Ազգությամբ եզդի 42-ամյա Լալի Այդոևան 44-օրյա պատերազմում կորցրել է միակ որդուն՝ Դավիթին, իսկ ավելի վաղ՝ ամուսնուն։ Երիտասարդ կինն այժմ Երևանում վարձակալած բնակարանում ապրում է միայնակ։

«Խեղդվում եմ, գնում գալիս եմ տան մեջ, համբուրում-գրկում եմ երեխուս նկարները, խոսում ու անընդհատ հարցնում՝ ինչի՞ ինձ թողեցիր մենակ, տղե՛ս», -ասում է տիկին Լալին։

2019-ի հունվարին միայնակ մոր որդուն տարել են միանգամից Լեռնային Ղարաբաղ, Ջրական։ Ասում է՝ անզոր էր պաշտպանական համակարգին հիշեցնել օրենսդրության պահանջը՝ միայնակ մոր երեխան բանակ կարող է զորակոչվել 50 կմ հեռավորության վրա միայն։ Մայրը կռիվ չի տվել, որդուն տարել են Արցախ։ «Վերցրին ու տարան։ Որ տանում էին երեխուս, գեներալն ասեց՝ դու ջահել աղջիկ ես, աշխատող մարդ ես, քո տղեն էլ թող գնա ծառայի», -հիշում է Լալին։ Այդուհանդերձ, բանակ զորակոչված Դավիթը շատ է հավանել ծառայությունը, գոհ է եղել պայմաններից։ Սակայն այդ ամենը երկար չի տևել։

2020-ի աշնան մղձավանջային օրերը արտասվելով է հիշում տիկին Լալին։ Սեպտեմբերի 27-ին զանգել է որդուն ու զարմացել նրա անվրդով ձայնից․ «Ասեց՝ մամ, լավ եմ, ինչի՞ ես էդքան զանգում։ Հարցնում եմ՝ ո՞նց ես, ի՞նչ եք անում, ի՞նչ վիճակ ա, պատերա՞զմ ա, ասում ա՝ լավ ենք, ի՞նչ պատերազմ։ Ես լսում էի կրակոցների ձայնը, բայց ինքը չէր ասում, որ վատ են, մենակ ասում էր՝ մենք ստեղ ենք, որ դուք ձեր գլուխը հանգիստ դնեք բարձին, քնեք»։

Մինչև հոկտեմբերի 3-ը ամեն օր Դավիթը զանգել է մորը, հանգստացրել նրան։ Հետո Լալին որդու հետ կապ չի հաստատել և հոկտեմբերի 5-ին իմացել են որդու մահվան մասին։ «Վերջին անգամ, որ խոսում էինք ասեց՝ ոնց եմ հոգնել, հրադադար չի լինո՞ւմ։ Ասեցի՝ չգիտեմ, ու ինքն ինձ ասեց՝ քեզի շատ լավ կնայես», -վերջին հեռախոսազրույցից հիշում է մայրը։ Ընկերները որդուն կորցրած մորը փոխանցել են՝ Դավիթն ամեն ինչ արել է Ջրականի իր անունով «Այդոևի բլուրը» պահելու համար, բայց թշնամու ուժերը անհամեմատ շատ են եղել։

Դավիթի մարմինը սպաներից մեկը թշնամուց թաքցրե լէ հողերի մեջ և դրա համար էլ արդեն 2021-ի հունվարին մայրը որդու ամբողջական մարմինն է ստացել։

Որդու մահից հետո անհաջողությունների շղթան ուղեկցել է երիտասարդ կնոջը․ սկզբում պատերազմի ընթացքում, այնուհետև արդեն որդու մահվան բոթը ստանալուց հետո տան վարձակալը համառորեն ու աստիճանաբար բարձրացրել է բնակարանի վարձավճարը, հետո որդու մարմինը որոնելու համար վերցրել է վարկեր ու ընկել պարտքերի տակ, իսկ արդեն որոշ ժամանակ անց խոշոր վթարն ու դրա ծանր հետևանքները հանգիստ չեն տվել կնոջը։ Վթարի հետևանքով Լալին ողնաշարի կոտրվածք է ստացել, մի քանի ծանր վիրահատության ենթարկվել։ Ասում է՝ ողնաշարը իմպլանտներով հավաքված է, ծանր աշխատանք բժիշկները հորդորել են չկատարել։ Արդյունքում երիտասարդ տարիքում դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ։

Վարկային ծանր բեռից ազատվելու համար դիմել է դատարան ու սնանկ ճանաչվել, անբարեխիղճ վարձակալից ազատվելու համար հավաքել է իրերը ու նոր բնակարան տեղափոխվել։ Ամենատանջալիցը, ասում է, Դավիթի անկյունը անընդհատ տեղափոխելն է։ Այժմ որդու տարբեր տարիքի լուսանկարները նոր բնակարանի սև դաշնամուրի վրա են՝ խնամքով դասավորված։ «Նախորդ վարձակալը շատ անխիղճ էր․ պատերազմը սկսեց, եկավ թանկացրեց տան վարձը, հետո երբ որդուս էի ման գալիս, էլի բարձրացրեց ու նաև վթարից հետո թանկացրեց, 70 հազարից դարձրեց 150 հազար։ Ես նեղվեցի, ասեցի՝ ինքը խիղճ չունի ու դուրս եկա։ Սարսափելի էր Դավիթիս անկյունը անընդհատ տեղափոխելը։ Իմ համար շատ դժվար ա, որ ես իրա նկարները վերցնում, հավաքում եմ մի արկղի մեջ, հետո նորից հանում, դասավորում», -արտասվում է Լալին։

Որդու մահից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից միանվագ 10 մլն դրամ գումարը Լալին ծախսել է որդուն արժանավայել շիրմաքար կառուցելու համար, իսկ ամեն ամիս հատկացվող 200 հազար դրամը տան վարձի համար է։ Իր հաշմանդամության 35 հազար դրամ թոշակը նրա ապրելու գումարն է։ Մատնահարդարման կուրսեր է անցել, ասում է՝ շատ է սիրում այդ արհեստը, բայց դրա համար սարքավորումները չի կարողանում գնել․ անհրաժեշտ 300 հազար դրամ գումարը չունի։ «Որ ունենայի, գոնե տունը գործ կանեի», -ասում է կինը։

Ծանոթներից լսել է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարաններ են հատկացնում։ Դիմել է Երևանի քաղաքապետարան, նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի անունով մերժման նամակ է ստացել՝ Երևանի հաշվառում չունեն։ Դիմել են հաշվառման վայր՝ Արագածոտնի մարզպետարան, սակայն այստեղից էլ պատասխանել են, որ նման ծրագիր չունեն։

«Ինչի իմ տղեն մենակ Արագածոտնի մարզի համա՞ր ա զոհվել։ Դավիթս երազում էր տուն ունենար, միշտ ասում էի՝ անպայման կունենանք։ Ինձ հետ կռիվ են անում՝ ինչո՞ւ էդքան փող ծախսեցիր գերեզմանի համար, բայց ո՞նց կարայի չծախսեի, ախր։ Էդ հիմա իրա տունն ա, որ ես գնում եմ։ Գոնե պետությունն օգներ թեկուզ մի դոմիկ, մի փոքր տարածք տրամադրեր իմ ապրելու համար, որ երեխուս գումարը պահեի, ես իմ տունը կառնեի», -նշում է նա։ Դիմել են նույնիսկ խորհրդարանի իշխանական խմբակցությունում փոքրամասնության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին, սակայն ոչ մի արձագանք։

Խորը վիշտն ու սոցիալական վատ պայմանները նույնիսկ երիտասարդ կնոջը հետ չեն պահել նորից մայրանալու մտքից։ Ասում է՝ մի անգամ դիմել է արհեստական բեղմնավորման պետական ծրագրին, սակայն ելքն անհաջող է եղել։ Պատրաստվում է կրկին փորձել․ «Իմ ազգությունը մի քիչ դրան լավ չի նայում, բայց դիմելու եմ նորից»։

Հ․ Գ․ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն/ www.forrights.am-ը ներկայացնում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են պատերազմին և հերոսաբար զոհվել հայրենիքի համար։

Նախորդ պատմությունները- Որդու մահվան մասին Քալոյաններին հայտնել է նրա մանկության ընկերը․ «Զանգեց, ասեց՝ առյուծդ ընկավ» 

«Մեզ մարդկանց ուշադրությունն է մխիթարում». Պատերազմում ազգությամբ եզդի Խուդոյանները կորցրել են որդուն՝ Ալիկին

«Ասել են՝ վայեննի բիլետը գցի, որ չիմանան եզդի ես». ազգությամբ եզդի Կոտոյանների մի որդին անհետ կորած է, մյուսը՝ գյուղի գերեզմանատանը

«Երեխեքին ուղարկել են գրաված տարածք, մսաղացի մեջ գցել, ինչի՞»․ Ազգությամբ եզդի Սամսոնյանները որդու մարմինը այդպես էլ չեն ստացել

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest