Ազատ գյուղում հունվարի 19-ին զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան ելքով ողբերգական վթարի գործով մեղադրյալներից մեկը ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանն է, որը ցուցմունք տվել է և ասել, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Զինվորական պաշտոնյային մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:

Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանին: Վերջինը, սակայն, հրաժարվել է պաշտպանի ծառայություններից: Նրանք երկուսն էլ կալանավորված են:

Գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը պատասխանատու է եղել զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման և վիճակի համար ու «իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չի կատարել»:

«Դա ընդամենը նկարագիր է, և վարույթն իրականացնող մարմինը եզրակացրել է, որ Գոռ Աղեկյանի կողմից հակահրդեհային համապատասխան պարագաներ, կոնկրետ՝ կրակմարիչ դեպքի վայրում տեղադրած չեն եղել, սա է ըստ էության մեղադրանքի էությունը, ինչը վարույթն իրականացնող մարմինը նշել է մեղադրանքի մեջ: Բայց շեշտեմ՝ Գոռ Աղեկյանը իրեն մեղավոր չի ճանաչում», -Forrights,am-ի հետ զրույցում ասում է Աղեկյանի փաստաբան Ժորա Համբարձումյանը:

Զինվորականի պաշտպանն ասում է՝ մեղադրանքը որոշակի չէ, իսկ մեղադրանքի հիմքում ընդհանրական ձևակերպումներ են դրված:

«Միանշանակ կարող եմ պնդել, որ հիմնավորված չէ՝ արդյոք Գոռ Աղեկյանն է հանդիսանում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատասխանատուն», -նշում է փաստաբան Ժորա Համբարձումյանը:

Զինվորականի պաշտպանությունն իրականացնող փաստաբանը փորձում է հասկանալ՝ ո՞րն է Աղեկյանի գործողության կամ անգործության և վրա հասած դժբախտության հետևանքի հետ պատճառահետևանքային կապը:

«Վարույթն իրականացնող մարմինը պետք է հստակեցներ՝ ում գործողությունների հետևանքով է եղել հրդեհը: Ինչպես հանրությանը հայտնի է, հրդեհը եղել է այլ անձի գործողության հետևանքով», -ընդգծում է Աղեկյանի փաստաբանը:

Այլ անձը, նկատենք, զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանն է, որը ըստ մեղադրանքի ավտոբենզինով փորձել է վառարան վառել: Նրա  փաստաբանը ևս Forrights.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանքը խիստ նախնական է:

«Հակոբյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի, դեռևս դիրքորոշում չի հայտնել մեղադրանքի վերաբերյալ: Նա դեռևս ցուցմունք չի տվել, բայց երեկ վարույթն իրականացնող մարմնին պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալ ամենայն մանրամասնությամբ: Բայց կտա այն ժամանակ, երբ առողջական վիճակը թույլ տա», —Forrights.am-ին ասաց Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:

Գոռ Աղեկյանի փաստաբան Ժորա Համբարձումյանի խոսքով, գործի քննության ընթացքում այլ հանգամանքներ ի հայտ կգան, փորձաքննություններ, առերեսումներ կլինեն, և ընդհանուր պատկերը կպարզվի:

«Զորամասի կացարանը, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում է եղել, ապրելու համար այնտեղ մինիմալ պայմանները ապահովված չեն եղել, երկու մուտք պետք է ունենար, բայց չի ունեցել: Օբյեկտիվորեն մեզ համար անհասկանալի է, թե Գոռ Աղեկյանը ի՞նչ պայմաններ պետք է ապահովեր, եթե այդ պայմաններն ապահովելու պարտականությունը այլ անձանց վրա է դրված եղել: Իմ պաշտպանյալը եղել է թիկունքի գծով հրամանատարի տեղակալ, իսկ վարույթն իրականացնող մարմինն էլ ենթադրելով, որ ինչ-որ կապ պետք է ունենար ի պաշտոնե, նրան մեղադրանք է առաջադրել: Սակայն իրական պատասխանատու անձը կամ անձինք, վստահ եմ, կպարզվեն հետագա վարույթի ընթացքում, արդյունքում կարծում եմ՝ իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը կհերքվի», -ընդգծում է Ժորա Համբարձումյանը:

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest