«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում հիվանդներից մեկի նկատմամբ բռնության դեպքից հետո այժմ էլ նույն տուժածի փաստաբան Արմինե Դավթյանի մասնագիտական գործունեությունն է խոչընդոտվում տարբեր պետական մարմինների կողմից:

Forrights.am-ը անդրադարձել էր «Նուբարաշենի» հոգեբուժարանում հիվանդներից մեկի նկատմամբ բռնության դեպքին: Հիշեցնենք՝ հիվանդը երկար տարիներ բուժում է ստանում հոգեկան առողջության այս կենտրոնում, և փաստաբան Արմինե Դավթյանը նրա պաշտպանյալն է: Փաստաբանը ավելի վաղ մեզ հետ զրույցում ահազանգել էր, որ իր պաշտպանյալին նոյեմբերի 10-ին դաժան ծեծի է ենթարկել հիվանդապահ Գոռ Անտոնյանը, որը նախկինում որպես ոստիկան է աշխատել: Բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 195 հոդվածով՝ «Ֆիզիկական ներգործությունը»:

Փաստաբանը մի խումբ հարցեր է ունեցել Առողջապահության նախարարին, նեկայացրել է դիմում, սակայն նրան կարողացել է ընդունել նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը: Նախարարության պաշտոնյային, փաստաբանն ասում է՝ ներկայացրել է իր պաշտպանյալի հետ կատարվածը, փոխանցել, որ բռնության դեպքից հետո նրան նշանակվող «Ազալեպտին» կոչվող դեղամիջոցի չափաբաժինը մի քանի անգամ ավելացրել են, ինչի հետանքով այժմ հիվանդի արյան ճնշման տատանումները հաճախացել են, նրա մոտ արձանագրվել է լյարդի չափերի մեծացում:

«Հանդիպման ընթացքում նկատեցի բացահայտ կողմնակալ վերաբերմունք. Ինչ հայտնում էի, ասում էր իր գործառույթը չէ: Նաև փոխնախարարն ասաց, որ իրենք չեն կարող միջամտել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի գործունեությանը», -Forrights.am-ին հանդիպման մանրամասներն է փոխանցում Արմինե Դավթյանը:

Նրա խոսքով, խնդիր չէ, թող դեղորայքի չափաբաժինն ավելացնեն, բայց դա պետք է արվի մասնագիտական հանձնաժողովային եզրակացության հիման վրա, մինչդեռ նման հանձնաժողով չկա, եզրակացությունը՝ նույնպես:

«Արդյոք թույլատրելի է հիվանդին միանգամից այդքան մեծ չափաբաժնով տրամադրել, և արդյոք դա հետևանքներ չի առաջացնի», -հարցեր է բարձրացնում հիվանդի փաստաբանը, որոնց պատասխանները, սակայն, ոչ մի պատկան մարմնից չի կարողանում ստանալ:

«Առողջապահության փոխնախարարի կողմնակալ վերաբերմունքն ակնհայտ էր. ներկայացրի՝ ինչպես է «Նուբարաշեն» հոգեբուժարանի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը իմ հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում՝ ինձ մեղադրելով սուտ խոսելու, խաբեբայության մեջ: Սակայն փոխնախարարը շատ հանգիստ ասաց, որ ինքն իր կարծիքն է հայտնել, ինչը յուրաքանչյուրի իրավունքն է: Ստացվում է՝ թույլատրելի է, որ բոլորը միմյանց վիրավորեն, քանի որ դա իրենց կարծիքն է: Բացահայտ կողմնակալությունն այլևս անտանելի էր, և ես ընդհատեցի հանդիպումը ու դուրս եկա», -մեզ հետ զրույցում ներկայացնում է փաստաբան Արմինե Դավթյանը:

«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում այս հիվանդի նկատմամբ բռնության դեպքի, նրա հանդեպ վերաբերմունքի ու ընդհանրապես, կատարվածի վերաբերյալ ԱՆ դիրքորոշումը պարզելու համար Forrights.am-ը դեռևս նոյեմբերի 28-ին հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն: Մեր հարցմանը ԱՆ-ից պատասխանել են 12 օր անց: Փաստաբանի մատնանշած բռնության դեպքի վերաբերյալ գերատեսչությունից խոսել չեն ցանկացել, քանի որ նախաքննություն է ընթանում: Փոխարենը ընդգծել են, որ իրենք մշտապես դատապարտել են բռնության դեպքերը:

Ինչ վերաբերում է դեղամիջոցի չափաբաժինն ավելացնելու մասին պաշտպանի մտահոգություններին, ԱՆ-ից արձագանքել են. «Պացիենտը դեպքի ընթացքում և դրանից հետո գտնվել է հոգեշարժական գրգռված վիճակում, ուստի դեպքից անմիջապես հետո մասնագետների կողմից կատարվել են նշանակումների ճշգրտումներ»:

«Փակ համակարգերում, ինչպիսին են նաև հոգեկան առողջության կենտրոնները, շատ հեշտ է ամեն ինչ բարդել անգործունակ, անպաշտպան հիվանդի վրա։ Տարակուսելի է առողջապահության նախարարության պահվածքն առհասարակ, որն այս արտառոց դեպքից հետո որևէ պարզաբանմամբ կամ մտահոգությամբ հանդես չեկավ՝ փորձելով պաշտպանել միայն գերատեսչության շահերը։ Սա վկայում է հիվանդների նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին։ Նախարարությունը պարտավոր է իր այցով տեղում պարզել տեղի ունեցած բռնության  բոլոր հանգամանքները և ոչ թե հույսը դներ քննության արդյունքների վրա», ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Պաշտպանի բազմաթիվ զանգերին ու գրություններին, ըստ նրա, անհաղորդ են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: «ՄԻՊ-ին էլ դիմում եմ ներկայացրել, սակայն այս կառույցը մարդու իրավունքների խախտումների հանդեպ անհաղորդ է», -ասում է Դավթյանը: Նրա խոսքով, ՄԻՊ գրասենյակում հալած յուղի նման ընդունում են հոգեբուժարանի ադիմինիստրացիայի հաղորդած տեղեկությունները ու վերջ, անգամ չեն ցանկանում երկրորդ կողմին լսել:

«Լավ, հոգեկան առողջության կենտրոնի հանձնաժողովն որոշել է հիվանդի դեղերի չափը ավելացնել, նրան հեռախոսից զրկել, այդ դեպքում ձեր հանձնաժողովն ինչո՞ւ է լռում, բա դուք ի՞նչ եք մտածում, եզրակացնում կատարվածի մասին: Այս հարցերն ուղղում եմ ՄԻՊ-ին, բայց պատասխաններ չեմ ստանում: ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը առհասարակ կապի դուրս չի գալիս», -ներկայացնում է Դավթյանը:

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից խոտսացան, սակայն չկատարեցին այս թեմայի առնչությամբ պարզաբանում տալու խոստումը։

Փաստաբանը նաև դիմել է ՀՀ Քննչական կոմիտե՝ ներկայացնելով բռնության դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման փուլում քնչական գործողությունների ժամանակ քննիչի թույլ տված խախտումների մասին: Մասնավորապես, նկատենք, որ քննիչը փաստաբանին թույլ չի տվել մասնակցել հոգեբուժարանում բռնության դեպքի հետ կապված քննչական գործողություններին: Ի դեպ, հիվանդի նկատմամբ բռնության դեպքի առթիվ հարուցված վարույթը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 195 հոդվածով՝ «Ֆիզիկական ներգործությունը», առաջընթաց չունի, մեղադրյալներ չկան:

Սակայն ՔԿ-ից նրան պատասխանել են, որ քննիչի կողմից ոչ իրավաչափ գործողություններ չեն տեսնում: «Հարգելի քննչական կոմիտե, ես ասում եմ՝ քո քննիչը խախտել է այս-այս իրավունքը և պահանջում եմ ծառայողական քննություն սկսել, որ ես բերեմ փաստերը, ներկայացնեմ՝ ապացուցելով, որ քո քննիչը խախտում է կատարել: Բայց դու ծառայողական քննություն չես սկսում ու ի սկզբանե որոշում ես, որ քո քննիչը իրավաչափ է գործել: Այսպես ո՞նց կլինի», -տարակուսում է փաստաբան Դավթյանը:

Նրա ներկայացմամբ, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում «բարձիթողի վիճակ» է, իսկ իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող փաստաբանի գործունեությունը խոչընդոտների է հանդիպում:

«Այս ամենի արդյունքում հիվանդի խոշտանգումը շարունակվում է, իսկ նրա շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտների է հանդիպում», -նշում է Արմինե Դավթյանը՝ հիշեցնելով, որ Քրեական օրենսգրքով փաստաբանի գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest