Արցախի բռնի տեղահանումից շուրջ 5 ամիս է անցել, սակայն Գոհարն ու նրա մանկահասակ երեխաները ամեն օր վախը սրտում են քնում, լուսացնում։ «Գիշերները պառկում եմ քնելու, ականջներիս մեջ կրակոցների ձենն ա, մեր զոհված հարևանների արյունն ա աչքիս ու մեր գյուղապետի երեխու մեջտեղից բացված գլուխը։ Երեխեքս էլ են վախի մեջ», -ասում է 30-ամյա Գոհար Սահակյանը։

Երիտասարդ կինը չորս երեխա ունի՝ 3 աղջիկ, մեկ տղա։ Երեխաներից ավագը 7 տարեկան է, իսկ փոքրը՝ բռնի տեղհանման ժամանակ 7 ամսական էր։ Գոհարի ամուսինը՝ Արսեն Սահակյանը, 2015 թվականից զինվորական ծառայության մեջ է, մասնակցել տարբեր պատերազմական, ռազմական գործողությունների։ 2023-ի սեպտեմբերի 19-ին էլ ընտանիքից հեռու էր, Նախիջևանիկ գյուղի դիրքերն էր պաշտպանում։

Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ Ասկերանի շրջանի հարազատ Սառնաղբյուր գյուղի իրենց բոստանում գործ էին անում։ Գոհարն ասում է՝ կրակոցները լսելուն պես երեխաներին հավաքել է ու հետևել գյուղապետի հրահանգին՝ թաքնվել տնից հեռու մեծ ծառի տակ։

Գոհար Սահակյանը, նկատենք, ադրբեջանցիների կողմից առևանգված ու բռնության ենթարկված 72-ամյա Ջեմմա Մարաբյանի թոռնուհին է, որի պատմությունը ավելի վաղ ներկայացրել էինք։

Գյուղում հազիվ 3-4 տղամարդ է մնացել՝ մի մասը քաղաքում են եղել, մյուս մասը՝ ծառայության մեջ։ Հիշում է՝ գյուղապետը ռմբակոծության ժամանակ պարբերաբար փորձում էր կապ հաստատել օգնություն խնդրելու, սակայն կապվել չի հաջողվել։ Ինտենսիվ ռմբակոծության ժամանակ Սառնաղբյուր գյուղում 5 քաղաքացի է զոհվել, այդ թվում երեխաներ՝ Միքոն ու Նվերը։ Գոհարի երեք երեխաներն էլ վիրավորվել են հարվածից առաջացած բեկորներից։

«Իմ աչքիս առաջ էղավ էդ ամենը՝ գյուղապետի տղու գլուխը բացված էր, իրա զոքանչն էլ հարվածից մահացավ, ընկավ վրես, իրա ամբողջ արյունն թափվել ա իմ վրա։ Գյուղապետի տղան, մյուսները վիրավորվեցին, գյուղապետը գնաց իրա մաշինան բերեց։ Իրա տղուն գցեց բագաժնիկը, մնացածը նստան մաշինի մեջը, ես էլ երեխեքիս մեկին մի ակուշկով (մեքենայի պատուհանով-հեղ․), մյուսին էն մի գցեցի մեքենայի մեջ, ես էլ գնացի գյուղապետի կնոջ գիրկը նստեցի, որ երեխեքիս մենակ չթողնեմ։ Կեսս իջանք ռուսի պոստը, ասին ապահով ա ընդեղ, մնացածը մնացին մեքենայի մեջ, իրա տղեն վիրավոր էր, քշեց հիվանդանոց։ Բայց ափսոս, երեխեն մահացավ»,- հիշում է Գոհարը։

«Ռուսի պոստից» Գոհարին ու երեխաներին տեղափոխել են «ռուսի հիվանդանոց»։ Այստեղ նրանք մնացել են 4 օր, որից հետո տեղափոխվել են Ստեփանակերտի Արևիկ բժշկական կենտրոն։

Երբ ռուսական խաղաղապահ առաքելությանը պատկանող դիրքում են պատսպարվել, Գոհարն ասում է՝ խնդրել է ռուսներին գյուղի բնակչությանը օգնության հասնել, սակայն ռուս խաղաղապահները անպատասխան են թողել թշնամուց փրկվել ցանկացող կնոջ խնդրանքը․ «Ռուսներին ասեցի՝ ինչ կլինի, գնացեք օգնեք, ընդեղ էլի վիրավորներ կան, բայց չարեցին, ասեցին մեզ ըտենց հրաման չկա»։

Արսենը, որը Նախիջևանիկ գյուղի դիրքերում է եղել հարձակման ժամանակ ու գյուղի փրջափակումից անտառի միջովմի կերպ դուրս գալով փրկվել է, կնոջն ու երեխաներին գտել է հիվանդանոցում։ «Մինչև կռիվն սկսելը, ես զանգեցի ասեցի՝ եթե կարաք, դուրս եկեք գյուղից, գյուղը սահմանամերձ էր, ու հարձակման դեպքում ոնց էլ լիներ սնարյադները գալու էին գյուղի վրա։ Բայց չեն կարողացել դուրս գալ, բենզին չկար, գազ չկար, մեքենան աշխատացնելու համար», -ասում է Արսեն Սահակյանը։

Սառնաղբյուրի իրենց տնից բռնի տեղահանման ժամանակ Գոհարը հասցրել է վերցնել միայն փաստաթղթերը, որոնք սակայն ճանապարհին սարսափի միջով անցնելիս կորցրել է։ Արցախում թողել են իրենց խնայողությունները, ոսկյա զարդերը։

Այժմ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում է ապրում Գոհարի ու Արսենի ընտանիքը` փոքր նեղ «դոմիկում», Գոհարի տատիկի ու մոր ընտանիքների հետ։ Փաստաթղթեր չունեն, կարգավիճակի ու քաղաքացիության հարցը օդում կախված է։ Արսենն ասում է՝ անձնագրային վարչությանը ցույց են տալիս անձնագրի պատճենը, սակայն իրենց պատասխանում են, որ դա հիմք չէ անձը հաստատող նոր փաստաթուղթ ունենալու համար․ «Չգիտեմ՝ ոնց էս հարցը լուծենք»։

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest