38-ամյա Լիաննա Պետրոսյանը արցախցիների համար մի տեսակ փրկության օղակ է․ սոցիալական ցանցերի արցախյան խմբերում բոլորը նրանից են փորձում հասկանալ՝ ի՞նչ է ասում Հայաստանի կառավարությունը իրենց հասնող աջակցության մասին։

«Փորձում եմ մեր Արցախի բարբառով բացատրել նրանց իրենց վերաբերող որոշումները, որ տեղեկացված լինեն։ Երբ դու բարբառը կրող մարդուց ես ստանում ինֆորմացիան, մի քիչ ավելի այլ կերպ ես ընկալում, քան զուտ պաշտոնական տեղեկությունը։ Մարդիկ ուզում են հնարավորինս պարզ ինֆորմացիա ստանալ, օրինակ՝ ծրագրի շահառո՞ւ են, թե ոչ», — Forrights.am-ի հետ զրույցում ասում է Լիաննան։

Լիաննան Հադրութից է, նույնպես տեղահանված, սակայն Հայաստան պարտադրված եկել է 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին, երբ հարազատ Հադրութը գրավվեց ադրբեջանցիների կողմից․ «Պատերազմի օրերին ստիպված էինք տեղափոխվել Հայաստան ու այդպես մնացինք Երևանում․․․»։

Հադրութում Լիաննան լրագրող էր, «Դիզակ» թերթի խմբագիրը, և Երևանում՝ քաղաքացիական ակտիվիստ, որի հիմնական խնդիրը հայրենակից արցախցիների հոգսը թեթևացնելն է․ ընկերներով հիմնել են «Դիզակ-արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը ու սկսել զբաղվել տեղահանված հադրութցիների համախմբման, ոչ մշակութային ժառանգության հանրահռչակման, ինչպես նաև տեղահանված երեխաների մշակութային կրթության հարցերով։ Երբ Ադրբեջանը շրջափակման մեջ էր պահում Արցախը, Լիաննան իր ընկերների հետ միասին բողոքի ակցիաներ էրկազմակերպում Երևանում միջազգային կազմակերպությունների գրասենյակների, տարբեր երկրների դեսպանատների դիմաց, բարձրաձայնում 100 հազարից ավելի հայերի կարիքների ու խնդիրների մասին։

«Որպես մարդ ես չէի կարող նստել տանը ու սպասել, որ ինչ-որ մեկը խնդրին լուծում կտա։ Մեր ցույցերի, իրազեկման ակցիաների նպատակը մեկն էր՝ միջազգային հանրությանը ներկայացնել այն վիճակը, որ տիրում էր Արցախում։ Փաստացի 30 հազար երեխա մատնված էր սովի։ Իհարկե, այն քայլերը, որ մենք արեցինք, կոնկրետ արդյունք չստացանք ու ցավում եմ, որ կյանքի ճանապարհը բացվեց ռազմական ագրեսիայի հետևանքով», -պատմում է նա։

Այժմ Լիաննան դարձյալ օգնում է հայրենակիցներին՝նրանց հասանելի դարձնելով իրենց վերաբերող տեղեկատվությունը, իրազեկելով իրենց սոցիալական իրավունքների մասին․

«Ամեն ինչ սկսվեց 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողության ժամանակ, երբ մարդիկ սոցիալական ցանցերով տարածում էին իրենց հարազատների լուսանկարները ու փորձում գտնել նրանց, իսկ ադրբեջանական ալիքներն էլ իրենց հերթին էին այդ լուսանկարները տարածում ու գլխագին սահմանում այդ մարդկանց գտնելու դիմաց։ Ինձ մոտ միտք առաջացավ ստեղծել փակ խումբ և հենց այդտեղ էլ շփվել ու փոխանակվել ինֆորմացիայով, որ որևէ ադրբեջանցի հասանելիություն չունենա այդ ինֆորմացիային։ Արդյունքում մենք ունեցանք բազմաթիվ դեպքեր, երբ հարազատները գտնում էին իրենց փնտրած մարդկանց։ Վիճակը բարդացավ բենզինի պահեստի պայթյունի ժամանակ, ու ես մի տեսակ դարձա կապող օղակ տուժածների ու նրանց հարազատների միջև՝ մի մասը գաղթի ճանապարհին էր, մի մասը դեռ Ստեփանակերտում էին»։

Այժմ Լիաննայի առաջնային անելիքը արցախցներին հասանելիք սոցիալական աջակցության, սոցիալական իրավունքների ու նրանց վերաբերող տարբեր ինֆորմացիան հասանելի լեզվով հայրենակիցներին մատուցելն է, որ նրանք ապատեղեկատվության զոհ չդառնան։ Դրա համար նա հետևում է կառավարության գործունեությանը, վերծանում արցախցներին վերաբերող որոշումներն ու օրենքները ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով ներկայացնում հայրենակիցներին։

Ինչպե՞ս ստանալ սոցիալական աջակցություն՝ 40+10 հազար դրամները, ինչպե՞ս դիմել ՀՀ քաղաքացիություն կամ փախստականի կարգավիճակ ստանալու համար, ի՞նչ աջակցություն են ստանում արցախցիները, ո՞ր ընտանիքներին է հասնում սոցիալական նպաստ, կա՞ մայրության նպաստ, թե ոչ, ի՞նչ բուժօգնություն է հնարավոր ստանալ պետպատվերի շրջանակում․ այս ու նույնաբովանդակ այլ հարցեր են մշտապես ուղղվում Լիաննային։

Հաճախ, նրա խոսքով, մարդիկ չգիտեն փախստականի կարգավիճակ ստանալու անհրաժեշտության կամ հնարավորության մասին և քանի որ այդ կարգավիճակը չունի, թոշակ չի ստանում։ Մինչդեռ, ըստ Լիաննայի, փախստականի կարգավիճակ ունենալը որևէ բացասական ազդեցություն չի կարող թողնել։

«Ես տեսել եմ՝ ինչպես են մարդիկ խառնաշփոթի մեջ ընկնում տարածվող ապատեղեկատվության ազդեցությամբ, այդ պատճառով փորձեցի իմ էջով հաստատված տեղեկություն տարածել։ Իմ խնդիրը պաշտոնական տեղեկությունը հնարավորինս մատչելի լեզվով ներկայացնելն է։ Իհարկե, բազմաթիվ հարթակներ կան, որտեղ հնաարվոր է գտնել այդ տեղեկությունը, բայց դա հասու չէ արցախցիներին։ Դա իմ անձնական նախաձեռնությունն էր և տեսնելով, որ մարդիկ դրա կարիքն ունեն, փորձեցի իմ ներդրումն ունենալ մարդկանց աջակցելու գործում․միշտ չէ, որ նյութական աջակցությունն է առաջնային։ Վերջին ամիսներին ես տեսա, որ մարդու համար ամենամեծ խնդիրը տեղեկացված չլինելն է», -ասում է Լինաննան։

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest