«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հիվանդներից մեկի նկատմամբ հիվանդապահը բռնություն է գործադրել՝ ոտքով ու ձեռքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին: Այդ մասին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությանը ահազանգ է ներկայացրել փաստաբան Արմինե Դավթյանը:

«Հիվանդապահը դաժանաբար բռնություն գործադրելով ծեծի է ենթարկել իմ պաշտպանյալին», — Forrights.am-ին ասում է փաստաբանը:

Նա չի հանրայնացնում վստահորդի անձնական տվյալները: Ասում է՝ ինքն է այդպես որոշել: Միայն սահմանափակվում է նշելով՝ տևական ժամանակ է՝ տղամարդը բուժում է ստանում «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում:

Փաստաբանի փոխանցմամբ, իր վստահորդին դաժան ծեծի ենթարկողը «Նուբարաշեն» հոգեբուժարանի 5-րդ բաժանմունքի հիվանդապահն է՝ 48-ամյա Գոռ Անտոնյանը: Վերջինը համակարգից հեռացած նախկին ոստիկան է:

«Իմ պաշտպանյալին ծեծի ենթարկելու մասին ինձ պատմել է ոչ միայն նա, այլ նաև այդ պահին դեպքի վայրում գտնված այլ անձինք: Իմ վստահորդը հիվանդապահ Գոռի հետ տարիներ շարունակ լարված հարաբերություններ է ունեցել. նրա ամեն հերթապահության ժամանակ իմ վստահորդը, իր խոսքով, ստիպված է եղել փակվել պալատում, դուրս չգալ, իսկ եթե դուրս գալ, ապա միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, որպեսզի կոնֆլիկտից զերծ մնա: Այդ մասին տեղյակ է եղել ամբողջ բուժանձնակազմը: Մինչ այդ հիվանդապահ Գոռի կողմից բռնություն եղել է խոսքի տեսքով, բայց ֆիզիկական բռնության տեսքով սա առաջին անգամն է», -ներկայացնում է փաստաբան Դավթյանը:

Ինչպե՞ս է եղել բռնության դեպքը

Հոգեբուժարանի հիվանդի նկատմամբ բռնության դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին: Այդ մասին Դավթյանին հայտնել է հենց վստահորդը: Հանցագործության մասին ներկայացրած հաղորդմանը հաջորդած քննչական գործողությունների ընթացքում պարզվել է՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը:

Դավթյանը պատմում է, որ հոգեկան առողջության կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկը հաճախ ելումուտ է արել հիվանդասենյակ, և մյուս հիվանդները նրա անընդհատ շարժից հոգնած լինելու պատճառով փորձել են դուրս հանել սենյակից, սակայն նույն հիվանդը դարձյալ փորձել է ներս մտնել: Արդյունքում առաջացել է ընդհարում, որը չի կարևորել տարածքից հեռու գտնվող հիվանդապահ Գոռ Անտոնյանը և ժամանակին չի միջամտել:

«Իմ վստահորդը նույն հիվանդասենյակում քնած է եղել և երբ ընդհարման ժամանակ մասնակիցներից մեկը ընկնում է նրա անկողնու վրա, արթնացնում է նրան, և նա փորձում է քաշքշուկի մասնակիցներին բաժանել: Այդ ժամանակ հիվանդասենյակ է մտնում հիվանդապահ Գոռը ու դիմելով պաշտպանյալիս, ասել է՝ ինչու ես քաշքշում հիվանդին: Նա էլ ասել է՝ չեմ քաշքշում, ես քնած եմ եղել: Ու Գոռը սկսել է ծեծել պաշտպանյալիս: Ասում է՝ գլուխս այնպես խփեց երկաթե մահճակալի ճաղերին, աչքերիցս կայծեր թռան: Բացի այդ, ոտքը դրել է իմ պաշտպանյալի որովայնին, սեղմել ու մյուս ոտքով ու ձեռքերով տարբեր կողմերից հարվածներ հասցրել մարմնի մյուս հատվածներին՝ երիկամնեին, ոտքերին, որովայնին: Մյուս հիվանդապահը, տեսնելով, որ վատ է վիճակը, եկել է ու քաշել է իմ պաշտպանյալին և հենց այդ վերջին պահին Գոռ Անտոնյանը փորձել է էլի հարված հասցնել, բայց ձեռքը կպել է մահճակալի երկաթե ձողին ու կոտրվել: Հիմա նա ասում է, որ այդ կոտրվածքը իրեն հասցրել է իմ պաշտպանյալը:

Բայց ինձ մի հարց է հետաքրքրում՝ ինչպե՞ս կարող էր դեղերի ազդեցության տակ թույլ, կիսաքնած վիճակում գտնվող մարդը այդքան ուժեղ հարված հասցնել նախկին ոստիկանին, որ կոտրեր ձեռքը», -պատմում է ծեծի ենթարկված հիվանդի ներկայացուցիչ Արմինե Դավթյանը:

Նրա խոսքով, հոգեկան առողջության կենտրոնի հիվանդապահը իր պաշտպանյալի նկատմամբ ունեցած հակակրանքը այնքան է հասունացրել, որ կատարվածը առիթ է եղել, որպեսզի ագրեսիա ցուցաբերի հիվանդի նկատմամբ:

Փաստաբանն ասում է՝ հոգեբուժարանում բազմաթիվ խախտումներ է արձանագրել, որոնք վերացնելու համար հետևողական է լինելու:

Հիվանդի նկատմամբ բռնության դեպքի մասին փորձել են տեղյակ պահել Առողջապահության նախարարությանը, սակայն թեժ գծով ահազանգերին պատշաճ արձագանք չի եղել: «Առողջապահության նախարարությունը բացարձակ անգործություն է ցուցաբերել», -փաստում է փաստաբանը:

Կատարվածի մասին տեղյակ են պահել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Այստեղից Forrights.am-ին փոխանցեցին, որ այցելության անհրաժեշտություն չի եղել: «Հարցը աշխատակիցները փորձել են լուծել հեռախոսազանգի միջոցով և այցելության անհրաժեշտություն չի եղել», -մեր հարցմանն ի պատասխան ասել է ՄԻՊ մամուլի խոսնակ Ամալյա Մարգարյանը՝ հավելելով, որ ամենօրյա կապի մեջ են հիվանդի հետ:

Քննչական գործողություններ՝ կոպիտ խախտումներով

Դաժան բռնության հետևանքով, Արմինե Դավթյանի խոսքով, իր պաշտպանյալը վնասվածք է ստացել գլխի, ինչպես նաև մարմնի տարբեր հատվածներում: Առողջության կենտրոնում նույնիսկ շտապ օգնություն չեն ցուցաբերել, և հիվանդը խնդրել է, որ փաստաբանը շտապ օգնության ծառայություն կանչի: Բռնության դեպքի մասին անմիջապես հաղորդում է ներկայացվել նաև ոստիկանություն:

«Մեծ դժվարությամբ եմ կարողացել պարզել՝ ով է քննություն իրականացնող քննիչը: Նրան հարցրի՝ ինչն է խնդիրը, որ դեպքի երրորդ օրն է և որևէ գործողություն չի կատարվել: Ասաց՝ զբաղված են եղել ու աշխատանքային օրեր չեն եղել: Բայց պահանջեցի, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 14-ին, կատարեն քննչական գործողություններ ու վստահորդիս տրամադրվի դատաբժշկի ուղեգիր», -ներկայացնում է փաստաբանը:

«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում հարցաքննությունն իրականացվել է դեպքից 4 օր անց՝ նոյեմբերի 14-ին և այն էլ, Դավթյանի պնդմամբ, բազմաթիվ խախտումներով: Նախ՝ հարցաքննությունը քննիչ Էդիկ Գաբրիելյանը անցկացրել է բազմաթիվ բուժաշխատողների ներկայությամբ, և նախաքննական գաղտնիության սկզբունքը չի պահպանվել: «Ես պահանջեցի, որ հարցաքննությունն անցկացվի գաղտնի, հակառակ դեպքում դիմում կներկայացնեմ քննիչի վերադասին, ինչից հետո քննիչը բժիշկներին խնդրեց դուրս գալ սենյակից», -նշում է փաստաբանը: Նա պնդում է նաև, որ հարցաքննությունն անցկացվել է թերի:

Քննիչ Էդիկ Գաբրիելյանը իր հերթին Forrights.am-ին ասել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 195 հոդվածով՝ «Ֆիզիկական ներգործությունը»: Հարցին, թե արդյուք քննչական գործողությունների ժամանակ խախտումներ եղել են, Գաբրիլյանը արձագանքել է կարճ. «Քննությունն ընթանում է օրենքի շրջանակներում»:

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութերի հեղինակ՝ Ռուզաննա Քոչարյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest