Դավիթ Ավետիսյանին հուլիսի 2-ին ժամը 16։00-ի սահմաններում երևանյան այգիներից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված մի քանի արտահայտություններից հետո բերման են ենթարկել, և նա մինչ այժմ ձերբակալված է։

«Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ  պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին`  վերջինիս ասել էր, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման էին ենթարկել։ Մոտ վեց ժամ Դավիթին ապօրինի ազատությունից զրկել են, ապա ձերբակալելու որոշում են կայացրել», — երեկ հայտարարություն էր տարածել Ազգային- ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը Forrights.am-ին տեղեկացնում է, որ Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշումը բողոքարկել են և առայժմ հայտնի չէ բողոքը մակագրվե՞լ է որևէ դատավորի, թե ոչ։

18-ամյա Դավիթ Ավետիսյանը Ազգային-ժողովրդավարական բևեռի կամ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին է։ Փաստաբանն ասում է՝ ոստիկանության զեկուցագրում նշվում է, որ Դավիթը Նիկոլ Փաշինյանին ասել է «դավաճան», «վիժվածք», սակայն չեն նշել երիտասարդի հիմնական խոսքը՝ «պատասխան ես տալու իմ զոհված ընկերների համար»։

«Ոստիկանությունն իր զեկուցագրում նշում է միայն Փաշինյան Նիկոլին ուղղված արտահայտությունները, սակայն չի նշել խոսքի երկրորդ մասը։ Այդպես են արել, որ ձերբակալման հիմք ունենան։ Այդ երկու արտահայտությունները առերևույթ ավելի շուտ վիրավորական արտահայտություններ են, բայց որպեսզի քրեական վարույթ հարուցվի, որոշել են կասկածանքը հարուցել խուլիգանության վերաբերյալ։ Այսինքն՝ այդ երկու բառերը դիտարկում են որպես խուլիգանական գործողություն», -նշում է Արայիկ Պապիկյանը։

Դավիթ Ավետիսյանը երեկ ժամը 16։00-ի սահմաններում բերման է ենթարկվել և մինչև ժամը 21։45 մնացել է անազատության մեջ։ Ձերբակալման որոշումը կայացվում է միայն գիշերը և, ըստ փաստաբանի, երիտասարդին անմիջապես 10 րոպեների ընթացքում որոշում են ձերբակալել ու տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր։ Ընդ որում, փաստաբանն ասում է, քննիչը մինչ այդ չէր տեսել Դավիթ Ավետիսյանին, չի խոսել նրա հետ ցուցմունք չի վերցրել, բայց որոշել է ձերբակալել։

«Նախապես գիտեր, որ պետք է ձերբակալի անձին, տեսականորեն կարող էր չէ, նրան տեսնել, ցուցմունք վերցնել և գուցե խոսելիս պարզեր, որ ամենևին էլ կարիք չկա ձերբակալելու։ Բայց այդպես չեղավ՝ անմիջապես որոշեցին ու ձերբակալեցին և տեղափոխեցին ՁՊՎ», -ներկայացնում է Արայիկ Պապիկյանը։

Այս պահին հայտնի է, որ Դավիթ Ավետիսյանի դեմ ցուցմունք տվողը ոստիկանության 1 ծառայող է և այդ ցուցմունքի հիման վրա նրան կասկածում են խուլիգանական հանցանք կատարելու մեջ։

Հատկանշական է ՝18-ամյա երիտասարդին այգուց բերման են ենթարկել բռնի ուժ գործադրելով։ Փաստաբանն ասում է՝ այնպես են բերման ենթարկել, որ տեղում եղած մարդկանց թվացել է՝ առևանգել են։ «Եկել են, ուժ գործադրելով պառկացրել են։ Առաջին պահերին բավականին կոշտ վերաբերմունք է եղել, շնչուղիները փակել են, որ հեշտությամբ տապալեն գետնին։ Սակայն կարճ ժամանակ հետո ծառայողներից ինչ-որ մեկը հավանաբար ճանաչել է, ասել է՝ դու Վարուժան Ավետիսյանի տղան ես, դրական պատասխան ստանալուց հետո, ուժային ճնշումը դադարել է, նորմալ տեղափոխել են ոստիկանության բաժին», -պատմում է Պապիկյանը՝ նշեով, որ սկզբում Դավիթին մոտեցած անձինք եղել են քաղաքացիական հագուստով, հետո մոտեցել են համազգեստավոր ծառայողներ։

Այս ամենը փաստաբան Պապիկյանին հուշում է, որ անպայման մեղադրանք կառաջադրվի․ «Կասկած չկա։ Եթե իրավաբանորեն նայենք հարցին այդ հոդվածը կալանք չի ենթադրում, ոչ մեծ ծանրության հանցակազմ է, մինչև երկու տարի ազատազրկում է նախատեսում, բացի այդ կան պատիժների այլ տեսակներ՝ տուգանք հանրային աշխատանք և այլն։ Եթե իրավաբանորեն նայենք խնդրին կալանքի չեն տանի։ Մյուս կողմից գիտենք, որ իրավաբանությունը չի գործում հիմա»։

Ազգային-ժողովրդավաական բևեռի անդամ Արա Պապյանն ասում է՝ կատարվածը քաղաքական հետապնդում է։ «Ակնհայտորեն սա մենք համարում ենք քաղաքական հետապնդման փաստ, քանի որ վերագրվող հանցակազմը կատարվածի հետ որևէ կապ չունի։ Դավիթ Ավետիսյանը տեսակետ է արտահայտել, որը ամեն օր հայտնում են շատ գործիչներ, ակտվիստներ։ Սա ազատ խոսքի շրջանակում է», —Forrights.am-ի հետ զրույցում ասում է Պապյանը։

Ավելին, նրա խոսքով, անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով է ճնշման նման գործողություն իրականացվում։ «Իմ տեղեկություններով, այդ արտահայտությունները հնչեցնելուց երկար ժամանակ անորոշ է եղել, հավանաբար որոշել են՝ ինչպես անել և միայն մի քանի ժամ անց բռնի ուժ է գործադրվել Դավիթ Ավետիսյանի նկատմամբ։ Ես վստահ եմ՝ եթե Դավիթը Վարուժան Ավետիսյանի որդին չլիներ, նման գործողություն չէր կատարվի։ չէ որ նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որը նման արտահայտություններ է հնչեցնում Փաշինյանի հասցեին»։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ոստիկանությունից ստացված հաղրոդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` խուլիգանություն։

«Իրականացվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու և երիտասարդի արարքների իրավական գնահատական տալու նպատակով։ Նշված վարույթի շրջանակում, ներկա պահին, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել»,- տեղեկացնում են Քննչական կոմիտեից

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest