59-ամյա Նարինե Նալբանդյանի ու նրա հաշմանդամություն ունեցող ամուսնու՝ Բագրատի համար այժմ ուրախության ու միաժամանակ հանգստության օրեր են: Երկար տարիներ բանտում անցկացրած ամուսինները թեթևացած շունչ են քաշում, աչքալուսանք ստանում համագյուղացիներից․ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ դեկտեմբերի 5-ին կայացրած վճռով վերջնականապես արդարացրել է Նալբանդյաններին։

«Դատավորը հենց կարդաց վճիռը, սիրտս վատացավ, ճնշումս բարձրացավ, դատավորը հարցրեց՝ լավ չե՞ք զգում, ասեցի՝ ուրախությունից եմ վատանում։ Ու սկսեցի լացել», —Forrights.am-ին պատմում է տիկին Նարինեն։

Բագրատ Նալբանդյանը անազատության մեջ անցկացրել է 9 տարի, իսկ Նարինե Նալբանդյանը՝ 13 տարի 2 ամիս։ Երկու ամիսը հատուկ է շեշտում ու բացատրում․ «Բանտի մի օրը դժոխային մի տարի ա, մղձավանջ էր, տանջանք»։

Ինչո՞ւ են ամուսինները դատապարտվել, հետո՝ արդարացվել

2004 թվականին Վարդենիսում 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի սպանությունը խառնում է Նալբանդյանների ընտանիքի անդորրը։ Սպանվածը նրանց դուստրերից մեկի՝ Արևիկի համադասարանցին է եղել, և իրավապահները հանցանքի կատարումը բարդել են այս ընտանիքի վրա։

Նախ ընտանիքի հորը՝ Բագրատին են բերման ենթարկում ոստիկանություն, ծեծի ու խոշտանգումների միջոցով փորձում են ինքնախոստովանական ցուցմունք կորզել, բայց՝ ապարդյուն։ Այնուհետև բերման ենթարկվողը Նարինեն էր։ Կնոջը ևս ծեծի են ենթարկում ոստիկանական բաժանմունքում՝ ուղղորդելով՝ «գրի, որ դու ես սպանել էդ աղջկան, քանի որ վատ հարաբերություններ է ունեցել քո աղջկա հետ»։ Սակայն Նարինեն ինքնախոստովանական ցուցմունք չի գրում։

Իրավապահները դիմում են այլ միջոցի՝ երեկոյան, աշխատանքային ժամից հետո բաժանմունք են բերում Նալբանդյանների անչափահաս աղջկան ու առանց մանկավարժի և ծնողների  մի քանի ժամ առնետներով մութ սենյակում։ Երեխային ևս բռնության են ենթարկում՝ քաշել են մազերից, գցել են գետնին ու հարվածել։ Իսկ Նարինեին էլ, որն այդ ժամանակ ոստիկանությունում հուսահատ վիճակում երեխային փնտրելիս է եղել, ասել են՝ եթե չխոստովանես, որ սպանել ես, երեխուդ կբռնաբարենք։

Հենց այս սպառնալիքն էլ կոտրել է Նարինեն, ու նա ստիպված ինքնախոստովանական ցուցմունք է գրում։ Ընդ որում՝ հակասական, մի օրվա ընթացքում մի քանի տարբեր ցուցմունք է տալիս։

Արդյունքում հորինվում է անհեթեթ մի վարկած՝ Վարդենիսցի սպանված աղջիկը իբրև թե վատ հարաբերություններ է ունեցել Նալբանդյանների աղջկա հետ, ինչն էլ շարժառիթ է հանդիսացել, որ Նարինեն սպանել է այդ աղջկան ու ամուսնու հետ իբրև գիշերը տարել, մազութի հորն են գցել երեխայի դին։

Դատարանում Նարինեի շահերը ներկայացրել է նախկին փաստաբան, այժմ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը, և նրանք պարբերաբար փորձել են դատարանում ներկայացնել ոստիկանության բաժանմունքում վատ վերաբերմունքի, խոշտանգման, բռնությունների մասին, սակայն ապարդյուն։

Հայաստանի ներպետական դատական ատյաններում խայտառակ դատավարություններից հետո արդեն 2006 թվականին պաշտպան Սեդա Սաֆարյանը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Արդյունքում 2015 թվականին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել, որի համաձայն, հաստատվել է Նալբանդյան ամուսինների և նրանց դստեր իրավունքների խախտման փաստը։ Մասնավորապես, ըստ ՄԻԵԴ-ի, տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում, հաստատվել է, որ Նալբանդյանները ենթարկվել են խոշտանգումների։ Եվրոպական դատարանը նաև պարտավորեցրել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը 62 հազար եվրո գումար փոխհատուցել Նալբանդյաններին:

ՄԻԵԴ-ի վճիռը և Նարինե Նալբանդյանի դիմումը հիմք են եղել, որ Հայաստանի դատարանները նոր քննություն իրականացնեն։

«7 տարի դատաքննությունից հետո Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 5-ին անպարտ ճանաչեց Բագրատ և Նարինե Նալբանդյաններին, բայց փաստացի նրանք կրել էին իրենց պատիժը», -ներկայացնում է Նալբանդյանների ներկայացուցիչ, փաստաբան Մոնիկա Մարգարյանը։

Այժմ, փաստաբանի խոսքով, սպասում են՝ վճիռը մտնի օրինական ուժի մեջ և հետո միայն նոր պայքար կսկսեն բարոյական վնասի փոխհատուցման պահանջով։

«Սկզբից նպատակային չեմ համարել փոխհատուցում պահանջելը, չէ, մարդն իր ազատությունից էն կողմ ոչինչ չի ուզի, բայց հետո որոշեցի՝ Մոնիկայի (նկատի ունի փաստաբանին-հեղ․) հետ միասին մենք գնալու ենք առաջ, հոգեկան տանջանքները բացի, ես գումարներ եմ ծախսել՝ մահացածի թաղման համար ինձանից փող ուզեցին, երեխեքս են տանջվել, ո՞նց չուզեմ փոխհատուցում», -ասում է Նարինե Նալբանդյանը։

Ազատության մեջ, բայց անհանգիստ

2004-ից Աբովյանի կանանց գաղութում 13,2 տարի ազատազրկումից հետո Նարինե Նալբանդյանը ազատվում է 2017 թվականի օգոստոսի 8-ին։ Սակայն վերջնական հանգստությունը կինը ապրում է միայն այս տարվա դեկտեմբերի 5-ին, երբ դատարանը վճռում է, որ Նարինեն ու իր ամուսինը չեն սպանել վարդենիսցի աղջկան ու արդարացվում են։ «Իմ հիմնական խնդիրը էն էր, որ մենք արդարացվեինք, էդ պիտակը մեր ու մեր ընտանիքի, կարելի ա ասել ամբողջ ազգի վրայից հանվեր», -ասում է 59-ամյա կինը։

Մինչև ազատազրկումը Նարինեն գրադարանավար էր։ Դեպքից հետո կորցրել է աշխատանքը, բարի համբավը, իսկ անչափահաս երեք երեխաներին թողել մեծահասակ մոր խնամքին։ Մայրը կարողացել է միայն 4 տարի պահել երեխաներին և նրա մահվանից հետո անչափահասները մանկատուն տեղափոխվելու ռիսկի տակ են եղել․ «Երեխեքս՝ քուր-ախպեր շատ դաժան օրեր են տեսել, շատ։ Բայց իմ տղեն կարացել ա քույրերին նայի, պահի»։

Ասում է՝ պատժի կրման ժամկետի ավարտից ու ազատվելու հետո փողոցում քայլելիս մտածել է՝ ես էս մարդկանց համար հանցանք կատարած եմ համարվում, բայց ես հանցանք չեմ գործել։

«Կոմպլեքսավորվում էի իմ մեջ, չնայած միշտ փորձել եմ իմ ճիշտը տանել առաջ, մի տեսակ խորշում էի, մտածում էի՝ ինչի՞ պիտի անտեղի ես էդքան տարի անցկացնեի էն միջավայրում (նկատի ունի բանտում-հեղ․), 150 տարբեր կանանց մեջ ապրելը շատ դժվար էր»,- ասում է Նարինե Նալբանդյանը։

Ոստիկանության բաժանմունքում բռնությունը, խոշտանգումները անհետևանք չեն մնացել կնոջ առողջության համար․ «Պառկացրել էին, ռետինե մահակով խփում էին ոտքերիս տակ։ Հիմա ոտքերիս ուժեղ ցավեր եմ ունենում, որ գնացինք Հանրապետական հիվանդանոց, ասեցին՝ վերջ, էս ցավը մինչև կյանքիդ վերջ լինելու ա, ասեցին՝ ոտնատակի ոսկորները փշրված են, մանր ոսկորներ կան»։

2004-ին 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի սպանությունը, սակայն, այդպես էլ մնում է չբացահայտված։ Նարինեն ասում է՝ հարազատները մի քանի անգամ ասել են, որ չեն ուզում բացահայտվի, ամեն ինչ անցյալում է, հետևաբար հիմքեր չկան քրեական գործը վերաբացելու համար։ «Ես ասում էի՝ եկեք դիմում գրենք, որ գնան բացահայտեն սպանությունը, որ ձեր երեխու հոգին հանգիստ լինի, բայց չուզեցին։ Հետո ավելի ուշ արդեն վերաքննիչ դատարանում ասում էին՝ Նարինեի դեմ բողոք չունենք։ Մի անգամ նույնիսկ մայրը հայտարարեց՝ օրգանը (ոստիկանությունը-հեղ․) ասեց՝ գրեք սպանողը Նարինեն ա, մենք էլ գրեցինք։ Հայրը ոստիկանության աշխատող էր, երևի էդ էր պատճառը, որ առաջ չտվեցին գործը։ Մութ պատմություն էր», -հիշում է 59-ամյա կինը ու պարբերաբար շնորհակալություն հայտնում աստծուն։

Նշենք, որ Ոստիկանության բաժանմունքում խոշտանգման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Նարինե Նալբանդյանը մատնանշել է իրեն խոշտանգած ոստիկանների շրջանակը, սակայն քրեական գործի քննությունը կասեցվել է։ Եվ նա, և նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը չեն բացառում, որ առաջիկայում կպահանջեն նաև վերսկսել այդ գործի քննությունը։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest