«Չափազանց ընկերասեր, անսահման համեստ, խելոք ու հասնող տղա է», -Ջրվեժի դպրոցի աշակերտ Շավո Սամսոնյանին այսպես է հիշում նրա առաջին ուսուցչուհին՝ Աստղիկ Առաքելյանը ու անմիջապես հավելում. «Ինձ համար նա միշտ ներկա է»:

Իր աշակերտներից Շավոյին ու Գոռին է պատերազմում կորցրել ընկեր Աստղիկը: Հիշում է՝ բոլոր հատուկ դասերի ժամանակ երեխաներին Արցախի դրոշով համազգեստ էր պատրաստում ու նվիրում: Նրա հիշողություններում Շավոն մնացել է որպես փոքրիկ Արցախիկ. «Արցախում չէին եղել, բայց Արցախի մասին ամեն ինչ գիտեին իմ երեխեքը՝ քարտեզից սկսած, բոլոր շրջաններով ու գյուղերով վերջացրած»:

44-օրյա պատերազմից անցել է երկու և ավելի տարի, սակայն ազգությամբ եզդի Սամսոնյանների ընտանիքում 19-ամյա Շավոյի կորստի ցավը թարմ է. մայրը՝ տիկին Թամարը տարբեր հիվանդություններ է ձեռք բերել, հայրը՝ Երջանիկ Սամսոնյանը երջանկության մասին չի էլ մտածում: Նրանց ուրախության փոքր պահեր պարգևում են մյուս որդու երեխաներ, բայց միևնույն է՝ ծնողները լիարժեք հանգստություն գտնում են Շավոյի մոտ, նրա գերեզմանաքարի շուրջը հատուկ պատրաստած հանգստի գոտում: «Շաբաթը երեք օր ընդեղ ենք ես ու Թամարը», -ասում է Շավոյի հայրը:

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում էր ապրում Շավոն: Մի քանի ամիս էր մնացել, որ վերադառնար: «Իջևանի հետախույզների վաշտում էր ծառայում, ու շատ գոհ էր ծառայությունից», -ասում է հայրը:

44-օրյա պատերազմի ընթացքում Շավոն պարբերաբար զանգել է ծնողներին, խոսել նրանց հետ, հանգստացրել՝ չանհանգստանաք: Այդպես մինչև հոկտեմբերի 18, երբ վերջին անգամ զանգել է հորը՝ Երջանիկին ու ասել՝ «Մամային չասես, մենք արդեն Արցախում ենք: Էդ ա եղել վերջին զանգը, ֆսյո, էլ զանգ չի եղել»:

Շավոյի հետ միասին գումարտակի շուրջ 50 զինծառայողները հոկտեմբերի 19-ին անօդաչուների հարվածներից զոհվել են Իշխանաձորի մոտակայքում: Հրահանգ են ունեցել՝ տարածքից վերադարձնել վաշտի հրամանատարի դին, այն դեպքում երբ նույն տարածքը հոկտեմբերի 16-ին ծանր մարտերի հետևանքով անցել է թշնամու տիրապետության տակ: «Ինձ պատմել են հենց ծառայողները. փաստորեն գրաված տեղ ա եղել, երեխեքին ուղարկել են գրաված տարածք, որպես ի՞նչ եք երեխեքին ուղարկում գրաված տարածք, ինչի՞ եք մսաղացի մեջ գցում», -հարց է բարձրացնում որդուն կորցրած հայրը:

Ծնողներով են գնացել որդիների մասունքները որոնելու: «Երեխեքին սաղին վառել էին, հարվածել էին ԱԹՍ-ով սաղին վառել էին: Գտել ենք բանկային քարտը, որի վրա գրված էր՝ Շավո ու ազգանունի կեսը», -վերհիշում է հայրը:

Որդու մարմինը հագուստով ամբողջությամբ այրվել է: Երջանիկն ասում է՝ իրենց մարմնի մասունք չեն տվել: Թաքուն մի հույս սրտում է՝ գուցե որդին կենդանի է. «Եսիմ, էհ, գժված եմ: Առոք-փառոք, սիրուն-սիմպատիչնի ճանապարհըմ ես, բերում են, մի հատ յաշիկ են դեմ տալիս, չգիտես՝ ով ա, ի՞նչ ա: Երազումս տեսել եմ, հարցրել՝ չես գալո՞ւ, ասեց՝ գալու եմ, գալու եմ ու գնաց: Մինչև հիմա, ճիշտն ասած, իմ աչքը ճամփին ա: Գիշերը տան մոտով մեքենա էլ անցնի, ասում եմ՝ Շավոս եկավ»:

Հ․ Գ․ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն/ www.forrights.am-ը ներկայացնում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են պատերազմին և հերոսաբար զոհվել հայրենիքի համար։

Նախորդ պատմությունները- Որդու մահվան մասին Քալոյաններին հայտնել է նրա մանկության ընկերը․ «Զանգեց, ասեց՝ առյուծդ ընկավ» 

«Մեզ մարդկանց ուշադրությունն է մխիթարում». Պատերազմում ազգությամբ եզդի Խուդոյանները կորցրել են որդուն՝ Ալիկին

«Ասել են՝ վայեննի բիլետը գցի, որ չիմանան եզդի ես». ազգությամբ եզդի Կոտոյանների մի որդին անհետ կորած է, մյուսը՝ գյուղի գերեզմանատանը

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest