Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը լրացրել է դեռևս հունիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված դիմումը՝ ներկայացնելով նաև հունիսի 26-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում Հարությունյանի նկատմամբ սանկցիա կիրառելու ու նրան նիստից հեռացնելու դրվագը: Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանը պնդում է՝ իր վստահորդի իրավունքները ԲԴԽ-ում կոպտորեն խախտվել են:

Մինչ այդ հունիսի 21-ին ՄԻԵԴ ուղարկված դիմումով դատավորի փաստաբանները խնդրել էին միջանկյալ միջոց կիրառել Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքում թույլ տրվող խախտումների վերաբերյալ:

«Միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմումով մենք Եվրոպական դատարանին խնդրել ենք, որպեսզի երաշխավորվի Դավիթ Հարությունյանի արդար դատաքննության իրավունքը, որը ներառում է ինչպես օրենքի հիման վրա ստեղծված դատարանի չափանիշը, նաև այն, որ կողմնակալ դատավորներ իր կարգապահական վարույթում պետք է ներգրաված չլինեն: Ներկայացրել ենք նաև մի քանի ընթացակարգային խախտումներ, որոնք թույլ է տվել ԲԴԽ-ն», —Forrights.am-ին ասում է Զորայր Հարությունյանը:

Դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթի հեղինակը, հիշեցնենք, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է, իսկ առիթը՝ դատավորի հարցազրույցը, որտեղ Հարությունյանն անդրադարձել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարություններից մեկին և այն անթույլատրելի համարել:

Որպես ընթացակարգային կոպիտ խախտում, փաստաբանն առանձնացնում է դռնփակ դատաքննություն անցկացնելու մասին ԲԴԽ-ի որոշումը, ինչպես նաև առանց Դավիթ Հարությունյանի փաստաբանների նիստը շարունակելը, իսկ հետո արդեն Հարությունյանի նկատմամբ սանկցիա կիրառելը: Նիստը դռնփակ անցկացնելու պատճառը փաստաբանը գիտե՝ լուսաբանում չպետք է լիներ, իսկ հետաքրքրված անձինք էլ նիստին չպետք է կարողանային ներկա գտնվել:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ արդեն մեզ հետ կապվել է ու որոշ լրացումներ խնդրել, որոնք նրանց ուղարկել ենք: Մեր և ՄԻԵԴ-ի միջև այժմ գրագրության ակտիվ փուլ է, որի ընթացքում լրացնում ենք մեր դիմումը ու ներկայացնում հավելյալ փաստաթղթեր», -նշում է փաստաբանը:

Նա ընդգծում է՝ ԲԴԽ վերջին նիստին Դավիթ Հարությունյանի փաստաբանների բացակայությունը պայմանավորված է եղել նրանց՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու անհրաժեշտությամբ, իսկ Հայաստանի օրենսդրությամբ դա հիմք է բացակայությունը հարգելի համարելու համար:

«Դա չի կարող դիտարկվել պաշտպանական իրավունքի չարաշահում, և ԲԴԽ-ն, ըստ էության, զրկել է Դավիթ Հարությունյանին ներկայացուցիչ կամ պաշտպան ունենալու իր կոնվենցիոն իրավունքից: Ինչ վերաբերում է պարոն Հարությունյանին նիստից հեռացնելուն, ապա կիրառված սանկցիան ակնհայտորեն անհամաչափ էր», -նշում է փաստաբանը՝ նկատելով, որ այս մասին ևս իրազեկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:

Հատկանշական է, որ նույն՝ հունիսի 26-ի ԲԴԽ նիստում Դավիթ Հարությունյանին նիստից հեռացնելուց մի քանի րոպե հետո ԲԴԽ-ն ավարտել է այս գործով քննությունը և անցել խորհրդակցական սենյակ: «Ստացվում է՝ ԲԴԽ-ի համար 30-40 րոպեն բավարար էր, որ 120 էջանոց վարույթը, ինչպես նաև պարոն Հարությունյանի կողմից ներկայացված միջնորդությունները իրենց ամբողջ ծավալով քննարկի ու հայտարարի վերջ, դատաքննությունը ավարտվեց», -ասում է Զորայր Հարությունյանը:

Որոշման եզրափակիչ մասը, ի դեպ, այս կառույցը նախատեսում է հրապարակել հուլիսի 3-ին՝ դռնբաց:

ԲԴԽ-ում, նկատենք, որևէ դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթը քննելու ժամանակահատվածը հայաստանյան օրենսդրության համաձայն,  3 ամիս է, հավելյալ՝ ևս 3 ամիս: Սակայն Հարությունյանի վերաբերյալ վարույթի քննությունը եղել է 3 նիստում, այն էլ՝ ոչ լիարժեք: Ավելին, պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել վերջնական դիրքորոշում հայտնել: «ԲԴԽ-ն խոսելու հնարավորություն չի տվել, հնարավոր է պարոն Հարությունյանը իր վերջին խոսքում ընդունում էր մեղավորությունը: Պաշտպանական կողմը ընդհանրապես հնարավորություն չի ունեցել դիրքորոշում հայտնել», -նշում է փաստաբանը:

Նա վստահ է՝ ԲԴԽ-ի քայլերի հապճեպությունը մեկ նպատակ ունի՝ ավելի շուտ որոշում ընդունել, քան ՄԻԵԴ-ը որևէ որոշում կկայացնի, քանի որ ՄԻԵԴ-ի որոշման առկայության պարագայում ԲԴԽ-ի ձեռքերը կապված կլինեն, հետևաբար՝ ծրագիրը չիրականացված:

Այս քայլերով, ըստ փաստաբան Հարությունյանի, ԲԴԽ-ն փորձում է լիազորություններից զրկել դատավոր Դավիթ Հարությունյանին. «ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նպատակն է դադարեցնել պարոն Հարությունյանի լիազորությունները: Եվ սա ինչ-որ բանի հետ անհամաձայնություն հայտնող դատավորներին լռեցնելու պրակտիկա ձևավորելուն ուղղված քայլ է»:

Եթե Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեն, պաշտպանական կողմը արդեն որոշել է՝ գանգատ են ներկայացնելու ՄԻԵԴ, որում պատմելու են «բացարձակ թողտվության պայմաններում իրավունքի կոպիտ խախտումները»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԲԴԽ-ն դադարեցրել էր դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները՝ դարձյալ հրապարակային կարծիք հայտնելու համար: Իր հարցազրույցում Նախշքարյանը քննադատել էր դատավորներից մեկի վերաբերյալ ԲԴԽ որոշումը:

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest