«Ալիկը հերոս է, ընտրյալ է եւ հավերժի հաղթանակած մարտիկ: Նա հաղթել է, ինձ համար պարտություն չկա: Մենք չենք պարտվել, տղաները հաղթել են»,- ասում է 44-օրյա պատերազմին զոհված Ալիկ Հախվերդյանի քույրը` Ալիսան: Նա ցավով է նշում` արդեն երկու տարի է, ինչ եղբոր մասին խոսում է անցյալ ժամանակով եւ դրա հետ հնարավոր չէ հաշտվել:

Ալիկ Հախվերդյանը  44-օրյա պատերազմի մասնակից էր, 7-րդ հրաձգային վաշտից, զոհվել է հոկտեմբերին իր 72 զինակիցների հետ Հադրութում։ Ծառայությունն ավարտելուց հետո Ալիկը նպատակ ուներ․ պիտք է ճարտարապետ դառնար։

«Ալիկը առաջին իսկ օրից մեկնել է առաջնագիծ: Եւ մեր ընտանիքի բոլոր անդամներին հավաստիացրել, թե գտնվում է ապահով վայրում` բունկեռներում: Ժպիտը շուրթերին խոսում էր, եւ անպայման ուզում էր լսել իր պապիկի ձայնը, որ հավաստիանա` հայրը տանն է ու չի մեկնել առաջնագիծ` իրեն օգնության»,- պատմում է քույրը:

Նրա խոսքով, եղբայրը աչքի էր ընկնում մարտական բարձր ոգով եւ զինվորական բարձր պատրաստությամբ, իրավիճակին արագ տիրապետելու կարողությամբ եւ իր հպրտությամբ. «Երբեք խեղճություն չի սիրել: Երբեք: Եւ ոչ մեկի աչքերում չի սիրել տխրություն կամ խեղճություն տեսնել: Այս ամենն էլ բերեց նրան, որ Ալիկին զինվորագրեցին 72 հոգուց բաղկացած 7–րդ վաշտ: Հոկտեմբերի 11-ին վաշտին ուղարկում են մարտական գործողություն կատարելու Հադրութի տարածքում… Վաշտից, 72 հոգուց այդպես էլ ոչ ոք չվերադարձավ»:

Հայտնի է, որ տղաներին Հադրութ տեղափոխող առաջին մեքենան թշնամին պայթեցնում է ԱԹՍ-ով, ինչից հետո մյուս մեքենաների մեջ գտնվող զինվորները դուրս են գալիս եւ սկսում են կռիվ տալ: 8-10  ժամ տեւած մարտերի ընթացքում տղաներն անընդհատ կապ են տալիս, օգնություն են կանչում, սակայն որեւէ արձագանք այդպես էլ չի լինում: Ի վերջո տղաների սպառազինությունը վերջանում է եւ նրանք մնում են շրջափակման մեջ:

Ալիկի եւ մյուսների մասին լուր չի եղել մինչեւ 2020-ի դեկտեմբերի 4–ը:  «Էրեխուս գտա դեկտեմբերի 4-ին:  Ծնողներով մտել ենք Մառնիկներ կոչվող տարածքը, գտել։ Հադրութն անցել էին էրեխեքը, կռվելով իջել էին Մառնիկներ՝ վիրավոր լինելով հանդերձ, որովհետև հավատացել են, որ գալիս են հետեւներից»,- պատմում է Ալիկի հայրը

Նոյեմբերի 8-ին Ալիկ Հախեվրդյանի ծննդյան օրն էր: Տավուշի մարզի Հաղարծին գյուղի դպրոցում բացվեց նրա անվան դասարան: Ալիկը ամենից շատ սիրում էր նկարել, նա ընդունվել էր ճարտարապետական համալսարան, սակայն որոշել էր ուսումը շարունակել բանակից վերադառնալուց հետո:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest