36-ամյա Լուսինե Իսրաիլյանը Արցախից բռնի տեղահանումից հետո արդեն վեց ամիս է՝ ապրում է մեղքի ծանր զգացումով՝ ինչո՞ւ ամուսնուն թողեց այնտեղ ու ինքը եկավ Հայաստան։ «Ես որ մահանայի, ինքը ինձ հաստատ կբերեր, չէր թողի էնտեղ մենակ», -Forrights.am-ի հետ զրույցում իրեն տանջող մտքերն է բարձրաձայնում Լուսինեն։

Ամուսինը Գրիգոր Իսրաիլյանն էր՝ 22 տարվա զինվորական, ծառայում էր Արցախի Պաշտպանության բանակում, և մահացել է սեպտեմբերի 20-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դիրքերի պաշտպանության ժամանակ։   «Բանակում ծառայության 20 տարին որ լրացավ, պետք է թոշակի անցներ, ամեն անգամ հետաձգում էր։ Մեկ մեկ ասում եմ՝ թե ինչի գործից դուրս չեկավ։ Սաղ կյանքը նվիրեց բանակին, բանակի հետ էլ գնաց», -ասում է Լուսինեն։

Մինչև սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումն ու պատերազմը, շրջափակման մեջ կյանքը հեշտ չի եղել Իսրաիլյանների ընտանիքի համար։ Ապրել են Ստեփանակերտում, Լուսինեն աշխատել է «Արևիկ» մանկական բուժմիավորումում որպես բուժքույր, Գրիգորը՝ ծառայության մեջ, զուգահեռ զբաղվել գյուղատնտեսությամբ։ Սեպտեմբերի 18-ին որոշել են գնալ հարազատ Խնձրիստան, եղած քիչ ալյուրով հաց թխեն, գյուղական գործերն ավարտեն, սակայն կեսգիշերին զանգել են՝ հայտարարված է տագնապ, պետք է գնալ դիրքեր։ «Ասեցին՝ վիճակը լավ չի, ու ինքը մեզ թողեց գյուղում, կեսգիշեր էր, գնաց։ Թողեց-գնաց»։ Ընտանիքը Գրիգորին էլ չի տեսել։ Մինչև սեպտեմբերի 20-ի առավոտ կցկտուր հաղորդագրությունների ու կարճ զանգերի միջոցով շփվել են, բայց արդեն սեպտեմբերի 20-ի երեկոյան ստացել են զինվորականի մարմինը։ «Հնարավոր չէր չճանաչել, գրպանում իրա բոլոր իրերն էին», -հուզմունքը չի կարողանում զսպել Լուսինեն։

Արցախի վրա ադրբեջանական հարձակման երկու օրերը մղձավանջային են եղել երիտասարդ կնոջ համար՝ պատսպարվել նկուղներում, սպասել ամուսնուց հուսադրող լուրերի, հոգ տանել որդու՝ 15-ամյա Գևորգի մասին ու մտածել՝ երբ է ավարտվելու այս անորոությունը։ «Մեր նախարարներից, կառավարությունից, մեր նախագահը որևէ մեկը գոնե դուրս գար ու հանգստացներ մարդկանց, ասեր՝ վիճակն այսպիսին ա, այս-այս քայլերը պետք է ձեռնարկել, խուճապի մի մատնվեք։ Ով ինչպես կարողանում էր, իր գլուխն էր պահում, փրկվում, իր երեխաներինփրկում», -հիում է կինը։

Ամուսնուն՝ Գրիգոր Իսրաիլյանին հուղարկավորել են սեպտեմբերի 23-ին, երբ նույնիսկ գլխի չէին ընկնում, որ պետք է լքեն Արցախը։ «Ճիշտն ասած վիճակն էնքան լարված էր, որ չէինք մտածում՝ ինչ էր լինելու։ Ոչ էլ կարում էինք դագաղ գտնեինք։ 23-ին հուղարկավորեցինք ու էդ ժամանակ զրույց չկար, որ պետք է տարհանվեինք, դուրս գայինք Ստեփանակերտից։ Ամսի 24-ին մեր բարեկամներից մեկն եկավ, ասեց՝ մարդիկ արդեն դուրս են գալիս, մենք էլ պետք է սկսենք շարժվել։ Եթե ես իմանայի, որ դուրս ենք գալու, կբերեինք Գրգորին մեր հետ, որովհետև ես հիմա ամեն օր մտածում եմ՝ ինչ կարա լինի հիմա էնտեղ։ Հիմա որ ինձ հարցնեք՝ որտեղ ա հուղարկավորված ամուսինդ, կարող է տեղն էլ չիմանամ։ Սարսափելի վիճակ էր․ փոսեր էին պատրաստած ու հերթով բոլորին տանում, հողին էին հանձնում։ Մեկ մեկ մտածում եմ՝ եթե ես հանկարծ հետ գնամ, տեղը կիմանա՞մ։ Ամեն անգամ ես ինձ մեղադրում եմ, որ իրան թողել եմ, ու ես եկել։ Եթե ձև լիներ, իմանայինք, չէինք հուղարկավորի, ստիպված թողեցինք, դուրս եկանք։ Միշտ մտածում եմ՝ ինքն ընդեղ ա, մեզ ա սպասում, հեսա գնալու ենք։ Տենց եմ մտածում, չգիտեմ, երևի սիրտս էդ ա ուզում դրա համար եմ տենց մտածում», -ասում է Լուսինեն։

15-ամյա որդու հետ Լուսինեն ապրում է հարազատների տանը, Երևանում։ Վերջերս երևանյան բուժհիմնարկներից մեկում որպես բուժքույր անցել է աշխատանքի, աշխատավարձը անհամեմատ ցածր է, հետևաբար վարձով առանձին տուն ունենալու մասին դեռ չեն կարող մտածել։ Բացի ամուսնու կորստի ցավը, կենցաղային հոգսերն են շատացել․ հարազատ երեք եղբայրները հաշմանդամություն ունեն, պետական աջակցություն չեն ստանում, և նա ստիպված է պարբերաբար գնալ Վանաձոր, հոգ տանել տարեց ծնողների ու անօգնական եղբայրների համար․ «Առաջ ամբողջ հոգսը ամուսինս էր իր վրա վերցրել, հիմա ես եմ դա անում»։ Մյուս կողմից՝ երեխան դեռահասային տարիքում է, առայժմչեն կարողանում հարմարվել երևանյան կյանքին։

«Էնքան նպատակներ ունեինք իր հետ կապված, բայց հիմա ինչ եկել ենք ստեղ, ոչ մի բան չի ուզում։ Բացի հորից, հարազատ ընկեր ա կորցրել պայթյունի ժամանակ։ Դժվար ա համակերպվում ստեղի երեխաների հետ։ Ուզում եմ պատկերացնեմ ապագաս, չի ստացվում, չեմ տեսնում ոչ մի բան։ Մեկ-մեկ ասում եմ՝ ես էլ եմ մահացել Արցախում։ Բայց նայում եմ երեխուն սթափվում եմ։ Երեխու համար եմ հիմա ապրում, եթե ինքը չլիներ չէի էլ ապրի»։

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարները՝ Լուսինեի անձնական արխիվից

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest