնորդագրեր ներկայացնելը քաղաքական հետապնդում են համարում:

Միջնորդագրեր ներկայացնելու հենց նույն օրը Օհանյանը հայտարարել էր՝ իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում իր նկատմամբ: Ավելին միջնորդագրերը խորհրդարան ներկայացվեցին Ազատ գյուղում զարամասի կացարանի 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի անմիջապես հաջորդ օրը, ինչը ընդդիմադիր պատգամավորը պատահական չէր համարել.

«Այս իշխանությունները փոխանակ զբաղվեն Արցախով, անվտանգությամբ, հատկապես երբ շատ վատ, ցավալի դեպք էր տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, հրդեհի զոհ են դարձել 15 հոգի, այս ամենից շեղելու համար է: Ես որևիցե մի մտավախություն չունեմ»:

«Բացասաբար եմ վերաբերում դատախազի կողմից միջնորդագիր ներկայացնելուն, քանի որ իմ գնահատմամբ Գլխավոր դատախազությունը պարոն Օհանյանի նկատմամբ ցանկանում է քրեական հետապնդում իրականացնել քաղաքական նկատառումներով, որպես ճնշման միջոց` պարոն Օհանյանի և ԱԺ Հայաստան խմբակցության ընդիմադիր գործունեության կապակցությամբ», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Նրա խոսքով, քրեական հետապնդումն ու դրանով ընձեռված հնարավորությունները, օրինակ խափանման միջոցի կիրառումը, ԱԺ պատգամավոր  պարոն Օհանյանի նկատմամբ որպես ճնշման միջոց շարունակաբար կիրառում են։

«Մասնավորապես, քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած գործով պարոն Օհանյանին արգելվում է իր լիազորություններն իրականացնել՝ պատգամավորական միջպետական ու միջազգային միջոցառումներին մասնակցել, օրինակ պարոն Օհանյանին արգելվել էր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների աշխատանքին մասնակցելն ու Հայաստանի շահերն այդ կառույցում արդյունավետ ներկայացնելը», -նշում է փաստաբանը։

Ինքը՝ Օհանյանը մեզ հետ զրույցում պնդում է իր նախկին դիրքորոշումը՝ քաղաքական հետապնդում է և նկատում՝ իրեն հնարավորություն չի ընձեռվել ծանոթանալ գաղտնի միջնորդագրի բովանդակությանը: Ավելի հարցերի մասին, չի ցանկանում խոսել, ասում է՝ դեպքերի ընթացքը ցույց կտա ինչ մարտավարություն են որդեգրում:

Փոխարենը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եզրակացրել է. «Հերթական դեպքն է, երբ փորձ է արվում մեղքը բարդել բանակի հաղթած գեներալի, պաշտպանության նախկին նախարարի վրա: Սա իրավունքի հետ աղերս չունեցող անգրագիտություն է, իսկ քաղաքական առումով շատ հստակ ուղղորդում է»:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, ներկայացված միջնորդությունը փաստական հիմքեր չունի, և Օհանյանը անմեղ է:

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest