Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի կենտրոնական հատվածի տներից մեկից շուրջ տասնամյա դադարից հետո այժմ ծուխ է բարձրանում․ Արցախից բռնի տեղահանված Ավանեսյանների ընտանիքն է լքված տանը կենդանություն հաղորդել։

Տանը, որտեղ չեն ապրել երկար տարիներ, պայմանները մեղմ ասած բավարար չեն․ հին, չնորոգված պատուհաններից տուն մտնող ձմռան ցուրտը դարձել է բնակիչների անբաժան ուղեկիցը, հատակը մաշված տախտակից է, գույնն էլ չի երևում։ Ընտանիքը մի սենյակին է կարողացել նոր շունչ հաղորդել․ պատերը թարմացրել են, ներկել, վարդագույն վարագույրներ կախել պատուհաններից։ Այստեղ չորս հոգանոց ընտանիքը և քնում է, և հյուրեր ընդունում։

34-ամյա Գեղամ Ավանեսյանը Արցախի Մարտունուց է, կինը՝ Դիանա Ավանեսյանը Վանք գյուղից։ Սակայն 2023-ից սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ Դիանան 2 որդիների հետո եղել է Ստեփանակերտում։ Հարազատ գյուղ չի հասցրել գնալ։

Գեղամը, որպես աշխարհազորային, ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտպանել է Ասկերանի Սզնեք գյուղի դիրքերը։ «Գնացի պոստեր, կռիվը երրորդ օրը սկսեց։ Սեպտեմբերի 19-ին ժամը 12-ի, 1-ի կողմերը մեզ տեղեկացրին, որ կռիվ ա սկսել։ Զանգեցի տուն, ասեցի՝ կրակոց լինի, չվախենաք, մի ապահով տեղ գտեք, մնացեք», -պատմում է Գեղամ Ավանեսյանը։ Ի դեպ, Գեղամը այն նույն դիրքում է եղել, որտեղ պայքարել ու ավելի ուշ գերության մեջ էր հայտնվել Դավիթ Ալահվերդյանը, որի մասին նախորդիվ գրել էինք։

Հիշում է՝ ադրբեջանցիները հարձակվել էին մեծաքանակ զորքով, շրջապատել են Ասկերանն ու հարակից գյուղերը․ «Չկարեցանք դիմադրեինք, որովհետև շատով էին, շրջապատել էին։ Մի գաղտնի ճանապարհ ունեինք, անտառի միջով մի կերպ դուրս եկանք պոստից, հասանք գյուղամեջ։ Պոստի մեր ժողովրդից վեց հոգուն եմ կարողացել հանել դուրս, մյուսներին մեր պոստավիկներից մեկը գնաց որ «Նիվայով» դուրս բերի, գնացել ա, էդ մարդկանց չի գտել։ Մեր ծառայողներին մեքենայով հասցրել եմ Խաչմար գյուղ, իրանց թողել եմ ըտեղ, հավաքեցի կնանոց ու դուրս հանեցինք ժողովրդին էդ գյուղից։ Ստեփանակերտի ճանապարհը փակել էին, մենք քյասարով ենք հասել քաղաք»։

Ստեփանակերտում Գեղամը ընտանիքին գտել է երկար փնտրտուքից հետո, շենքերից մեկի նկուղում։ Սեպտեմբերի 19-ի մեկօրյա հարձակմանը հաջորդած համեմատաբար խաղաղ ժամանակաընթացքում Ավանեսյանների համար անորոշության շրջան է եղել՝ հեռանա՞լ Արցախից, թե մնալ։ Ասում է՝ տեսնում էր շուրջը մարդիկ խուճապի մեջ էին, չգիտեին ինչ անել, ելքեր էին փնտրում։ Բայց հեռանալն անխուսափելի է եղել․ «Մի հինգ օր քաշքշոցների մեջ էինք, չգիտեինք՝ ինչ անենք, բայց հասկանում էինք, որ բոլորը գնացող են։ Վերջը բերին 15 լ բենզին տվեցին ու տենց որոշեցինք դուրս գալ»։

Գաղթի ճանապարհի մղձավանջը չի մոռանում կինը՝ 34-ամյա Դիանան․ «Շատ դժվար էր, երեխեքը սոված էին, հաց չկար, բայց խոզ էինք մորթել հետներս վերցրել, ճանապարհին ամուսինս խորովեց։ Մարդկանց էլ հյուրասիրեցինք։ Մարդ կար, որ ասեց՝ ինձ միս տուր, քեզի հաց տամ։ Ճանապարհի կեսին մեր մեքենան փչացավ, ոչ մեկ չկանգնեց, չօգնեց։ Ընենց իրավիճակ էր, որ բարեկամը բարեկամին չէր ճանաչում։ Մի աննկարագրելի պատմություն։ Փչացած մեքենան թողեցինք, ոտքով հասանք Հակարի կամուրջ։ Ըտեղ էլ մի կամազ պատահեց, նստեցինք հասանք Գորիս»։

Գորիսից Ավանեսյանները կարողանում են հասնել Մեծամոր, Արմավիրի մարզ, Դիանայի քրոջ տուն, որտեղ ապրելու տեղը փոքր էր, բնակիչները՝ շատ։ Սոցիալական ցանցերից տեղեկացել են, որ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում լքված տներ կան, և գյուղապետարանը դրանք կարող է տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին։ «Դե էլ տեղ չունեինք, էլ ուր գնայինք, որոշեցինք գալ էս գյուղ»,-ասում է երիտասարդ կինը։

Գյուղական անբարեկարգ տանը, որը մինչ նրանց տեղափոխվելը լքված է եղել, ընտանիքը ամսական 30 հազար դրամ է վճարում։ Պետությունից ստանում են 50 հազարական դրամները, կարողանում են որոշ հարցեր լուծել, բայց շատ խնդիրներ մնում են չլուծված․ առաջնային անհրաժեշտության սննդամթերքը Դիանան Գյումրիում ապրող սկեսրոջից էր բերել։

Սահմանամերձ Բարեկամավանը վերաբնակեցնելու ծրագրի շրջանակներում գյուղական իշխանությունները նրանց գումար են հատկացրել, որով ընտանիքը մի քանի խոզ է գնել, նապաստակ ու կով։ Սպասում են՝ շուտով կովը ձագ է ունենալու։ Հույս ունեն՝ ոտքի կկանգնեն։ «Արցախում մենք մեծ տնտեսություն ենք ունեցել, ոչ մեկի ձեռքին չենք նայել, օգնություն խնդրել, ամուսինս աշխատանք ա ունեցել, լավ ապրել ենք։ Երևի ստեղ էլ կստացվի», -նշում է Դինանան։

Ավանեսյանների նոր տունը ևս ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր է հեռու։ Էթնիկ զտման ենթարկված ընտանիքը այստեղ էլ վախեր ունի, բայց ինչպես Դիանան է ասում, փորձում են հաղթահարել դրանք։

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութի և լուսանկարների հեղինակ Ռուզաննա Քոչարյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest