Խաչատրյանները 44-օրյա պատերազմի ավարտից հետո երկրորդ անգամ են հուղարկավորել իրենց որդուն՝ 19-ամյա Վահագն Խաչատրյանին՝ օրեր առաջ, «Եռաբլուրի» իր տեղում:

«Երբ իմացանք, որ երեխուս մարմինը ամբողջական կա, բերել ենք, բացել ենք, նորից հուղարկավորել: Երեխուս մարմինը հիմա արդեն ամբողջական ա: Սա իմ համար իսկական հրաշք էր: Ում երեխու մարմինը եղել է ամբողջական, ես ասում էի՝ երանի ձեզ», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է՝ Վահագնի մայրը՝ Ալինա Գրիգորյանը:

44-օրյա պատերազմից հետո ԴՆԹ-ի միջոցով որդու հաստատված մասունքը հուղարկավորելուց հետո 47-ամյա կնոջը մյուս՝ ավելի ծանր հարվածն էր սպասում: Ամեն ինչ սկսվել է մի քանի օր առաջ, երբ Ալինան հերթական անհույս զանգն է կատարել Երևանի դիահերձարան ու հետաքրքրվել՝ արդյոք կան տվյալներ իր որդու մարմնի մյուս մասունքների մասին:

«Ճիշտն ասած՝ հույս էլ չունեի, մտածում էի՝ եթե ունենան տվյալներ, իրենք կզանգեն Ուղղակի զանգեցի, որ հասկանամ՝ էլի ինչ-որ բան կա՞, թե չկա: Սկզբում ասեցին մարմնի վերևի մասն է, հետո երեկոյան պարզվեց, որ Վահագս ամբողջական ա», -պատմում է մայրը:

Վահագն Խաչատրյանի ամբողջական դին ծնողները տեսել են Երևանի դիահերձարանում: Մայրն ասում է՝ անձամբ գրկել է որդուն, սիրել, գուրգուրել նրան. «Տեսա ու անմիջապես ճանաչեցի: Երեխուս էնքան սիրեցի, շատ էի կարոտել, ոտքերը տրորեցի, մարմինը սառն էր: Պատկերացրեք՝ երկու տարի մնացել էր սառնարանում»:

Վահագն Խաչատրյանը թեպետ 2.5 ամսվա զինծառայող էր, բայց ակտիվորեն մասնակցել է ռազմական գործողություններին Ջրականում, հետո եղել է Հադրութում: Վահագնից ընտանիքը տեղեկություն չի ունեցել Հադրութը գրավելուց հետո: «Վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել Վահագիս հետ, մինչև էդ ասում էր՝ ամեն ինչ լավ ա, մի մտածեք,

Խաչատրյանների համար մղձավանջը շարունակվել է նաև պատերազմից հետո, երբ պարզել են, որ Վահագնի անունը եղել է և՛ գերեվարվածների մասին ԱԱԾ-ի ցուցակում, և՛ զոհերի ցանկում: Այդուհանդերձ, խորը անորոշության մեջ ընտանիքը Վահագնին փնտրում է երկրի բոլոր դիահերձարաններում: «Էս ամբողջ սխալը գալիս է Ղափանի դիահերձարանից: Վահագը ձեռքին դաջվածք ուներ, երբ Վահագին նոյեմբերի 24-ին Ղափան են տարել, դաջվածքը թևին չեն տեսել: Փորձանմուշը վերցրել են հենց էդ թևից, բայց դաջվածք չեն տեսել մարդիկ: Հնարավոր չէր չտեսնել, էդ ամենը խոսում ա նրա մասին, որ անտարբեր վերաբերմունք ա եղել զինվորների նկատմամբ: Առաջին դեպքը չի, որ ծնողը էս վիճակում է հայտնվում, որ այսքան ուշ ա լինում հաստատումը: Էնքան ծնող է ինձ ասում՝ մենք էլ ենք նույն ձև գտել: Ապշելու բան ա, սա խոսում ա էն մասին, որ էնտեղ ոչ մեկ չի աշխատում: Վահագի առաջին համընկնումն էլ ա էդպես եղել: Չեն զանգում, չեն ասում: Ոչ Հերացիի դիահերձարանն ա աշխատում, ոչ Քննչականն ա աշխատում», -ասում է մայրը:

Նրա խոսքով, եթե ինքը չորոշեր զանգահարել դիահերձարան, որդու մարմինն այդպես էլ գուցե չգտնեին: Զարմանում է՝ մի՞թե հնարավոր չէր զանգել ծնողներին, ասել՝ երեխայի մարմինը դիահերձարանում է. «Ձեզ նեղություն տայիք, զանգեիք: Իրանք պատասխան են տալու սրա համար: Ոչ մեկ ծնողի փոխարեն իրավունք չունի որոշելու՝ ինչքան ժամանակ երեխու մարմինը մնա սառնարանում: Արդեն հինգ օր ուղեղիս մեջ անդադար պտտվում ա՝ երկուսուկես տարի, երկուսուկես տարի: Սա շոկային բան ա: Առաջին համընկնումից հետո ես գժվում էի, ասում է՝ Վահագս վեց ամիս սառնարանի մեջ ա եղել, խելագարվելու բան ա: Ամենամեծ զարմանքս ա՝ ո՞նց չենք խելագարվում, ո՞նց մեր սիրտը չի կանգնում»:

Մայրն ասում է՝ երկուսուկես տարի շարունակ մտքով Հադրութի ճանապարհներով ու անտառներով է անցել, փորձել է մտքում ուրվագծել այն վայրերը, որտեղ կարող էր լինել որդին կամ նրա մասունքները: Որդու երևակայական որոնումներն հիմա ավարտվել են. «Հիմա խաղաղվել ենք, ման գալու բան չունենք, սպասելիք չունենք: Որդուս ամբողջական չտեսնելու միտքը քայքայում էր ինձ»:

Տիկին Ալինայի օրերի մեծ մասն արդեն երկու տարուց ավելի է՝ անցնում է Եռաբլուրի այդ փոքրիկ հատվածում, որտեղ մշտապես մաքուր է, փոշուց զերծ և որտեղ Վահագնի շուրջը թարմ ծաղիկներ են՝ դեղին, սպիտակ, վարդագույն, ալ կարմիր: Ասում է՝ աշխատանքից հետո գալիս Վահագնի մոտ, սուրճ է խմում, խոսում որդու հետ, պատմում իրենց մասին: «Մեր ծնունդ, մեր կնունք, մեր ամեն ինչն էստեղ ա, Վահագի հետ», -ասում է մայրը:

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest