«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կարմիրբերետավորների կողմից 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողների նկատմամբ բռնության դեպքից շուրջ մեկ ամիս անց քրեական գործով մեղադրյալներ չկան:

«Նախաքննություն է ակտիվ ընթանում, տուժողներ են ճանաչվում, տալիս են վկայություններ, կատարվում է հարցաքննություն, դատաբժշկական փորձաքննություններ են անցկացվում», -Forrights.am-ին ասում է տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 21-ին, հիշեցնենք, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողները (կարմիրբերետավորները) բռնի ուժ էին գործադրել խաղաղ ակցիա իրականացնող արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, հարազատների նկատմամբ:

Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից հինգը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։

Դեպքից անցել է գրեթե մեկ ամիս, այդ օրը համացանցում տարածվող տեսանյութերից երևում են կատարողները, սակայն նախաքննական մարմինը որևէ ծառայողի մեղադրանք չի առաջադրել: Հայտնի է միայն, որ  Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել էր դիմել ոստիկանապետին չորս ծառայողի պատասխանատվության ենթարկելու համար՝ երկուսին աշխատանքից ազատել, մեկին՝ խիստ, մյուսին սովորական նկատողություն անել։

«Որոշ իմաստով դժվար է նույնականացում անելը, մենք ներկայացրել ենք ապացուցողական մեծ բազա ունեցող նյութեր: Սպասենք, տեսնենք՝ ինչ կպարզվի: Առայժմ կարող եմ ասել, որ ակտիվ նախաքննություն է ընթանում», -ասում է փաստաբան Հովհաննիսյանը:

Այս քրեական գործով 5 անձ տուժող է ճանաչվել: 44-օրյա պատերազմում անհետ կորած Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը ևս տուժող է ճանաչվել: Նա խաղաղ ակցիա իրականացնողներից մեկն էր, որին մի քանի կարմիրբերետավորներ ոտքերից ու ձեռքերից բռնած արագորեն իջեցնում էին աստիճաններից ներքև: Ասում է՝ ձեռքի վրա այդ դեպքից հետո խորը պատռվածք է ունեցել, ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության:

«Մեզ հետ բողոքի ակցիային մասնակցած մի ծնող ունենք, որ դեպքից հետո արդեն շաբաթներ է՝ ոտքն ու ձեռքը ցավում էր, բայց կապտուկներ չուներ: Հիմա չգիտեմ՝ իրեն կճանաչե՞ն որպես տուժող», -Forrights.am-ին ասում է Գոհար Դավթյանը:

Տիկին Դավթյանն ասում է՝ կան կարմիրբերետավորներ, որոնց դեմքն ինքը ճանաչում է, բայց դեռ չգիտի՝ ինչ են արել նրանց հետ: «Բայց կա մարդ, որ կարող է չհիշեմ», -նշում է տիկին Գոհարը:

Անհետ կորած զինծառայողի մայրը կարծում է՝ կատարվածի ամենամեծ ու ամենաառաջին պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

«Ամենաճանաչված մեղավորին, պատասխանատուին գիտենք, ինքը նստած ա վարչապետի աթոռին, ո՞նց կարան մյուսներին ճանաչեն: Եթե ես ձեզ հրաման տամ մի բանը անեք, հետո տեր եմ կանգնելու չէ՞ ձեզ: Վահե Ղազարյանը երկրորդական, երրորդական անձ է: Ուղիղ հրաման է տրված նրա կողմից: Իհարկե: Վահե Ղազարյանը ինչ է առյուծի կա՞թ էր խմել, որ ինքն իրենով նման քայլեր աներ», -ասում է Գոհար Դավթյանը:

«Եռաբլուրում» կատարվածից հետո Հայաստանում գործունեություն ծավալող 35 հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը:

«Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս հայտարարում ենք, որ անընդունելի է Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություն կատարելու հրամանների արձակումը և կատարումը: Իսկ պետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու հրամանների արձակումը նաև հատում է բարոյականության բոլոր շեմերը», -նշվում էր կազմակերպությունների հըայտարարության մեջ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի պնդմամբ՝ կատարվածի պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

«Հենց Փաշինյանն է կրում այդ դեպքերի պատասխանատվությունը: Եթե մինչև հիմա որևէ արձագանք չի եղել, հայտնի չէ ոստիկանապետ, ոստիկանապետի տեղակալ պատժվել են, թե ոչ, կամ որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ, նշանակում է՝ պատասխանատվությունը անմիջապես կրում է վարչապետը», -Forrights.am-ին ասում է Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը տարօրինակ է համարոյմ՝ մի՞թե հնարավոր չէ գտնել կանանց բռնության ենթարկած կարմիրբերետավորներին, որոնք բոլորի ներկայությամբ հանցավոր գործողություններ էին կատարում. «Վարչապետը վերջին հաշվով պետք է հետևի ոստիկանապետին, հետաքրքրվի՝ ո՞նց  է հնարավոր նման ծառայություն: Սա անպատժելիություն է»:

Որքանո՞վ են հայտարարություն տարածած ՀԿ-ները հետևողական լինելու իրենց պահանջի կատարման հարցում հարցին Սաքունցն արձագանքում է. «Մենք քրեական գործով ներգրավված չենք, բայց հո մի հայտարարությունով չէ՞: Նորություն չէ, որ մենք հայտարարություններ անում ենք, շարունակում ենք մեր պահանջները դնել, անել դիտարումներ: Այնպես որ մենք մեր առաքելությունը շարունակելու ենք»:

Հասմիկ Համբարձումյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest