Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապահ զորքերում մարտի 11-ին 19-ամյա զինծառայող է մահացել, որի մասին ԱԱԾ-ն որևէ տեղեկություն չի հաղորդել։ Միայն այսօր մամուլում զինծառայողի մահվան մասին տեղեկության հրապարակումից հետո ԱԱԾ լրատվական ծառայությունից հաստատել են տեղեկությունը՝ փոխանցելով, որ մահացած երիտասարդը 2004 թվականին ծնված Արտյուշա Գևորգի Գևորգյանն է։

«Այո, նման դեպք եղել է, քննությունն իրականացնում է Քննչական կոմիտեն։ Ես կխնդրեմ ձեր բոլոր հարցերը ուղղել քննչական կոմիտեին», —Forrights.am-ին փոխանցեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Քննչական կոմիտեից Forrights.am-ին ասացին, որ մարտի 11-ին N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ա․ Գևորգյանի դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Զորամասում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից»։

ՔԿ-ից նաև հայտնում են, որ ակտիվ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։

Նշվում է, որ իրականացվել է դեպքի վայրի զննություն, պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, զինծառայողներ։

Նշենք, որ այս տարի ԱԱԾ սահմանապահ զորքերում սա ինքնասպանություն որակված առաջին դեպքը չէ, որի մասին ԱԱԾ-ն լռել է․ Forrights.am-ին հայտնի էր դարձել հրազդանցի Կարեն Դանիելյանի մահվան մասին։ Կարենը մահացել էր 2022-ի դեկտեմբերի 13-ին և նրա հարազատները կասկածներ ունեին, որ «ինքնասպանության հոդվածն են դրել, որ գործը փակեն»։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest