Ազգային ժողովի նախկին նախագահ, այժմ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն կատարելու գործով նոր անձ է կալանավորվել: Այս գործով կալանքի մասին այս տարի արդեն երկրորդ հաղորդագրությունն է Ազգային անվտանգության ծառայությունը տարածում:

Փետրվարի 22-ին տարածած հաղորդագրությամբ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ձերբակալվել, այնուհետև դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է 2020-ի նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների ընթացքում Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը՝ Թ․Ա․-ն։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին, երբ 44-օրյա պատերազմի ավարտին ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, Երևանի կենտրոնում զանգվածային անկարգություններ սկսվեցին, որի մասնակիցները ներխուժել էին ՀՀ կառավարության շենք, հավաքվել Ազգային ժողովի դիմաց, որտեղ էլ ծեծի էին ենթարկել ԱԺ նախագահ արարատ Միրզոյանին, այնուհետև ցուցարարները շարժվել ու մուտք էին գործել կառավարական առանձնատուն:

ԱԱԾ-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ Թ. Ա.-ն ցույցերին մասնակցելու նպատակով գնացել է Երևանի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկ, որտեղ էլ տեսնելով, որ ավտոմեքենայում խցանման մեջ է գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «տեղում միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և վերջինիս պետական գործունեությունը դադարեցնելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ, այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել Արարատ Միրզոյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ և այլ վնասվածքների ձևով մարմնական վնասվածքներ: Արդյունքում Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը»:

Ըստ ԱԱԾ-ի, Թ․ Ա․-ի հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների միջամտության արդյունքում վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն։

Ուշագրավ է, որ այս գործով սա առաջին պաշտոնական հաղորդագրությունն է, որտեղ նշվում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի մասին, սակայն ԱԱԾ-ն չի մանրամասնում, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցված մահափորձի վերաբերյալ քրեական վարույթը: Մինչ այդ, ԱԱԾ-ից եկող հաղորդագրությունները իշխանության ներկայացուցչի նկատմամբ գործադրված բռնության, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված կոչերի մասին էին: Նկատենք, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները տարբեր առիթներով իրենց հայտարարություններում ու հարցազրույցներում Միրզոյանի նկատմամբ կատարվածին իրավական գնահատական էին տվել՝ որակելով այն մահափորձ:

Մասնավորապես, այս տարվա հունվարի 18-ին ԱԱԾ-ն դարձյալ խոսել էր այս դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթի քննության մասին ու տեղեկացրել, որ հենց Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվել ու հետո կալանավորվել է Ա. Բ.-ն: «Ա. Բ.-ն դուրս գալով կեցավայրի տարածքից գնացել է Կ.Դեմիրճյան փողոց, որտեղ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս՝ այդ կերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ», -նշվում էր ԱԱԾ հաղորդագրության մեջ: Դրանից հետո մամուլը գրել էր, որ Ա. Բ.-ն իր ցուցմունքում նշել էր, թե ինքը ցանկացել է հարվածել Միրզոյանին, սակայն հարվածը չի հասել նրան: Կար տեսակետ, որ զանգվածային անկարգությունների մասնակիցների մեծաքանակ լինելը դժվարություններ է առաջացրել իրավապահների համար՝ Միրզոյանին հարվածողին նույնականացնելու հարցում:

Այս քրեական գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել ու քննվում է արդեն շուրջ 2.5 տարի: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հռետորական հարց է բարձրացնում՝ երկու տարի՞ էր անհրաժեշտ, որ հանցագործը նույնականացվի:

«ԱԱԾ-ն ընդամենը հայտարարություն է տարածել, բայց հարց է՝ արդյոք նա, որին գտել ու կալանավորել են, ինքն է կատարել այդ գործողությունը: Քրեական վարույթի քննության նման ձգձգումը ավելի շատ խոսում է քննչական մարմինների թերի կարողությունների մասին», —Forrights.am-ն ասում է Սաքունցը:

Մյուս կողմից, նրա խոսքով, հնարավոր է դատախազական հսկողությունն է պատշաճ կատարվում, ինչի արդյունքում քրեական վարույթների ընթացքը առաջ է շարժվում:

«Դատախազության աշխատելաոճը փոխվել է և փաստ է, որ այժմ այդ կառույցն ավելի ակտիվ է, քան նախկինում էր: Տարբեր ուղղություններով քրեական գործերի աշխուժությունը, ինչը կարող էր լինել 2019, 2020, 2021, 2022 թվականին, չի եղել, ու հիմա ես որոշակի տարբերություն տեսնում եմ», -ասում է Արթուր Սաքունցը:

 

Հասմիկ Համբարձումյան

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest