54-ամյա Անդրանիկ Սարգսյանին, որը ողնաշարային տուբերկուլյոզ ունի և դրանից ստորին վերջույթների թուլություն, Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարցաքննել են անգիտակից վիճակում ու խոշտանգել։ Հիվանդ մարդուն խոշտանգելու արդյունքում քննիչ Անի Մնացականյանի կազմած միջնորդության հիման վրա Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է մեկ ամսով կալանավորել քաղաքացուն։ Այժմ Անդրանիկ Սարգսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել, քանի որ «համաձայն չէ քննիչի ու դատարանի որոշման հետ»։

Սարգսյանի փաստաբան Սարգիս Խաչատրյանը Forrights.am-ին տեղեկացրեց, որ նրա առողջական վիճակը մնում է ծանր, ունի ցավեր ողնաշարի հատվածում, ստորին վերջույթների խնդիրները թույլ չեն տալիս քայլել, իսկ կերածը չի մարսում։

Մարտական ընկերոջ խնդրանքը՝ «նստելու» պատճառ․ քրեական գործի պատմությունը

Անդրանիկ Սարգսյանին մարտական ընկերը, որը ազատազրկման մեջ է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, խնդրել է «տուփով ինչ-որ բան» բերել իրեն, որը պետք է փոխանցեին այլ մարդիկ։ Անդրանիկը չի մերժում, «տուփով ինչ-որ բանը» ստանում է, տանում է ՔԿՀ, սակայն այստեղ պարզվում է, որ դա թմրանյութ է։ Արդյունքում Անդրանիկ Սարգսյանը ձերբակալվում է, նրան մեղադրանք է առաջադրվում ՀՀ ՔՕ 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով թրմամիջոց ապօրինի իրացնելը»։

Փաստաբան Սարգիս Խաչատրյանը վստահեցնում է, որ իր պաշտպանյալը՝ Անդրանիկ Սարգսյանը, չի իմացել տուփի բաղադրության մասին, բայց միևնույն է, պատրաստակամություն է հայտնել նախաքննական մարմնի բոլոր հարցերին պատասխանել, տրամադրել իրեն հայտնի տեղեկություններ։

Ցուցմունք և կալանք՝ ամեն գնով խոշտանգում Վաղարշապատի քննչականում

Այս պահին պաշտպանական կողմին առավել մտահոգում է նախաքննական մարմնի՝ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների անմարդկային վերաբերմունքը հիվանդ մարդու նկատմամբ, ինչի արդյունքում անձին խոշտանգելու մասին փաստաբան Խաչատրյանը արդեն հաղորդում է ներկայացրել։

Բանն այն է, որ մեղադրանքի առաջադրումից հետո մայիսին Անդրանիկ Սարգսյանը երկու ամսով կալանավորվում է։ Երկու ամսվա ընթացքում կալանքի ժամկետի երկարացման միջնորդություն քննիչ Անի Մնացականյանը չի ներկայացրել, և երբ երկամսյա ժամկետն ավարտվել է, հուլիսի 2-ին ՔԿՀ-ն ազատ է արձակել կալանավորին, սակայն «Արմավիրի» դարպասներից դուրս գալուց մի քանի րոպե անց ոստիկանության ծառայողները Անդրանիկին ձեռնաշղթաներ են հագցրել ու բերման ենթարկել Վաղարշապատի ոստիկանության բաժին։

Հատկանշական է, որ Անդրանիկ Սարգսյանին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք և դրանից հետո միայն քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացրել։ Այսինքն՝ կալանքի ժամկետը լրանալու հիմքով ազատ արձակվելուց հետո որոշում են նորից ձերբակալել ու միջնորդել դատարանին կրկին կալանավորել քաղաքացուն, այն դեպքում երբ հնարավոր էր պարզապես կալանքի ժամկետը երկարացնելու որոշում կայացնել ու առանց հավելյալ գործողությունների, առանց հիվանդ մարդուն տանջելու կալանավորել նրան։

«Մարդը ազատականով դուրս է եկել կալանավայրից, նրան ձերբակալում են առանց համապատասխան որոշման։ Տանում են ոստիկանություն ու դրանից հետո միայն որոշում են կայացնում ձերբակալել, նորից առաջադրել մեղադրանք ու կալանավորելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան։ Ինձ պաշտպանյալիս հարազատները ասել են այն ժամանակ, երբ նորից մեղադրանք է առաջադրվել Անդրանիկին։ Քննիչի անփութության պատճառով ժամկետը բաց են թողել, մարդը դուրս է մնացել կալանավայրից, նրանց ձեռնտու չի, որ այս մարդը դուրս մնա, ամեն գնով փորձում են նորից նստացնել», -համապատասխան փաստաթղթերն ու կայացրած որոշումների ժամանակագրությունը ներկայացնելով՝ Forrights.am-ին ներկայացնում է փաստաբան Սարգիս Խաչատրյանը։

Փաստաբանը իր պաշտպանյալին Վաղարշապատի քննչականում հայտնաբերել է զուգարանում, սրտխառնոցից հետո հատակին անօգնական ընկած վիճակում։ Կանչում են շտապ օգնություն, որի բուժանձնակազմը ախտորոշում է՝ գերճնշում, պարալիզացված վերջույթներ, տանջող ցավեր։ Այն, ինչ հետո կատարվել է Անդրանիկ Սարգսյանի հետ պարզապես աննկարագրելի է՝ քաղաքացուն Վաղարշապատի բուժկենտրոն հրաժարվել են ընդունել, քանի որ տուբերկուլյոզային դիսպանսերի հաշվառում ունի, ուղղակի ցավազրկել են ու թողել առանց հսկողության, տանջող ցավերի մեջ։

Սարգիս Խաչատրյանը պատմում է՝ Վաղարշապատի քննչականում քննիչները անմարդկային վերաբերմունք են դրսևորել՝ փորձելով ամեն կերպ հարցաքննել Անդրանիկ Սարգսյանին։ Մինչդեռ, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը չի գիտակցել՝ ինչ է կատարվում շուրջը, իսկ երբ իրեն հարց են տվել, միայն ցավից տնքոցներ է արձակել։

Բայց առավել ուշագրավ է այն, որ դատարանը երեք անգամ վերադարձրել է Անդրանիկ Սարգսյանին կալանավորելու մասին նույն քննիչի միջնորդությունը՝ դրանք «թերի ու ձևական» լինելու պատճառաբանություններով։ Եվ այդ ողջ ընթացքում Անդրանիկ Սարգսյանը անգիտակից վիճակում է եղել ողնաշարի ու վերջույթների տանջող ցավերից։

«Այսպես կոչված հարցաքննության ու մեղադրանք առաջադրելու ողջ ընթացքը ձայնագրված ու նկարահանված է։ Մեղադրանքն առաջադրեցին ու սկսում էին ներկայացնել, բայց ես ընդհատեցի ու փորձեցի հայտարարություն անել այն մասին, որ պաշտպանյալս անգիտակից է, չի հասկանում՝ ինչ է կատարվում շուրջը, քննիչն ասաց՝ արգելում ենք, երբ հերթը կգա, ձեր դիրքորոշումը կհայտնեք։ Ու այդպես էլ չթողեցին ինձ խոսել, դիրքորոշում հայտնել։ Այդ ամբողջ ընթացքը ձայնագրվել է։ Մեղադրանքը կարդում են ու հարցնում՝ Անդրանիկ ստորագրո՞ւմ ես, Անդրանիկը անգիտակից պառկած ա, չի հասկանում ինչ ա կատարվում, ես այդպես բոլոր աձրանագրությունների տակ նշել եմ՝ «հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ընթերցվեց երբ իմ պաշտպանյալը անգիտակից վիճակում էր, սիստեմայի տակ, ինչը ըստ իս, խոշտանգում է, միջնորդում եմ հարուցել հանրային քրեական հետապնդում խոշտանգման հիմքով»։ Բայց դրան հակառակ քննիչը վերցրեց-գրեց՝ «մեղադրյալը հրաժարվեց ստորագրել՝ հայտարարելով որ գլուխը ֆռում է», -քննչականում կատարվածը ներկայացնում է փաստաբան Սարգիս Խաչատրյանը՝ որպես ապացույց ցույց տալով քննչականում կազմված բոլոր արձանագրությունները։

Ուշագրավ մեկ այլ դրվագ՝ մեղադրանքը ներկայացնելուց հետո քննիչը արձանագրության մեջ նշում է, որ մեղադրյալ Անդրանիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում ու ցուցմունք չի տալիս։ Մինչդեռ անձը անգիտակից վիճակում է եղել և չի կարողացել գիտակցել՝ ինչ է կատարվում շուրջը։ «Գրում ենք, ասում ենք՝ մարդը մեռնում ա, չի հասկանում ինչ ա կատարվում իրա հետ, իրանք գրում են՝ ցուցմունք չի տալիս։ Բայց ասեմ, որ ինքը քրեական գործի շրջանակներում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ տվել է մանրամասն ցուցմունք, աջակցել է քննությանը», -ընդգծում է փաստաբանը։

Մեղադրյալի նկատմամբ այս պարտադրանքը պայմանավորված է եղել կալանավորելու մասին միջնորդությունը պարտադիր դատարան ներկայացնելու հանգամանքով։  Նրա վիճակն այնքան վատ է եղել, որ չեն համարձակվել նույնիսկ տեղափոխել ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ), և անձը ստիպված է եղել միջնորդության քննությանը սպասել դատարանի միջանցքում նստարանի վրա պառկած։

Ի դեպ, Անդրանիկ Սարգսյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, նրան խոշտանգելու մասին փաստաբանը փորձել է տեղեկացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, սակայն այստեղից անհաղորդ են մնացել ահազանգին և արագ արձագանքման խումբ ուղարկելու մասին փաստաբանի խնդրանքին չեն արձագանքել։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ հուլիսի 3-ին արդեն գիշերը ժամը 2։00-ին է քննում կալանավորելու մասին միջնորդությունը։ «Դահլիճում քննության ժամանակ անգամ չկարողացավ նստել, գրկեցին, բերեցին պառկացրին դահլիճում նստարանին։ Դատարանը քննեց միջնորդությունը հայտարարեց, որ առավոտյան ժամը 8-ին կհրապարակի որոշումը։ Էդ ամբողջ պրոցեսը մի ժամ տևեց։ Հիմա մտածում ենք՝ ո՞ւր տանել պաշտպանյալիս, հրաժարվում են տանել ՁՊՎ, ասում են՝ տեղափոխենք հիվանդանոց, բայց հիվանդանոցն էլի չընդունեց էդ վիճակում, քանի որ տուբդիսպանսերի հաշվառում ունի։ Հետ բերեցին Էջմիածնի ոստիկանություն, բայց հրաժարվեցին տանել ՁՊՎ։ Մենք առաջարկեցինք՝ մնա մեր մեքենայում, համաձայնեցին։ Մեքենան կանգնացրել ենք ոստիկանության բաժնի մոտ ու պաշտպանյալիս պառկացրել մեքենայիս մեջ մինչև առավոտ ժամը 8-ին որոշումը կհրապարակվեր», -պատմում է փաստաբանը։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր՝ Մակար Կիրակոսյանի նախագահությամբ որոշել է մասնակի բավարարել քննիչի միջնորդությունը, Անդրանիկ Սարգսյանը կալանավորվել է 1 ամսով։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նաիրա Բաբայանը Forrights.am-ին տեղեկացնում է, որ Անդրանիկ Սարգսյանը ունի ցավեր, ինչը ողնաշարային տուբերկուլյոզ հիվանդության հետևանք է։ «Այժմ կարողանում է ոտքով քայլել, ձեռնափայտ ենք առաջարկել, չի հրաժարվել։ Տեղում ինչ անհրաժետ է, մենք դա արել ենք։ Նրա գանգատը միայն ցավերն են ողնաշարից», -փոխանցում է ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը։

Forrights.am-ը Քննչական կոմիտե ուղղվելիք հարցմամբ կփորձի մեկնաբանություն ստանալ պետական այդ մարմնից։

Հասմիկ Համբարձումյան

Լուսանկարում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն է, որը վերանորոգումից հետո այցելել է Արմավիրի և Վաղարշապատի քննչական բաժիններ:

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest