Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատավճիռը:

Առանձնակի դաժան սպանության մեջ մեղադրվող անձինք՝ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը, դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման: 

«Կանֆետ են գողանում խանութից 10 տարի են տալիս, մարդ են սպանել դաժանությամբ, ի՞նչ 15 տարի, բա ցմահն ի՞նչ եղավ»,- Հայկազ Բարսեղյանի մայրը՝ Արմինեն, համաձայն չէ հրապարակված դատավճռի հետ:

Կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, նշում է, որ, բողոքարկելու են, անպայման:

«Սա անարդար վճիռ էր: Հայաստանում էլ ի՞նչ ձևի դաժան հանցագործություն պիտի կատարվի, որ ցմահ դատապարտեն: Անպայման բողոքարկելու եմ: Հայաստանում նման դաժան սպանություն էլ ե՞րբ ա եղել, մեզնից հետո մեկ էլ Ավետիսյանների ընտանիքի սպանությունն էր: Գոնե նրան, ով անձամբ էր կտրել տղայիս երակները՝ Գնել Թևոսյանը, իրեն ցմահ տային»:

Հիշեցնենք՝ 2015 թվականի հունվարի 29 –ի առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մարմինը՝ պտտաձողից կախված վիճակում: Սպանության մեջ մեղադրվողները նրա ծառայակիցներն են՝ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը: Ամբաստանյալները բռնել են անկողնում պառկած Հ.Բարսեղյանի ոտքերը և ձեռքերը, ձեռքի ափով փակել բերանը, ապա սուր կտրող ծակող գործիքով կտրել են Հ.Բարսեղյանի երակը:  Հարվածներ են հասցրել Հ.Բարսեղյանի կրծքավանդակին և դեմքին՝ շարունակելով սառնասրտորեն փակել բերանը, սեղմելով պարանոցը՝ կոտրել են Հ.Բարսեղյանի ոսկորը: Այնուհետև պտտաձողից կախել են:

ԱՆի Թորոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest