Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում տեղակայված ինժեներասակրավորական վաշտի կացարանում 15 զինծառայողի մահվան ելքով հրդեհի գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը թեպետ 4 ժամ ցուցմունք է տվել, այդուհանդերձ, դեռ չի ավարտել ցուցմունքը: Նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանն ասում է՝ առողջական խնդիրների պատճառով հարցաքննությունը ընդհատվել է և երբ Հակոբյանն իրեն լավ զգա, կշարունակվի:

Մինչ այդ, սակայն, ցուցմունքում Հակոբյանը փորձել է ներկայացնել՝ ինչ է տեղի ունեցել ողբերգական գիշերը կացարանում:

«Նա պատմեց, որ փորձել է վառել կացարանում տեղադրված վառարանը, ինչի համար սուրճի գավաթի չափով բենզին է լցրել վառարանի փայտի վրա։ Մոտ 10 վայրկյան սպասելուց հետո, կարծելով, որ կրակը չի վառվում, դեմքով կռացել է առաջ դեպի վառարանը ու այդ պահին կրակը բռնկվել ու այրել է ամբողջ դեմքը։ Ինքը ենթադրում է, որ վառարանի դռնակից բոց է դուրս եկել, որովհետև ասում է՝ ձեռքիս կանեստրն էլ բռնկվեց։ Ասում ա՝ կանեստրը դրեցի գետնին, որովհետև ահավոր ցավեր ունեի այրվածքներից, բայց հետո տեսա, որ կանեստրն էլ ա բռնկվել, դուրս շպրտեցի։ Դուրս շպրտելու պահին, հավանաբար, բենզին ցփնվեց մուտքի դռան վրա, որովհետև մուտքի դուռն էլ  բռնկվեց»,-Forrights.amժի հետ զրույցում Հակոբյանի ցուցմունքից ներկայացնում է նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Նույն ցուցմունքում, Հակոբյանը նաև պատմել է, որ երբ տեսել է կրակը տարածվում է դեպի ննջարանը, բղավել է, որ այնտեղից տղաները դուրս գան:

«Պատմեց, որ իր հետ նույն սենյակում գտնվող զինծառայող Լյովան մտել է ննջարան, տղաներին գոռացել՝ տղե՛րք, հրդեհ ա, դո՛ւրս եկեք, շատ մեծ աղմուկ է եղել, գոռոցներով փորձել ենք հանել, բայց ասում է՝ չկարողացանք», -պատմում է Սարգսյանը ու նկատում, որ Եղիշե Հակոբյանն ինքն էլ զարմանք է հայտնել, թե ինչու չեն կարողացել ննջարանից տղաները դուրս գալ

«Նա էլ զարմացած էր, թե ինչու չեն կարողացել դուրս գալ տղաները, որովհետև ննջարանի դուռը բաց է եղել, և բացի այդ, առնվազն 15 րոպե կար, մինչև հրդեհը կհասներ ննջասենյակի դռանը»,- հավելեց Հովսեփ Սարգսյանը։

Հարցին, թե Հակոբյանը ասել է, որ ննջարանի դուռը բաց է եղել, սակայն կան տվյալներ, որ փորձել են մեքենայով քանդել տան պատը զինվորներին դուրս բերելու համար, Սարգսյանը արձագանքեց. «Ցուցմունքն ընդհատվեց և այդ մասով դեռ ցուցմունք չի տվել Եղիշե Հակոբյանը»:

Կապիտանն իր ցուցմունքում ասել է, թե ողբերգական հրդեհի օրը տղաները հոգնած են եղել, քանի որ ծանր աշխատանք են կատարել և թեպետ գիշերը ժամը 10-ի սահմաններում պետք է պառկած լինեին, բայց միևնույն է, շարժ զգացել են: Սակայն, թե մասնավորապես ինչով են զբաղվել, կապիտանն իր ցուցմունքում տեղեկություն չի հայտնել:

«Երբ նա փորձել է վառել վառարանը, այլևս շարժ չի նկատել, հրդեհից հետո ցավից այնպես է բղավել, որ անգամ ամենախորը քնած մարդը քնից կարթնանար։ Ասում ա՝ ես տեսա, որ ձայն են տալիս, դուրս չեն գալիս, սկսեցինք լուսամուտներից գոռալ: Կրակն արդեն հասել էր ննջարան, էլ չէինք կարողանում ներս մտնել: Ասում ա՝ էդ պահին լոմ, թե էլի ինչ-որ բան գտանք, ռեշոդկեն ծռեցինք, երկու հոգու փրկեցինք»,-Հակոբյանի ցուցմունքը ներկայացրեց Հովսեփ Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ, պատուհանին ևս մեկ զինծառայող է մոտեցել, սակայն նրան չեն կարողացել քաշել, դուրս բերել:

Դիտարկմանը, թե փրկարար ծառայության պաշտոնյան եթերում հայտարարել էր, որ զոհված զինծառայողների դիերը հայտնաբերվել են նրանց մահճակալներին, ինչը զինվորական դատախազությունը հերքել էր, փաստաբան Հովսեփ Սարգսյանը արձագանքեց ասելով, թե չի մեկնաբանում այս գործով կողմերից որևէ մեկի հնչեցրած որևէ գնահատական կամ տեսակետ:

Այդուհանդերձ, Եղիշե Հակոբյանի փաստաբանը պնդում է մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում հնչեցրած դիրքորոշումը՝ Հակոբյանին առաջադրված մեղադրանքը «խիստ նախնական է»:

«Այո, պնդում եմ՝ նրան առաջադրված մեղադրանքը խիստ նախնական է, որովհետև փաստական տվյալները ամբողջական չեն: Պետք է տուժողների մահվան պատճառի և Եղիշե Հակոբյանի գործողությունների պատճառահետևանքային կապ լինի: Եթե այդ կապը բացակայում է, մեղադրանքի մասին խոսք լինել չի կարող: Իսկ այդ կապի մասին խոսելը դեռևս շատ վաղ է, քանի որ դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները չեն ստացվել, փաստական այլ տվյալներ չեն ստացվել: Դրանց ուժով է միայն հնարավոր մեղադրանքը հաստատված համարել», -նշեց Հովսեփ Սարգսյանը:

Եղիշե Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում հունվարի 19-ին խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 15 զինծառայող մահացել էր, 3-ը տարբեր այրվածքներով հոսպիտալացվել էին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի օրը հայտարարել էր, թե հրդեհը բռնկվել է սպայի կողմից ավտոբենզինով վառարանը վառելու հետևանքով:

Քրեական վարույթի շրջանակներում կա 5 մեղադրյալ՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը, ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, որի մասին էլ հենց խոսել էր Փաշինյանը, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ. Մ.-ն և ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն:

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest