Forrights.am-ի հարզացրույցը Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետի խորհրդական Վլադիմիր Պողոսյանի հետ

-Պարոն Պողոսյան, դուք վերջին իրադարձությունների ժամանակ եղել եք Տեղ համայնքում, ծանոթ եք իրավիճակին, ի՞նչ կարող եք պատմել։

-Իրավիճակը կայուն ծանր է։ Մերոնք իրենց համար խրամատում նստած են, թուրքը եկել, 20-30 մետր հեռվում խրամատներ է փորել, նստել։ Դա գրավել չի, գրավելն այն է, որ ուժ են կիրառում, գալիս են, գրավում են։ Բայց այս անգամ այդպես չի եղել․ եկել են ու խրամատ փորել։ Դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ Երևան-Բաքու պայմանավորվածություն կա։

2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրել ենք հայտարարություն, որով Բերձորն էլ հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո պա՞րզ չէր, որ թուրքը իջնելու է ներքև, մոտենալու են մեր սահմանին։ Բա չպե՞տք է պատրաստ լիներ դրան հայկական կողմը։ Չեն հասկանո՞ւմ, որ հակառակորդը չի բավարարվելու միայն Բերձորում նստելով։

Տեղ գյուղի կողքն են թուրքերը, խրամատները գյուղից քիչ հեռու են, իսկ դրանցից 20-25 մետր էն կողմ թուրքերն են։ Եթե թուրքերը գալիս, մեր կողքը նստում, դիրքավորվում են, խրամատներ են փորու, դա նշանակում է մի բան՝ կա պայմանավորվածություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ժողովրդին էլ հեքիաթներ են պատմում, ինձ էլ ասում են՝ մի խանգարի, մի կրակի թող ինքը ընդեղ խրամատները փորի։

-Հայկական կողմը հատուկ հայտարարեց, որ իրենք նախընտրում են էսկալացիայի չգնալ, չդիմել ուժի։

Լավ, եթե չեն ուզում էսկալացիա լինի, թող Ալիևին ասեն՝ ախպեր, Երևանն ուզո՞ւմ ես, վերցրու, Ջերմո՞ւկն ես ուզում, հալալ՝ քեզ, Զանգեզուրն էլ ես ուզո՞ւմ, վեկալ քեզ։ Կարևորը՝ էսկալացիա չլինի։ Մենք էդ ճանապարհո՞վ պիտի գնանք առաջ։ Դա դավաճանություն է, էսկալացիայից խուսափել չի։

Ի՞նչ է նշանակում․․․եկեք Հայաստանի կեսը տանք։ Հայ ժողովրդին վախացնում են էսկալացիայի վտանգով։ Ռազմական գործում ամենավտանգավոր բանը այն է, երբ հակառակորդը մոտենում է քո սահմանին, քանի որ վտանգ կա՝ կգնա առաջ, իսկ մինչև Երևան 220 կմ է։ Բայց հիմա մեծ հաշվով սահման էլ չկա։

Թուրքը հիմա նստած է այնտեղ, որտեղ նույնիսկ 90-ական թվականներին չի եղել, այդ տարածքը այն ժամանակ թուրքը չի անցել։ Սովետական միության ժամանակ նրանք այդ սահմանը չեն ունեցել։ Նրանք հիմա ահագին առաջ են եկել։

Այդուհանդերձ, պարոն Պողոսյան, Տեղից իրարամերժ տեղեկություններ են գալիս հանրային հեռուստաընկերությամբ ասվում է, որ ամեն ինչ նորմալ է, իսկ առանձին գյուղացիներ նշում են, որ իրենց արոտավայրերում են ադրբեջանցիները դիրքեր տեղակայում։ Դուք ինքներդ, ի՞նչ տեսաք այնտեղ։

-Այո, արոտավայրեր են վերցրել։ Գյուղացիներն ասում են՝ անասուն են էդ տարածքներում պահել, բայց հիմա չեն կարում մոտենան։ Թուրքը հիմա նստած ա այնտեղ, որտեղ երբեք իրա սահմանը չի անցել։ Հիմա ահագին են առաջ եկել։

Ես ձեզ որպես զինվորական ասում եմ, որ թուրքերը շատ մոտ են մերոնց, ամեն ինչ տեսնում են ու որ ուզեն կարան հանգիստ մտնեն իրենց գործը անեն։ Թուրքը սաղ տեսնում է՝ էնտեղ ինչ է կատարվում։ Տեսաք՝ մի քանի օր առաջ էլ ադրբեջանցի զինծառայողներ էին մտել Հայաստան, խորացել, հասել Կապան, մտել գյուղացիների տներ։

Պատերազմից հետո սահմանը փոխվել է, 528 կմ նոր սահման ունենք։ Սահմանը մեծ է, սահմանապահ զորքերի քանակը բավարար չէ, բանակի քանակն էլ բավարար չէ։ Աշխարհում չկա էսպիսի սահման, որ անխոչընդոտ անցնեն այլ երկրի քաղաքացիները։ Բայց մյուս կողմից՝ ինչո՞ւ են անցնում սահմանը, պարզ է, չէ՞ որ անցնում են սահմանը, որ ուսումնասիրեն, գնահատում են իրավիճակը, պարզում են՝ Հայաստանի հատուկ ծառայությունները ուշադի՞ր են, թե ոչ։ Պետք չէր այդպես ցուցադրաբար բռնել նրանց ու այդ մասին տեսանյութ տարածել։ Ամեն ինչ պետք է սուսուփուս արվեր։

Մարդկանց պետք է բացատրվի, որ ժողովուրդ ջան, եթե բռնում եք հակառակորդին, մի նկարեք ու տարածեք սոցցանցերում։ Պետք էր անմիջապես տեղեկացնել իրավապահներին ու հետո միայն տարածել, որ ադրբեջանցիներ են հայտնաբերվել Հայաստանում։ Այդ մարդիկ հենց այնպես չէին եկել Հայաստան, դրանք դիվերսանտներ էին ու նրանց ուղարկել են։ Նրանց անխոչընդոտ մուտքը Հայաստան ցույց տվեց, որ Հայաստանի սահմաններում բարդակ է, նորմալ պետությունում հակառակորդը չի կարող մի քանի օր առանց խնդրի ֆռֆռալ սահմաններին։

-Երեկ խորհրդարանում վարչապետը կառավարության գործունեության ծրագիրն էր ներկայացնում և հայտարարեց, որ ապագայի հանդեպ լավատեսության հիմքեր կան, քանի որ վստահություն կա խաղաղության օրակարգի նկատմամբ։ Դուք զինվորական եք և ինչպե՞ս եք վերաբերում խաղաղության օրակարգին, ունե՞ք նույն վստահությունը։

-Էդ բոլոր պայմանագրերն ու փաստաթղթերը զրո են, խաղաղություն երկրում կարող է ապահովել միայն մեկ բան՝ բանակը։ Այդ ստորագրողները պետք է հասկանան սա։ Քո ու քո երկրի անվտանգության երաշխավորը քո բանակն է և ոչ թե ինչ-որ պայմանագիր խաղաղության մասին։ Այս պահին, երբ բանակը ուշքի չի եկել, դու ուժ չունես ու գնում եք և ինչ-որ թուղթ եք ստորագրում, անիմաստ է։ Ստորագրությունը անվտանգություն չի ապահովում։

Նոյեմբերի 9-ին ստորագրվեց չէ՞, բայց տեսնում եք չէ՞ դրանից հետո նույնիսկ ինչքան տարածք կորցրինք, զոհ տվեցինք։ Այդ ստորագրությունը անվտանգություն ապահովո՞ւմ է։ Իհարկե, ոչ։ Ալիևն ասում է՝ ուժեղ եմ ու գնում է առաջ։ Պետությունդ պետք է ամրապնդես, բանակդ պետք է ուժեղացնես, ժողովրդիդ հզորացնես և ոչ թե անընդհատ վախեցնես էսկալացիայի վտանգով։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest