Այս օրերին տասնյակից ավելի արցախցիներ Կոնվերս բանկից տեղեկություն են ստացել, որ բանկում իրենց գրավադրած ոսկեղենը կորել է։ Ոսկի գրավադրած քաղաքացիներին բանկից փոխանցվող տեղեկությունն իրարամերժ է՝ ոմանց ասել են կորել է, մի մասին էլ ասել են՝ «թուրքն է գողացել»։

Կարինե Ավետիսյանը (անունը իր ցանկությամբ փոխված է-հեղ․) 2019-ին Արցախում գնված տունը վերանորոգումից հետո կահավորելու համար 2020-ի օգոստոսին իր և ընկերուհու 21 կտոր ոսկին գրավադրել է Կոնվերս բանկում։ Սակայն սեպտեմբերին սկսված 44-օրյա պատերազմը փոխում է Կարինեի պլանները, տեղահանվում են Երևան ու ոսկու գրավով վերցրած 1,5 մլն դրամ գումարը ծախսում առօրյա կարիքների համար՝ վարձում են տուն 8 հոգու համար ու պատերազմի ողջ ընթացքում ապրում այդ գումարով։ Պատերազմի ավարտից հետո վերադառնում են Արցախ և ինչպես հայտարարվել էր, գրավադրված ոսկու տոկոսագումարը վճարելու պահանջ չի դրվում, հաստատվելուց հետո սկսում են մայր գումարից փոքր-փոքր մարումներ կատարել։

Չէին հասցրել ուշքի գալ, երբ սկսվեց շրջափակումը, այնուհետև՝ բռնի տեղահանումը։

«Եկան 2023-ի սեպտեմբերի սև օրերը, և մենք բռնեցինք գաղթի ճամփան։ Լսեցինք, որ բանկերը բաժանում են ոսկին։ Գնացի, ասեցի գոնե էդ ոսկին կտանեմ, կծախեմ կգոյատեվենք մինչև գործ-բան ճարենք։ Սեպտեմբերի 25-ին գնացինք Կոնվերս բանկ, անտանելի հերթ էր, ժողովուրդը ներվայն, սպասումների մեջ, մյուս կողմից էլ կրակոցների ձայներն էինք լսում, պանիկայի մեջ վեշերն հավաքած եկել էին իրենց ոսկու հետևից։ Բայց բանկի աշխատողները հավաքեցին  բոլորի անձնագրերը և ասեցին՝ սպասեք, հերթով կկանչեն կտան։  Մեկին կանչում, տալիս էին, մեկին էլ թե՝ ձեր ոսկին ուղարկել ենք Երևան, գնացեք, այնտեղ կստանաք։ Դեռ մի բան էլ ավել՝ ինձ ասեցին՝ արխային գնացեք, ոսկիներն ապահով տեղում են», —Forrighst.amին ներկայացնում է Կարինե Ավետիսյանը։

Հայաստան բռնի տեղահանումից օրեր անց անորոշության ու ծանր ապրումների մեջ, Կարինեն այցելում է բանկի երևանյան գլխամաս, որտեղ դարձյալ հույս են տալիս, թե ոսկեղենը ապահով ձեռքերում է, պետք է սպասի իր հերթին և մեկ ամսից կստանա։  Հաջորդ այցելության ժամանակ էլ Կարինեին վստահեցնում են, թե գույքագրում են իրականացնում ու մեկ շաբաթից կզանգեն։

«Զանգեցին, գնացի, տարան մի կաբինետ, նստած էին երկու տղա և շատ քաղաքավարի ինձ ասացին՝ տիկին, ձեր ոսկին կորել է։ Իմ հարցերին թե՝ ոնց, որտեղ, պատասխանեցին՝ չգիտենք, կարողա թուրքերը կամ տամոժնիկները գողացել են։ Տարօրինակ էր իմ համար, ասեցի՝ էդ թուրքը ավտոն կանգնեցրել, քանդել, ոսկիները ջոկել ա՝ ի՞նչ վերցնի», -ասում է արցախցի կինը։

Կարինեն բանկում գրավադրել է 21 կտոր ոսկի՝ ընդհանուր 120 գրամ քաշով։ Ասում է՝ որոշները ադամանդե քարերով էին, դրանցից համեմատաբար բարձր արժեք ունեցողները, որոնք հնագույն նմուշներ են եղել, վերցրել է ընկերուհուց։ Ընդհանուր գրավադրված ոսկին բանկը գնահատել է 1,5 մլն դրամ։

Բանկի աշխատակիցների հետ զրույցների ժամանակ Կարինեն փորձում է պարզաբանում պահանջել՝ ինչո՞ւ են այսքան ժամանակ ձգձգել, ինչու են ի սկզբանե հույս տվել, որ չի կորի, վստահեցրել՝ ամբողջությամբ ապրանքը կստանան Երևանում։ Սակայն այս հարցերին ի պատասխան, Կոնվերս բանկի ներկայացուցիչը արձագանքել է․ «Չեմ հասկանում էնքան բան որ թողել եք, ինչի՞ չեք պահանջում, եկել մի քանի գրամ ոսկին եք պահանջում։ Գնացեք ձեր տներն էլ պահանջեք։ Ասեցի՝ այ տղա, դու գիտե՞ս ինչ ա նշանակում ամեն ինչ կորցնել ու ապրել էն հույսով, որ գոնե էդ ոսկին կա, էլի մի բան ա»։

Բանկը կնոջն առաջարկում է որպես փոխհատուցում վերցնել 1,5 մլն դրամը։ Սակայն Ավետիսյանի խոսքով, իրեն ոսկին է անհրաժեշտ։ Նա վստահ է՝ դրանք վաճառելու արդյունքում ավելի շատ գումար կստանա, քան բանկի առաջարկն է։ «Բացի էդ, իմ ընկերուհու ոսկին էր դրանց մեջ, դրանք էլ հին ոսկիներ էին ու թանկ արժեին, ես ինչպե՞ս ընկերուհուս ասեմ՝ փողն եմ տալիս, ոսկին կորել ա», -նշում է Կարինեն։

Այս խնդրի առաջ տասնյակից ավելի արցախցիներ են կանգնած, որոնք իրենց մտահոգություններն արտահայտում են սոցիալական ցանցերում։ «Գնացել եմ, որ ստանամ ոսկին, ասել են կորել ա, փոխհատուցում են տվել ոսկու դիմաց․ 235 հազար էին էն ժամանակ իմ ոսկում համար տվել, հիմա 257 հազար են փոխհատուցել», -գրել է արցախցիներից մեկը։

Ոմանք էլ մտավախություն են հայտնել, որ ոսկին Արցախից ապահով տեղ է հասել, սակայն Երևանում են որոշել «խաբել, ցրել արցախցիներին»՝ ասելով, որ նրանց ոսկեղենը կորել է։

Հ․ Գ․ Forrights.am-ը գրավոր հարցմամբ դիմել է Կոնվերս բանկի տնօրինությանը ստեղծված վիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Հարցումն ստանալուն պես կհրապարակենք։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest