44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար դեռևս այս տարվա սկզբին ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը պատերազմի մի քանի դրվագների մասով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին: Այդ մասին դեկտեմբերի 12-ին հայտարարել է Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Քննիչ հանձնաժողովի աշխատանքները խիստ գաղտնի են և այս պահին կարող եմ ասել, որ կատարված աշխատանքների հիման վրա զրույց եմ ունեցել գլխավոր դատախազի հետ և որոշ դրվագների հետ կապված ես նյութեր կուղարկեմ գլխավոր դատախազություն, որպեսզի իրենք այդ նյութերը վերցնեն ուսումնասիրության տակ», -ասել է Քոչարյանը:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է այս տարվա փետրվարի սկզբին և դրա աշխատանքների մասին հանրությունը գրեթե ոչինչ չգիտի: Նիստերն անցկացվում են փակ և հայտնի չէ՝ ինչ են քննարկվում փակ դռների հետևում:

Այսօր Քոչարյանը նույնիսկ չի հանրայնացրել Քննիչ հանձնաժողով հրավիրվելիք անձանց շրջանակը: «Եթե շատ մտածեք, բոլորիդ համար ակնհայտ կլինի՝ ում ենք հրավիրելու հանձնաժողով», -նշել է նա:

Իշխանական պատգամավորը դժգոհել է, որ արտաքին քաղաքական բլոկի համար տարբեր տարիների որոշ պատասխանատուներ հրավիրվել են, բայց չեն ներկայացել հանձնաժողով: Քոչարյանը այսօր հիշել է նրանցից ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին ու հաջորդիվ հրավիրվողների համար սպառնացել օրենսդրության խստացմամբ:

«Առաջին հրավերները որ ուղարկեցինք Վարդան Օսկանյանն էր, Ժիրայր Լիպարիտյանը: Վերջինը համաձայնեց՝ ասելով, թե պատրաստ է ներկայանալ, սակայն Վարդան Օսկանյանը հեռաար ասաց, որ ինքը պատրաստ չէ: Նաև Մովսես Հակոբյանն էր հայտարարություններով հանդես եկել: Այդ առումով կլինի օրենսդրական նախաձեռնություն Ազգային ժողովում, որը մշակված է և երևի հունվար ամսին կդրվի շրջանառության մեջ: Այդ նախագծով ԱԺ կանոնակարգ օրենքում խստացումներ ենք նախատեսում հրավիրյալների չներկայանալու դեպքում»:

Իշխանական պատգամավորը նաև ընդգծել է, որ «մեծ ծավալի» փաստաթղթեր են ուսումնասիրվել, ինչի արդյունքում էլ դիմել են Գլխավոր դատախազին:

«Ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր, ինչը բավարար է, որպեսզի հանձնաժողովը նյութ ուղարկի դատախազություն», -ասել է նա: Լրագրողը հետաքրքրվել է՝ կա՞ պաշտոնյաների շրջանակ, որոնք կարող են պատասխանատվության ենթարկվել, Քոչարյանը արձագանքել է. «Դա էլ անպայման կտեսնեք: Դա ակնհայտ է, դրանք կոնկրետ պաշտոնյաներ են և կոնկրետ աշխատանքի արդյունքներ են: Վերջին հաշվով 44-օրյա պատերազմի արդյունքը ինչ-որ թերացումների արդյունք է: Դրանք շատ մեղմ ասած թերացումներ են»:

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող այս հանձնաժողովը, որի աշխատանքները գաղտնի են, աշխատում է առանց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մասնակցության: Քննիչ հանձնաժողովի կազմում են «Քաղաքացիական պայմանագրից» Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնությունը՝ 7-ը իշխանական ՔՊ-ի անդամներ են, ընդդիմադիր «Հայաստանը» 3 անդամ ունի, «Պատիվ ունեմ»-ը՝ 1։

Դեռևս ստեղծման ժամանակ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին՝ բոյկոտում են այս հանձնաժողովի աշխատանքները, քանի որ «մեղսակիցները չեն կարող քննել պատերազմում տեղի ունեցած հանցագործությունները»: Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ «իշխանությունն այդ հանձնաժողովը ստեղծելով փորձում է գտնել ու մեղավորներ նշանակել, ամենայն հավանականությամբ՝ բանակի շրջանում»: Նաև՝ ընդդիմության գլխավոր մտահոգությունն այն է, որ հանձնաժողովը ամեն ինչ կանի Նիկոլ Փաշինյանի թիմին պատասխանատվությունից ազատելու ու նաև նախկիններին մեղավոր կարգելու համար։

Իսկ իշխանականները առաջարկում են քննել, թե ինչպես սկսվեց պատերազմը, կորուստների հարցը, պարտության պատճառները։ Ինչ է արվել պատերազմից առաջ պաշտպանության ոլորտում, արդյոք զինվորականների գործողությունները օպերատիվ ու համարժեք են եղել իրավիճակին։ Նախատեսում են նաև ուսումնասիրության առարկա դարձնել զորքերի համալրման, հետախուզական աշխատանքը, անդրադառնալ նաև բանակցային գործընթացին։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest