56-ամյա Ջաջուռ մականունով Սահակ Շիրոյանը կամավոր է։ Յուրաքանչյուր 20 օրը մեկ կամավորների փոքրաթիվ խմբի հետ բարձրանում է սահմանապահ դիրքեր, մի քանի շաբաթ զենքը ձեռքին պաշտպանում իրեն բաժին ընկած տարածքը ու հետո վերադառնում Երևան։

«Սիրով եմ անում, ինչ անեմ, իմ հայրենիքն ա», — Forrights.am-ի հետ զրույցում ասում է Ջաջուռը։

Սեպտեմբերի 14-ին, Ադրբեջանի կողմից զինված հարձակման երկրորդ օրը, նա արդեն Ջերմուկի դիրքերում էր։ Եվ սեպտեմբերյան հարձակման ժամանակ, և դրանից հետո կամավորական խմբերի հետ այցելությունների ընթացքում, նա բազմաթիվ թերություններ է նկատել կամավորների հավաքագրման կազմակերպման ու դիրքերում ծառայություն իրականացնելու ընթացքում։

«Հարյուրից ավել կամավորներով սեպտեմբերի 14-ին ճանապարհ ենք ընկել, մի քանի մեքենաներ էին մեզ տեղափոխում, գիշեր էր, մեքենաները գնացել ընկել էին էն տարածքը, որը հիմա թուրքերն են տիրապետում։ Մի քիչ էլ խորանայինք, երևի կգնդակահարեին բոլորիս։ Մեր պատմական հայրենիքն էր, Ջերմուկի վերևի սարերը, ու հիմա իրանց ձեռքն ա, կարում են քաղաքը նայեն, հսկեն», — նշում է կամավորականը։

Ասում է՝ ծանր էր տեսնելը, ինչպես են ադրբեջանցիները գրաված հայկական տարածքներում ինժեներական աշխատանքներ կատարում, դիրքեր գցում, «ընենց, ոնց որ էդ իրանց պատմական հայրենիքն ա»։

«Կարևոր ռազմավարական բարձունքները իրանց ձեռին ա, մենք էլ ունենք բարձունք, բայց իրանցն ընենց ձևի ա, որ ըտեղից իրանք կարան հարձակվեն, մենք չկարողանանք դիմադրել», -ասում է Ջաջուռը։

Շեշտում է՝ ինքը հավատում է «հայի ոգուն», բայց նաև ընդգծում՝ «էդ ոգին քիչ է, մեզ տեխնիկա է պետք, զենք-զինամթերք է պետք, հմուտ մասնագետներ են պետք, որ կարողանան օպերացիաներ կառավարեն»։

Յուրաքանչյուր անգամ կամավորների խմբի հետ դիրքերում հերթապահություն իրականացնելուց հետո պետությունը Ջաջուռին ու մյուս կամավորներին գումար է հատկացնում։ Ասում է՝ գումարը չտային էլ, կգնայի դիրքեր․ «Սիրում եմ երկիրս, ինչ անեմ»։

Ջաջուռը ընտանիք չի կազմել, և  նրան հաճախ կարելի է տեսնել արդարության վերականգնման համար մղվող պայքարի փոքր օջախներում։ Նա հայտնի է «Մատաղիսի գործի» շրջանակներում նախաքննության կողմից մեղադրյալ հռչակված երեք երիտասարդների ազատության համար մղվող պայքարի օրերից։ Օրերս էլ՝ մարտի 1-ի զոհերի հիշատակի արարողության ժամանակ կամավորների առաջնային մի խնդիր հասցրել էր ոտքի վրա ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինն էլ օգնականին հանձնարարեց զբաղվել բարձրացված խնդրով։

Առաջնային խնդիրը, որ առանձնացրել է Ջաջուռը, զինկոմիսարիատներում անտեսելով մարդկանց առողջական վիճակը, նրանց հավաքագրելն է․ «Կամավորների մեջ մեկ էլ ներվայն, խմելու ու թմրանյութի հետ հակում ունեցող մարդկանց կարաս տեսնես: Դրանք պետք է բացառել բանակում։ Բացի էդ, տեսանկարահանող հեռախոսները պետք է բացառել բանակում, հետո էլ զարմանում ենք՝ թուրքը ո՞նց ա ինֆորմացիան տենց արագ ստանում։ Ամեն կամավորի կամ պահեստազորայինի հավաքի կանչելուց առաջ պետք ա ուսումնասիրեն՝ ով ա, ինչացու ա ու ինչ կարա անի դիրքերում։ Հետո ընենց չլինի, որ հելնեն գնան ու պարզվի՝ 100 հոգուց մեկը դավաճան է եղել։ Ազգային անվտանգությունը չի ստուգո՞ւմ՝ ում ա ուղարկում բանակ։ Հավաքագրվելու դեպքերը բացառված չեն, էսքան որ դավաճանության դեպքեր ենք լսում, ո՞նց ա լինում, գալիս են, կամքից թույլ են լինում, վռազ հավաքագրվում են»։

Մյուս խնդիրը, որ ներկայացնում է կամավորը, բուժզննում անցնելու խոչընդոտներն են․ «Գնում ես բուժզննման, ասում են՝ կամավոր եք, երկրապահ չեք, զինվորական չեք, չեք կարող պետպատվերով բուժզննում անցնել, բուժվել։ Բայց չէ որ էդ մարդը գնում է գիշեր ցերեկ պոստ է պահում, թող մարդը ստուգվի էլի»։

Իր ընկեր կամավորները բանկերում վարկերի ուշացման հետ կապված խնդիրներ են ունեցել․ «Մարդը գնացել, պոստ է պահել, վարկի ժամկետն անցել է, ուշացրել է մարումը, գցել են սև ցուցակի։ Ինչի՞։ Հետո գալիս վճարում է, գոնե ուշացում չհամարվի։ Էդ հարցով էլ կառավարությունը պետք ա զբաղվի»։

Բանակում մատուցվող սննդի վերաբերյալ դժգոհություն չի հայտնում, բայց չկանոնակարգված է համարում զինվորական հագուստի տրամադրման գործընթացը․ «Մեկ ասում են՝ հագուստ ունես չենք տալիս, մեկ օգտագործված հագուստ են տալիս, մեկ էլ ասում են՝ պտի հագուստը հանձնես։ Ոչ մի հստակ կանոն չկա, որ իմանանք՝ էդ ա կանոնը ու էդպես վարվենք»։

Ջաջուռը հիմա սպասում է ժամկետը գա ու, հավանաբար այս անգամ Գեղարքունիքի մարզի դիրքերում կանցկացնի մի քանի շաբաթվա իր հերթական ծառայությունը։

 

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest