Քրեական մեկ այլ վարույթով այս պահին կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ քրեական գործով որևէ տեղաշարժ չկա, տուժողը կա, բայց մեղադրյալների մասին չի հաղորդվում, թեպետ Առաքելյանը ավելի վաղ անուններ հնչեցրել էր։

Forrights.am-ը ավելի վաղ անդրադարձել էր Առաքելյանի հետ կատարվածին։ Նա հաղորդել էր, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում դաժան ծեծի է ենթարկել։ Իսկ ծեծի ենթարկողը Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն է եղել և Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանը՝ հենց Գևորգյանի աշխատասենյակում։

Ներկայացնենք մեկ դրվագ Առաքելյանի պատմությունից․ «Ձեռքերս կապած ինձ մտցնում են ՔԿ Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանի աշխատասենյակ։ Ինձ դիմավորում է Արգիշտի Քյարամյանը՝ կանգնած, ձեռքերը գրպանը դրած։  Ինձ համար բարդ է նկարագրել առաջին հարվածը, չոքացնելը, էլեկտաշոկով խոշտանգելը, խոշտանգել են ոտքերով։ Քյարամյանը ոտքերը մաքրել է իմ վրա։

Ենթարկվել եմ ծեծի, ենթարկվել եմ հայհոյանքների, սպառնալիքներ ընտանիքիս համար։ Ինձ ասել են, որ կնոջդ և երեխայիդ դու այլևս չես տեսնելու, մեքենա է, կգցի տակը, ձեր տունը կամ պաժառ կընկնի գիշերը, ինչ-որ մի բան կպատահի ձեր տնեցիներին, որովհետև ձեզ ընտանիքով ենք վերացնելու։ Ասողը ոչ ավել, ոչ պակաս եղել է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը։ Արգիշտի Քյարամյանն ինձ հետ այդ օրը հանդիպել է երկու անգամ, երկու հանդիպումների ընթացքում էլ ես խոշտանգվել եմ։ Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, ջուրը լցրել են վրաս և էլեկտրաշոկով տարբեր մարմնի հատվածներում սկսել են վառել։ Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը էլեկտրաշոկով տարբեր մարմնիս հատվածներին ջուրը լցնում էր և էլեկտրաշոկը միացնում էր մարմնիս։ Արդյո՞ք Քննչական կոմիտեի ղեկավարը ինձ խոշտանգել է, դա ո՞նց է ապացուցվելու։ Ես կարող եմ նկարագրել Ազատ Գևորգյանի կաբինետի ողջ գույքը, հանգստի սենյակը, որտեղ ինձ Արգիշտի Քյարամյանն ու Ազատ Գևորգյանը ձեռքերով բռնել էին և լուսամուտից ուզում էին ինձ գցել»։

Տիգրան Առաքելյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում խոշտանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթի շրջանակներում Տիգրան Առաքելյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, առայժմ եզրակացության արդյունքները հայտնի չեն։ Նրան հարցաքննել են, սակայն առերեսում դեռ չի եղել։

Քննչական մարմիններում, քննիչների, նույնիսկ՝ բարձր պաշտոնյաների կողմից քաղաքացիներին ծեծի ենթարկելու, խոշտանգելու դեպքերը, որի մասին ահազանգեր է ստանում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, կարծես սովորական երևույթ են դարձել։ Դրանց մասին բարձրաձայնվում է, սակայն այդ հաղորդումները որևէ ընթացք չեն ստանում։

Forrights.am-ին հայտնի է դարձել, որ Առաքելյանի խոշտանգման գործին միացվել է ևս երկու անձի խոշտանգման մասին հաղորդումները, որոնցով ևս գլխավոր հերոսները Քննչական կոմիտեի Եևան քաղաքի քննչական վարչության պաշտոնյաներն են։

Առաքելյանից բացի, քննչականի մյուս զոհը կալանավոր Ա․ Մկրտումյանն է, որի հաղորդման համաձայն, Երևան քաղաքի քննչական վարչությունում վարչության պետի ու մի քանի քննիչների կողմից ենթարկվել է խոշտանգման։ «Խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով ԵՔՔՎ պետը մի քանի անգամ հարվածել է գլխի շրջանին, իմ հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, էլեկտրահարող սարքի միջոցով հարվածել է մեջքի հատվածին՝ պահանջելով 15 րոպեի ընթացքում խոստովանական ցուցմունք գրել, իսկ աշխատասենյակում գտնվող քննիչներից մեկը հարվածել է գլխի հատվածին», -նշել է կալանավորը իր հաղորդման մեջ։

Մյուս կալանավորը Է․ Ալեքսանյանն է, որը նույնպես հաղորդման մեջ ներկայացրել է Քննչական կոմիտեի ղեկավար պաշտոնյաների կողմից խոշտանգման դրվագներ՝ իրենից տեղեկություններ ստանալու համար։ Ալեքսանյանին մարմնի տարբեր հատվածներում հարվածներ են հասցրել, էլեկտրահարող սարքով հարվածել, առաջարկել աշխատասեյակի պատուհանից ցած նետվել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, կանգնել ձեռքերին ու ոտքերին, ծխախոտի մոխիրը լցրել դեմքին, սպառնացել ծխախոտով այրել մարմնի մասերը։ Եվ այս ամենը, ըստ քաղաքացու հաղորդման տեղի է ունեցել Քննչական կոմիտեի քննիչների մասնակցությամբ, քննիչների աշխատասենյակում։

Նկատենք՝ քննչականի պատուհանից կասկածյալների ցած նետվելու ու դրանով սպառնալու մասին ահազանգեր «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը/Forrights.am բազմիցս է ստացել։ Օրերս էլ տեղեկացրել էինք Սպիտակի բնակիչ Բորիս Մկրտչյանի հետ տեղի ունեցածի մասին։

Առաքելյանի, Ալեքսանյանի և Մկրտումյանի նույնանման հաղորդումների հիման վրա ԱԱԾ քննչական վարչությունում քրեական վարույթ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 450 հոդվածի հատկանիշներով՝ «պաշտոնական անձի կողմից խոշտանգումը»։ Այս երեք վարույթները կքննվեն մեկ միասնական վարույթում։

Forrights.am-ը հարցմամբ դիմել է ԱԱԾ այս վարույթի քննության վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար։ Հետաքրքրվել ենք նաև՝ արդյոք կան մեղադրյալներ։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest