Զինծառայության ընթացքում 1-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած 35-ամյա Դավիթ Հակոբյանին Հայաստանի դատական համակարգը արդեն վեց տարի է՝ դատում է։ Այս գործով 3 դատավոր է փոխվել, 4 դատաախազ են միմյանց հաջորդելով պաշտպանում մեղադրանքը, տարիներ շարունակ հրավիրում է նիստեր,  սակայն այդպես էլ գործը լոուծում չի ստանում։

Օգոստոսի 4-ին Դավիթ Հակոբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։ Այս անգամ պատճճառը Դավիթի փաստաբան Մուրադ Ասրյանի բացակայությունն էր։ Փաստաբանը, թեպետ դատական կարգով ծանուցվել էր նիստի մասին, սակայն չէր ներկայացել։ Ոչ դատարանը և ոչ էլ պաշտպանյալը՝ Դավիթ Հակոբյանը, չկարողացան կապ հաստատել փաստաբանի հետ՝ հասկանալու՝ ինչու է ուշանում և արդյոք ներկայանալու է  նիստին, թե ոչ։

Forrights.am-ը նույնպես ողջ օրվա ընթացքում փորձեց կապ հաստատել փաստաբանի հետ, սակայն այդպես էլ նրա հեռախոսահամարը հասանելի չդարձավ։

Դավիթ Հակոբյանի անհավանական ծանր պատմությանը Forrights.am-ը ավելի վաղ անդրադարձել էր։ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդը ծառայության ընթացքում բժշկական անփույթ վերաբերմունքի հետևանքով առողջական հսկայական խնդիրներ է ստացել, որոնք հիմա լուծելու համար փորձում է գումար հավաքել և մեկնել Գերմանիա բուժման, սակայն անհեթեթ ու առանց ապացույցների մեղադրանքի հիմքով որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Այդպես արդեն 5 տարի։ Արդյունքում նա այժմ չի կարողանում ստանալ պատշաճ վերականգնողական բուժում, մարմնի մի հատվածը անզգայանում է։

Պաշտպանական գերատեսչության և ընդհանրապես, պետության անտարբերության պայմաններում այլ ելք չգտնելով Դավիթը իր խնդրի վրա պատկան մարմինների ուշադրությունը գրավելու համար մի քանի անգամ ՊՆ-ում, ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր է տվել իրավապահ մարմիններին։ 2015-ին առաջին կարգի հաշմանդամ երիտասարդը դատապարտվել է 1,6 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու համար։ Եվ երբ պատժի կրման ավարտին մնացել է 2 ամիս Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի միջնորդությամբ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նրան ներում է շնորհել։

«Մարդիկ ոչինչ չէին անում, և ես ստիպված եմ ահազանգ տվել, ես այս քայլով փորձել եմ ուշադրություն գրավել, որ իրանց առաջացրած խնդիրներից ես կարողանամ լուծում գտնել», -բացատրում է Դավիթը։

 

2018-ին տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո Դավիթի մոտ հույսեր են առաջանում, և նա 2019-ի սկզբին ՊՆ-ի դիմաց մի քանի օր հացադուլ է հայտարարում։ Արդյունքում ՊՆ-ն խոստանում է աջակցել մեկնել Գերմանիա բուժման, սակայն այդպես էլ չի կատարում խոստումը, փոխարենը իրավապահները մեկ այլ մեղադրանք են առաջադրում Դավիթին՝ մեղադրելով, իբրև թե 2018-ի հունիսի 21-ին ահաբեկչության մասին կեղծ ահազանգ է ներկայացրել՝ հաղորդելով, որ ՊՆ-ում ռումբ կա տեղադրված։ «Այս քրեական գործը, քննիչի գործողությունները խայտառակություն են․ որևէ ապացույց չկա, որևէ փաստ չկա, քրեական գործ են հարուցել», — Forrights.am-ին ասում է Դավիթի փաստաբան Մուրադ Ասրյանը՝ պնդելով, որ իրենք ձգտելու են հասնել արդարացման։

 

Այս քրեական գործով վաղեմության ժամկետն ավարտվել է, և Դավիթը կարող է դիմել դատարան այդ հիմքով դատաքննությունը դադարեցնելու համար։ Սակայն այդ պարագայում արդարության հասնելու դուռը փակվում է, նա չի համարվի արդարացված։ Մինչդեռ երիտասարդն ասում է՝ ձգտում է հասնել արդարացման, քանի  որ շարունակում է պնդել՝ ինքը զանգեր չի արել, մեղադրանքի հիմքում ապացույցներ չկան։

 

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Արմեն Կարեյանը ադպես չի կարծում և ավելին՝ չի պատրաստվում հրաժարվել մեղադրանքից, թեթևացնել հաշմանդամություն ունեցող անձի հոգսը։ «Սա այդ գործը չէ։ Եթե վաղեմությանն հիմքով գործը կարճվի, ապա լինելու է ոչ արդարացմաան հիմքով», -ասում է հանրային մեղադրողը՝ պնդելով պետական մեղադրանքը՝ այս գործով ապացույցներ կան։

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 27-ին, ժամը 12։30-ին։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest