«Շատ մեծ վիշտ ա, սենց ցավ չեմ տեսել ես»,- 86-ամյա Անգին բաբոն է արցունքները սրբելով նկարագրում իր պահած թոռան՝ Յուրի Օհանջանյանի կորստի ցավը։ Սիրելի Յուկային հենց ինքն է վերջին անգամ կերակրել Ստեփանակերտի իրենց տանը ու ճանապարհել զորամաս։ Սեպտեմբերի 19-ն էր, երբ ադրբեջանցիները սկսեցին Արցախի վրա զինված հարձակումը: Հենց նույն օրը 19-ամյա Յուրի Օհանջանյանը զոհվել է Ասկերանի դիրքերի պաշտպանության ժամանակ։

Օհանջանյանների ընտանիքը երկրորդ բռնի տեղահանումն է ապրում․ առաջին անգամ 2020-ին Հադրութից էին ստիպված տեղահանվել, իսկ երկրորդ անգամ Ստեփանակերտի իրենց փոքրիկ բնակարանից ծանր փորձությունների միջով անցնելով այժմ հաստատվել են Աբովյան քաղաքում՝ անորոշություններով ու առանց ծրագրերի։

«Ես մանկավարժ եմ, 24 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ ունեմ, բայց այսօր դասարան մտնելու ուժ մեջս չեմ գտնում։ Ի՞նչ ասեմ, դասարան մտնեմ՝ ի՞նչ ասեմ։ Ասելիք չունեմ», -դողացող ձայնով հարցեր է տալիս Յուրիի մայրը՝ 44-ամյա Քնքուշ Սահակյանը։

Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակման մասին դպրոցում դասերի ընթացքում է իմացել։ Երբ արդեն կրակոցների ձայնը մոտեցել ու դրանք հաճախակի են դարձել, փորձել են թաքնվել ապաստարաններում։ Արդեն Ստեփանակերտում լսվող առաջին մոտակա կրակահերթը խուճապ է առաջացնում դպրոցում․ «Չեմ կարող նկարագրել՝ էդ պահին ինչ էր կատարվում դպրոցում, աշակերտների հետ։ Վազեցինք ուսուցչանոց, վերցրի իրերս, շենքից դուրս եկանք, տեսնեիք՝ ինչպես են գոռում, բղավում երեխաները։ Կողքի շենքում էր նկուղը, մինչև այնտեղ պետք է վազեինք։ Մի կերպ հասանք, մտածում էի՝ հեսա մի արկ կխփի մեզ, բայց հասանք։ Խառն էին մտքերս՝ և աշակերտների հետ, եև երեխաներիս։ Անասելի վիճակ էր այդ պահին․ ծնողները եկել էին իրենց երեխաների հետևից, գոռում, ճչում էին, լացում էին։ Ես էլ հետները։ Աղոթում էի, բայց սիրտս վկայում էր, որ էս կարկուտի տակ երեխա չի մնա»։

Յուրին ամբողջ ընթացքում մոր մտքում է եղել՝ անպատասխան հարցերով՝ ի՞նչ արեց, կխանգարե՞մ՝ զանգեմ, ո՞ւր է հիմա։

«Մյուս տղայիս՝ Վահեին ասել էր՝ բարձրանում են դիրքեր։ Հետո ես զանգում էի՝ չէր վերցնում, մտածեցի՝ լավ, երևի դիրքերում են», -ասում է Քնքուշը։

Իրենց բնակարան նա հասել է մի շենքի նկուղից, մյուս շենքի նկուղ մտնել-դուրս գալով՝ ոտաբոբիկ վազելով։ Երեխաներին ու տատիկին գտել է հարևան շենքի նկուղում։ «Անհանգիստ էինք, չէինք մնում նկուղում, անընդհատ ելումուտ էինք անում, որ մի բան իմանանք, որևէ լուր չունեինք։ Կրակոցները շատ էին, չէր դադարում։ Նկուղում դժոխային գիշեր էր, բայց լուսացրինք։ Ոչ մի լուր Յուրիից», -ասում է Քնքուշ Սահակյանը։

Հաջորդ օրն իմացել են հանձնվելու ու զենքերը վայր դնելու մասին, հույսը պահպանվում էր՝ Յուրին կգա։ «Հաղորդագրություն գրեցի համարին, ասեցի՝ միգուցե երեխես չի կարողանում խոսի, գոնե կգրի։ Բայց էդ էլ չեղավ», -կյանքի ամենածանր օրն է հիշում Քնքուշը։ Ավելի ուշ իմացել են Յուրիի զոհվելու մասին․

«Վիրավորների ցուցակն էինք նայում, անունը չգտանք։ Մի տղա մոտեցավ մեզ, ամուսնուս հարցրեց՝ Յուրիի պապա՞ն ես, ասեց՝ հա, ու էդ տղան սկսեց լացել, թե՝ Յուրին էլ չկա»։

Երկարամյա մանկավարժն հորդորում է չնսեմացնել երիտասարդ զինծառայողների պայքարը․ «Պայքարել են, կռվել են, թող հանկարծ որևէ մեկը չնսեմացնի մեր տղաների պայքարը։ Նրանք արցախյան վերջին պատերազմի վերջին զոհերն են։ Մարտնչել են մինչև վերջին արկը»։

Որդու զոհվելու մասին լուրն իմանալուց հետո միայն Օհանջանյանները որոշում են սեպտեմբերի 25-ին հեռանալ Ստեփանակերտից։ «Ծանր որոշում էր։ Դժոխային ճանապարհ էր։ Գիշերը ստիպված էինք մնալ Լիսագորի ձորերում։ Մի քիչ որ բարձրացանք, ամուսինս ասեց՝ հետ նայեք, երեխեք, էլ էսպիսի սարեր, ձորեր չեք տեսնելու», -ասում է տիկին Քնքուշը։

Յուրիին հուղարկավորել են Եռաբլուր պանթեոնում, հոկտեմբերի 1-ին։ Այժմ Եռաբլուրը Օհանջանյանների ամենահաճախ այցելվող վայրն է։ Տիկին Քնքուշն ասում է՝ իր մեջ դեռ ուժ չի գտնում սիրած աշխատանքով զբաղվելու համար։ Դուստրը՝ 22-ամյա Լուսինեն, Ստեփանակերտում գրադարանավար է աշխատել, այնուհետև՝ սովորել թվային մարքեթինգ, այժմ Հայաստանում աշխատանք է փնտրում։ Հադրութում նրանք մեղվաբուծությամբ են զբաղվել, 2020-ի պատերազմից ու բռնի տեղահանումից հետո գործը շարունակել Ստեփանակերտի մերձակա տարածքներում։ Յուրին ընտանիքի կրտսեր մեղվապահն է եղել։ Այժմ ընտանիքը նրա հիշատակը վառ պահելու համար նաև մեծ ցանկություն ունի Հադրութի մեղվաբուծության ավանդույթները շարունակել Հայաստանում, սակայն դրա համար ներդրումներ են հարկավոր, ինչն այժմ իրենք չունեն։

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest