Նախորդ տարվա վերջին 32 հայ ռազմագերիների ազատ արձակմամբ, սակայն հարցը չի լուծվել, և ադրբեջանական բանտերում շարունակում են հայ գերիներ պահվել։ Պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ նրանք 23-ն են, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են՝ քաղաքացիներ, զինծառայողներ, իսկ 8-ը՝ արցախցի պաշտոնյաներ:

Միաժամանակ իրավապաշտպանները ահազանգում են՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ կան փաստական տվյալներ, որոնց մասին Ադրբեջանը լռում է։

«Գերիների խնդրից զատ մենք ունենք բռնի անհետացածների ու անհետ կորածների խնդիր, որը համարվում է չլուծված։ Հարյուրավոր հայերի ճակատագրերի առնչությամբ դեռևս պատշաճ քննություն չի իրականացվել և ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը իրացված չէ։ Դա տառապանք է պատճառում այդ անձանց ու հավելյալ անորոշություն ստեղծում», —Forrights.am-ին ասում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանը, որը բազմաթիվ հայ գերիների հարցերով Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ է ներկայացրել։

Հայրենադարձման ժամանակագրությունը

2020-ի 44-օրյա պատերազմից հետո վերջին խոշոր հայրենադարձումը տեղի է ունեցել 2023-ի դեկտեմբերի 13-ին։ Մինչ այդ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։

Փոխանակումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին, այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2024-ի նոյեմբերին նախանշված ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության համաժողովն իր երկրում ընդունելու փաստացի իրավունք ստացավ։ Գերիների վերադարձնելու դիմաց Ադրբեջանը ՀՀ իշխանություններից պահանջել էր հրաժարվել համաժողովը Հայաստանում կազմակերպելու հայտից։ Հայկական կողմը բավարարել էր նաև Ադրբեջանի այդ քաղաքական պահանջը։

Երբ Հայաստանում անորոշություն էր՝ ո՞ր ռազմագերներն են հայրենադարձվելու, ադրբեջանական լրատվամիջոցները հստակեցնում էին՝ Հայաստանին վերադարձվող անձինք 2020-ի դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ «իրականացված հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ ձերբակալվածներն են», մնացած 6-ը ձերբակալվել են սահմանին տարբեր ժամանակահատվածներում, և արդեն իսկ իրենց պատժի մեծ մասը կրել են։ Հիշեցնենք՝ խոսքը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը պաշտպանող պահեստազորայինների մասին է, որոնք հիմնականում շիրակցիներ էին․ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից մոտ մեկ ամիս անց հաղորդվել էր, որ ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ են առել Հադրութի շրջանում հայկական մնացած վերջին երկու՝ Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը՝ գերեվարելով 64 պահեստազորայինների։ Նրանց մի մասին Բաքուն վերադարձրել էր տարբեր ժամանակահատվածներում, իսկ 26-ը դեռ պահվում են ադրբեջանական բանտերում՝ տարբեր մեղադրանքներով դատապարտվելով մինչև վեց տարվա ազատազրկման։

Դեկտեմբերին հայրենադարձված ռազմագերիների թվում էր նաև պահեստազորային Գագիկ Ոսկանյանը, որը Ջերմուկի դիրքերում ընդամենը վարժական հավաքների էր մասնակցում։ Հայաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ պահեստազորային չի կողմնորոշվել տեղանքում և մոլորվել է, սակայն ավելի ուշ Ադրբեջանը նույն պահեստազորայինին ներկայացրել է որպես «ադրբեջանական տարածք ներթափանցելու փորձ կատարած հայկական դիվերսիոն հետախուզական խմբի անդամ» ու մի քանի ամիս տևած դատավարությամբ դատապարտել էր 18 տարվա ազատազրկման։ Ադրբեջանը երևանցի զինծառայողին մեղադրում էր ապօրինի սահմանահատման ու ահաբեկչություն իրականացնելու համար, թեպետ Գագիկ Ոսկանյանը որևէ մեղադրանք չի ընդունել։

«Ես գյուղացի եմ, ոչ թե ահաբեկիչ»Հայերը՝ ադրբեջանական դատարանի առաջ

Մինչև վերջ մեղադրանքը չի ընդունել նաև արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հենց Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետում, դստեր ներկայությամբ, երբ նա տեղափոխվում էր Հայաստան առողջական խնդիրները լուծելու համար։ Ադրբեջանական իրավապահ համակարգը Վագիֆ Խաչատրյանին մեղադրել է «ցեղասպանության» հոդվածով, մասնավորապես մեղադրանքում նշվել է, որ «1991-ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման ժամանակ սպանել են ազգությամբ 25 ադրբեջանցու, 14 հոգու պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 358 ադրբեջանցու արտաքսել օրինական բնակության վայրերից»։ Այնուհետև նշվել էր՝ «Որոշում է կայացվել Վագիֆ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության տեղահանում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով»։

Ամիսների դատավարությունից հետո կայացված դատավճռով Վագիֆ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Վճիռը արցախցին բողոքարկել է մինչև Վերաքննիչ դատարան, սակայն այս պատժաչափը մնացել է անփոփոխ։ Այդուհանդերձ, մինչև վերջ Վագիֆ Խաչատրյանը պնդել է, որ մեղավոր չի և որ ինքը չի եղել նշված իրադարձությունների ժամանակ․ «Ես անմեղ մարդ եմ, ես էնտեղ չեմ մասնակցել, ես չեմ եղել էնտեղ: Ես ահաբեկիչ չեմ, ես գյուղացի եմ։ Ինձ ձերբակալեցին, ոչ թե որպես ահաբեկիչ, ես Բադարա գյուղից էի, ինձ բռնեցին որպես բադարեցի, Բադարայի բնակիչ»։

Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերոնիկա Խաչատրյանը պնդում է՝ իր հայրը մեղավոր չէ, առաջադրված մեղադրանքը նրա հետ աղերս չունի, ու ընդհանրապես, հայրը չի մասնակցել Մեշալի գյուղի իրադարձություններին։ «Իմ հայրը մեղավոր չէ, որքան պետք է այդ մասին կարող ենք բարձրաձայնել, մեղավոր չէ։ Միանշանակ՝ ինքը ամեղ մարդ է», —Forrights.am-ին ասում է Վերոնիկա Խաչատրյանը։ Նրա խոսքով, ամիսը մեկ անգամ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները գրություն են բերում իրենց, որտեղ հայրը ժուժկալ է․ «Գրում է, որ ամեն ինչ լավ է, դեղեր է ընդունում»։

Սիրանուշ Սահակյանն ասում է՝ ձևական է, որ Վագիֆ Խաչատրյանի դատական գործը հասել է մինչև Վերաքննիչ դատարան, քանի որ այդպիսով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ներպետական դատական ատյանները կիրառում են միջազգային պահանջվող մեխանիզմները անձի իրավունքների պաշտպանության հարցում։

«Միջազգային կառույցներում մենք բազմիցս բարձրացնում ենք, որ այդ երկրում իրավաբանական օգնության հարցում լուրջ խնդիրներ կան։ Այդ պատճառով էլ նման քայլերով փորձում են ցույց տալ, որ պաշտպանությունը նպատակային է եղել, միտված է եղել անձի իրավունքների պաշտպանությանը և որպես օրինակ ներկայացնեն դատական ակտերի բողոքարկումը հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանի կողմից։ Մենք այս գործընթացները որակում ենք իմիտացիոն։ Ի սկզբանե դատական գործերի ելքերը կանխորոշված են ու կանխորոշված են նախագահի աշխատակազմում», -ընդգծում է Սահակյանը։

Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից օրեր անց, օգոստոսի 1-ին ադրբեջանցիների կողմից ձերբակալվել էր տեղանքում մոլորվելու հետևանքով Աղավնո գյուղում հայտնված 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանին։

Տարեց արցախցուն ադրբեջանական կողմը մեղադրել է այսպես կոչված «Խոջալուի ջարդերին» մասնակցելու համար, և այս մասին հարցաքննության ժամանակ իբրև թե խոստովանել է հենց ինքը՝ Բեգլարյանը։ Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ Ռաշիդ Բեգլարյանը տեղում ցուցմունք տալու ժամանակ մանրամասն ցույց է տվել այն վայրերը, որտեղ իբրև թե հանցավոր գործողություններ են եղել քաղաքացիական բնակչության նկատմամբ։

Բեգլարյանը 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանվել էր Շուշիից, իսկ մինչև ձերբակալումը գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:

Արցախի Գետավան գյուղի բնակիչ 71-ամյա Մադաթ Բաբայանը Բաքվում հայտնվել է 2023-ի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, երբ արդբեջանական զինված ուժերը գրոհով հարձակում էին գործել Արցախի նկատմամբ։ Ադրբեջանցիների հարձակման օրը գյուղում առաջացած խուճապից հետո միայնակ, առանց հեռախոսակապի մնացած Բաբայանը համարվել է անհետ կորած մինչև Բաքվից զանգ ստանալը․ զանգել է, ընտանիքին տեղեկացրել, որ Բաքվում է, գերության մեջ։ Զանգն ընտանիքը ստացել է հոկտեմբերի 9-ին։ Բաբայանին ևս ադրբեջանցի իրավապահները ներկայացնում են ահաբեկիչ ու մեղադրում են «Խոջալուի դեպքերին մասնակցելու, վայրագություններ կատարելու» համար։

Քաղաքական զիջում՝ պաշտոատար անձանց ու մյուս գերիների ազատ արձակման դիմաց

Շարքային արցախցիներից բացի, ադրբեջանական գերության մեջ են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է տարբեր հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչության ֆինանսավորման» համար, Դավիթ Մանուկյանին՝ Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու համար, իսկ 2015-18 թվականներին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին՝ «անօրինական խմբավորմանն անդամակցելու և 2002-ին Ալխանլի գյուղում մի խումբ ադրբեջանցիների գերեվարելու ու խոշտանգելու» համար։

Հատկապես ծանր մեղադրանքներ են առաջադրվել Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի նկատմամբ՝ ահաբեկչության մեղադրանք Ադրբեջանի քրեական օրենգրքի 7 հոդվածներով: Մասնավորապես, նրանց  վերագրվում է «ներգրավվում ապօրինի զինված կազմավորումների ձևավորման և գործունեության մեջ», «այդ խմբերի զինում, ռազմական սարքավորումների մատակարարում, ներառյալ՝ պայթուցիկ նյութերով, ռազմական տեխնիկայով, զինամթերքով», «ահաբեկչության ֆինանսավորում» և ահաբեկչական գործողությունների հետ կապված այլ մեղադրանքներ:

Սիրանուշ Սահակյանն ասում է՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների իրավունքների պաշտպանության հարցով իրավական գործընթացը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրականացվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4-րդ գանգատի շրջանակներում։

«Տարիներ կպահանջվեն, մինչև իրավական գործընթացները հանգեցնեն պարտադիր նշանակության որոշումների կայացմանը։ Դրանք լուրջ հակակշիռ են և զուգակցվում են քաղաքական գործընթացներով»,- նշում է Սահակյանը։

Ադրբեջանի գործելաոճը իրավաբանը լավ գիտի՝ բեմականացված դատավարությունները կշարունակվեն հատկապես որ առջևում Ադրբեջանի նախագահի ընտրություններ են։ «Առանց այդ դատավարությունների ու դրանց քաղաքական օգուտների Ադրբեջանը առայժմ ազատ չի արձակի պաշտոնյաներին», -կանխատեսում է Սահակյանը։

Ի դեպ, այսօր՝ հունվարի 26-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Արցախի նախկին նախագահները դատավարությունը տեղի է ունենալու Ադրբեջանում։ «Անջատողականների նկատմամբ դատավճիռը կկայացվի ադրբեջանական դատարաններում», —ասել է Քեմրան Ալիևը։

Մինչ դատավարությունը ադրբեջանական տեղեկատվական հոսքերը պարբերաբար հրապարակում են արցախցի պաշտոնյաների լուսանկարներ բանտախցից, իսկ սոցցանցերում տարածող ադրբեջանցի օգտատերերը հեգնում ու ծաղրում են նրանց։

Իրավաբանի խոսքով, պաշտոնյաների հայրենադարձություն կարող է լինել, եթե քաղաքական զիջումներ տեղի ունենան․ «Քաղաքական ճանապարհով իհարկե, հայրենադարձում հնարավոր է, գերիների կամ այնտեղ պահվող այլ անձանց վերադարձի հարցը ուղիղ կախվածության մեջ է քաղաքական պահանջների բավարարումից։ Քանի դեռ հայկական կողմը որոշակի պահանջներ չի բավարարել, այս մարդասիրական խնդիրները ինքնուրույնաբար լուծում չեն ստանա»։ Որպեսզի քաղաքական զիջումներին գործը չհասնի, Սահակյանն ասում է, պետք է գերտերությունները բոլոր լծակներով ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա։ Այդ պարագայում միայն այդ երկիրը կարող է ազատ արձակել հայ գերիներին։ Այս պահին, սակայն, այդ լծակները գործի չեն դրվում։ Նկատենք՝ Ադրբեջանի նախագահը հենց Ստեփանակերտում հոկտեմբերին խոստացել էր՝ «այսպես կոչված, ղարաբաղյան անջատականների առաջնորդներն արժանի պատիժ են կրելու»։

«Քաղաքական զիջումը գերիների դիմաց հանցագործություն է, միջազգային իրավունքի խախտում»

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձումը գործող իշխանությունների համար առաջնահերթություն չէ։ «Իրենք համարում են, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշեց այդ մարդկանց հանձնել Ադրբեջանին, ուրեմն իրենք այդ հարցում որևէ պատասխանատվություն և հետաքրքրություն չունեն», —Forrights.am-ին ասում է Անդրիաս Ղուկասյանը՝ ընդգծելով, որ գերության մեջ գտնվող անձանց մեծ մասը Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներն են, հետևաբար ինքը որևէ շահագրգռություն չունի նրանց հայրենադրաձնելու հարցում։

Ստեղծված քաղաքական իրավիճակում Ադրբեջանում գտնվող հայ գերիների հայրենադարձման հարցում մեծ է ԵՄ-ի և ԱՄՆ-ի դերը․ «Միակ ճանապարհը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ճնշումն է Ադրբեջանի վրա։ Այդ հարցում ՌԴ-ն Ադրբեջանի վրա ճնշում չի գործադրում։ Ավելին, կարելի է ասել, որ նրա թողտվությամբ այդ մարդիկ հայտնվեցին Ադրբեջանի բանտերում»։

Քաղաքագետը բացառում է, որ քաղաքական զիջման դիմաց գերիների հայրենադարձման հնարավորությունը։ «Հայաստանի սահմանադրական կարգավորումների տեսանկյունից քաղաքական զիջումների դիմաց գերիների հայրենադարձումը անհնար է։ Հայաստանի տարածքային փոփոխությունը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Նույնիսկ տեսականորեն չի կարող Հայաստանի տարածքների դիմաց գերիների վերադարձի հարց դրվել։ Միջազգային հանրությունը նույնպես նման շանտաժի վերաբերյալ ունի բացասական դիրքորոշում։ Նման պայմանավորվածությունները միջազգային հարաբերությունները բացառում են», -ընդգծում է Ղուկասյանը։ Քաղաքագետի պնդմամբ, Ադրբեջանը ի դեմս հայ գերիների, պատանդ է պահում, իսկ եթե դրա դիմաց քաղաքական պահանջ է դնում Հայաստանի առջև, հանցագործություն է, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Այդ պարագայում, ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում կարող է բարձրացնել այդ հարցը։

Ղուկասյանն ասում է՝ հարմար պահ է ստեղծվել Ադրբեջանի համար և այդ երկիրը հայ հատկապես պաշտոնատար անձանց որպես պատանդ պահելով նրանցից կորզում է ցուցմունքներ, մասնավորապես՝ Արկադի Ղուկասյանից կորզում է ցուցմունքներ ընդդեմ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանից՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի, Ռուբեն Վարդանյանից՝ ընդդեմ միջազգային կառույցների ու գործիչների, Լևոն Մնացականյանից կորզում է ցուցմունքներ ռազմական նախկին ղեկավարների դեմ, իսկ Արայիկ Հարությունյանից էլ ցուցմունքներ են փորձելու ստանալ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Գյանջայում այսպես կոչված քաղաքացիական բնակչության դեմ հարված հասցնելու համար։

«Այդ անձանցից կորզում են ցուցմունքներ հիմնավորելու՝ Հայաստանը իբրև թե օկուպացրել է Ադրբեջանի տարածքը, իբրև թե Արցախը Երևանի կողմից ստեղծված արհեստական կառույց է եղել, իսկ այդ ամբողջ ժամանակահատվածում Հայաստանը եղել է միջազգային իրավունքի կոպիտ խախտող», -ներկայացնում է Ղուկասյանը։

 

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest