Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժանմունքում փաստաբաններ Էմմանուել Անանյանին ու Մարզպետ Ավագյանին ծեծի ենթարկելու դեպքին  նախորդել էր նրանց անչափահաս վստահորդի նկատմամբ խոշտանգման դեպքը:

Փաստաբան Էմմանուել Անանյանն ասում է՝ իր վստահորդն ու ևս մի քանի երիտասարդներ խոշտանգման են ենթարկվել ոստիկանների կողմից և բերման ենթարկվելու ընթացքում, և ոստիկանության բաժանմունքում: «Իմ վստահորդն ու մի քանի անչափահասներ բերման ընթացքում և ոստիկանության շենքում խոշտանգման են ենթարկվել, բռնության են ենթարկվել: Բռնության ենթարկված անչափահասները եղել են ընդհանուր առմամբ 4-5 հոգի: Նրանք ձերբակալվածի կարգավիճակ են ունեցել», — Forrights.am-ին ասում է Անանյանը:

Երեխաների նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել, և այս գործով նրանց փաստաբանները կաշկանդված են նախաքննական գաղտնիքը պահելու պարտավորությամբ:

Միայն հայտնի է, որ երեխաները բերման, ինչպես նաև բռնության են ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից:

«Դեպքը ըստ ոստիկանության, եղել է այսպես՝ ոստիկանության մի քանի ծառայողներ քաղաքացիական հագուստով փողոցում մոտեցել են երիտասարդների փոքր խմբի և  ինչ-որ պահանջներ ներկայացրել՝ ներկայանալով որպես ոստիկանության ծառայողներ, վկայականներ ցույց տալով, սակայն դարձյալ ըստ ոստիկանության իմանալով որ ոստիկան են, երեխաները դիմադրություն են ցույց տվել: Այսպես պատմում են ոստիկաննները: Մենք ասում ենք՝ խոշտանգումը տեղի է ունեցել թե ոստիկանություն բերման ենթարկելիս, թե ոստիկանության բաժանմունքում առանձին սենյակներում՝ հարվածների, վիրավորանքների տեսքով: Յուրաքանչյուրին ոստիկանության ծառայողները պահել են առանձին սենյակներում, նրանց նկատմամբ ստորացուցիչ քայլեր կատարելով», -ներկայացնում է Էմմանուել Անանյանը:

Ինչ վերաբերում է իր ծեծի ենթարկված վստահորդին, փաստաբանն ասում է՝ երեխան սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում և իր բնույթով կռվարար չէ: «Իմ վստահորդը ասում է, որ որևէ մեկին ոչ հայհոյել է, ոչ հարվածել է: Նա երաժշտական քոլեջի վոկալի բաժնի ուսանող է, և դա նրա մարդ տեսակի մասին շատ բան է ասում: Նա կռվարար չէ», -պատմում է Անանյանը:

Փաստաբանը խոշտանգման դեպքով մանրամասներ պատմելու իրավասություն չունի, բայց նշում է՝ քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության ծառայողների ու իր վստահորդի միջև առերեսում է իրականացվել:

Հենց առերեսման ընթացքում է, որ ոստիկանության օպերլիազորը և այլ ծառայողներ հարձակվել ու ծեծի են ենթարկել փաստաբաններին, որի մասին Forrights.am-ը արդեն գրել է:

Ոստիկանական համակարգում մոտեցումների փոփոխության, իրականացվող բարեփոխումների մասին հայտարարվում է իշխանության ամենաբարձր օղակներից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, թե ոստիկանական համակարգում բարեփոխումների իրականացման արդյունքում «ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը» պետք է լինի: Սակայն քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ պնդում են՝ Հայաստանում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլ նման դեպքերը 2022-ին շեշտակի աճել են։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի տվյալներով, ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 199 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 20․1 %-ով (կամ 40 դեպքով), իսկ հետհեղափոխական 2019-ի համեմատությամբ՝ 54․8 %-ով (կամ 109 դեպքով)։

Ոստիկանության ծառայողների կողմից հավաքների, բողոքի ցույցերի մասնակիցների մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը 2021 թ.-ի համեմատ 2022 թ․-ին  աճել է 47․8 %-ով (կամ 94 դեպքով), իսկ 2019 թ․-ի համեմատությամբ՝ 72․8 %-ով (կամ 131 դեպքով)։

Նշվում է, որ 2022-ը աննախադեպ էր անչափահասների նկատմամբ ոստիկանության անօրինական ու անհամաչափ գործողությունների տեսանկյունից։ Քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել նույնիսկ այն դեպքում, երբ նրանք փաստացի գտնվել են ոստիկանության ծառայողների «ձեռքերում» և որևէ դիմադրություն ցույց տալ չէին կարող։

«Այսպիսով, 2022 թ․ ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը կրկնակի անգամ, իսկ հավաքների ընթացքում՝ ավելի քան երեք անգամ գերազանցել են հետհեղափոխական ամենացածր ցուցանիշը», -եզրակացրել է ՀՔԱՎ-ը:

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest