Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի սկզբնամասում է ապրում սեպտեմբերյան կարճատև մարտերի ժամանակ զոհված 32-ամյա Լևոն Հարությունյանի ընտանիքը:

Լևոնի զոհվելուց հետո կինը՝ 27-ամյա Լիաննան, մնացել է 4 մանկահասակ երեխաների ու 76-ամյա սկեսրայրի հետ: Ապրում են չվերանորոգված տանը: Հյուրասենյակի հին պաստառներով պատված պատին Լևոնի լուսավոր դիմանկարն է դիմավորում հյուրերին, կողքին՝ երեխաներից երեքի լուսանկարն է՝ իրենց հայրիկի նույն դիմանկարրը կրծքներին:

Ընտանիքում վեցն են՝ փոքրը 6 ամսական Ալվինան է, որին Լևոնը չի հասցրել տալ հայրական սերն ու քնքշանքը:

Բազմանդամ ընտանիքն ապրում է նպաստներով և պապիկի թոշակով: Լիաննան ասում է՝ ֆինանսական խնդիրներ ունեն, չեն հասցնում: «Սեպտեմբերի 13-ին, Լևոնի զոհվելուց հետո աշխատավարձը կտրեցին, հիմա միայն երեխու նպաստն եմ ստանում ու պապիկի թոշակը», -ասում է նա:

Լևոնը պայմանագրային զինծառայող էր, 10 տարի ծառայել է Օմարի լեռներում, մասնակցել 44-օրյա պատերազմին, բարեհաջող վերադարձել ու սկսել է պաշտպանել Ադրբեջանին սահմանակից դարձած հայրենի գյուղը:

«Լևոնը սերժանտ էր, լավ ծառայող, անթիվ պատվոգրեր ունի», -հպարտանում է կինը ու ցուցադրում անցած տարիների ընթացքում մարտերի ժամանակ ցուցաբերած արիության համար վաստակած շքանշանները:

Միևնույն է՝ դրանք այլևս չեն մխիթարում ամուսնուն կորցրած երիտասարդ կնոջը. «Ամեն պատերազմ հաղթահարեց, էկավ, էս մի գիշերում սենց էղավ, ո՞վ կմտածեր, որ մեր գյուղի գլխին տենց վիճակ կլիներ: Պոստում հինգ հոգի են եղել՝ 4 տղամարդ, մի կին՝ բուժքույր Իրինա Գասպարյանը: Լևոնը վիրավոր է եղել, զանգել է ընկերոջը, ասել՝ դիրքերը չեմ կարում պահեմ, մենակ եմ, օգնություն ա պետք»: Սակայն օգնություն դիրքի փոքր խմբին չի հասել: Լիաննան ասում է՝ տարածքի հրամանատարը տեղում չի եղել, մարտերի կազմակերպում չի իրականացվել:

Թեպետ դիրքերից քիչ հեռու, բայց իրենք էլ կարծես մարտի մեջ են եղել. սեպտեմբերի 13-ի գիշերը գյուղին մոտ պաշտպանական դիրքերի վրա թշնամու հարձակման ամեն շարժը զգացել, տեսել են: «Մենք մեր տնից հետևում էինք՝ ոնց են անօդաչուներով հարվածում, սաղ տեսել ենք, ամեն ինչ լսել ենք, բայց չէինք ուզում հավատալ, որ կարող է Լևոնենց դիրքերը հարձակման ենթարկվեն», -ասում է Լիաննան:

Լևոն Հարությունյանի մահվան մասին ընտանիքն իմացել է երբ նրանց հերթական զանգին պատասխանել է ադրբեջանցին. «Ղարաբաղը Ադրբեջան է»:

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները տեսանյութում՝

Տեսանյութի հեղինակ՝ Ռուզաննա Քոչարյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest