Հայաստանի Զինված ուժերում 2023-ի օգոստոսի 10-ին ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան հանգամանքների շուրջ քննությունը բազում հարցեր է առաջացրել նրա հարազատների շրջանում։ Այժմ Ժորայի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը գտնվում է դատարանում։ Նախաքննության վարկածը ինքնասպանությունն է, սակայն հարազատներն ու մասնագետները պնդում են՝ Ժորայի մահը սպանության հետևանք է։

«Նախաքննության արդյունքներից անչափ դժգոհ եմ։ Դատաբժիշկ Իսկոյանը առանց փորձանմուշ վերցնելու, նշել է, որ կրակոցը եղել է մոտիկից։ Ես պնդում եմ՝ իմ որդին հենց տեղում մահացել է, իսկ իրենք քննության մեջ նշում են, թե տեղափոխել են Արարատի հիվանդանոց, հետո՝ Երևան։ Ո՞նց ա հնարավոր գանգը կրակոցից թափած լինի, բայց մարդը կենդանի լինի», -ապրիլի 17-ին Մեդիա կենտրոնում «Մահվան դեպքերը բանակում․ չբացահայտվող քրեական գործեր» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Ժորայի հորեղբայրը՝ Արծրուն Կարապետյանը։

Ավելի վաղ forrights.am-ը (Լրագրողներ հանուն մարդու իրավունքների հկ) անդրադարձել էր այս դեպքին՝ Ժորա Կարապետյանը 18 տարեկան էր, երբ զրկվեց կյանքից։ Նա Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղից էր, ծառայում էր Արարատի զորամասում, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին։ Նախաքննական մարմնի վարկածը ինքնասպանությունն է, բայց հարազատները պնդում են, որ Ժորային սպանել են։ Նույն զորամասում, նկատենք, օգոստոսի 11-ին մահացել էր մեկ այլ զինծառայող՝ Գրանիկ Խնկոյանը։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ-ի կողմից ներգրավել էր զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, որը ուսումնասիրելով քննությամբ ձեռք բերված հանգամանքները ընդգծել էր՝ ինքնասպանության վարկածը անհեթեթություն է․ «Չորս կրակոց է արձակվել, բայց իրենք չեն նշում, որ չորս կրակոց է եղել, դա մենք իմանում ենք վկայի ցուցմունքից։ Երկու կրակոց ճակատային մասում է եղել, նա շանս չուներ ապրելու։ Վերցրել կատարվածը ներկայացրել են ինքնասպանության փորձ, ի՞նչ ինքնասպանության մասին է խոսքը, երբ կատարվածը դիտավորյալ սպանություն է։ Ժորան չէր կարող ինքնասպան լինել, որովհետեև հնարավոր չէ մեկ ձեռքով պահել զենքի խզակոթը, իսկ մյուսով կրակել ճակատին, այստեղ երրորդ ձեռք պետք է լիներ, որ ուղղություն տար, խզակոթը ծանր է, չէր կարող պահել ձեռքերի մեջ»։

Ժորա Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ-ի իրավաբան փաստաբան Մոնիկա Մարգարյանն է։ Նա իր աշխատանքային փորձից գիտե՝ զորամասերում զինծառայողի դի է հայտնաբերվում, սակայն իրավապահներին այդ մասին տեղյակ են պահում 2-3 ժամ անց։ Այդպես եղել է նաև Ժորա Կարապետյանի մահվան դեպքում, երբ շուրջ 3 ժամ հետո է միայն Ռազմական ոստիկանությունը տեղեկացել դեպքի մասին։ Ըստ Մարգարյանի դա պատահական չէ ու միտումնավոր է արվում զորամասի ղեկավարությունների կողմից, որպեսզի դեպքի վայրը փչացնեն, իսկ գործով ապացույցերն էլ անդառնալի վերացնեն։

«Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, Ժորա Կարապետյանը երկու կրակոց է ստացել ճակատին, բայց դեպքի վայրից հայտնաբերվել է 3 հատ պարկուճ։ Նախաքննությամբ չի պարզվել՝ երրորդ պարկուճը ով է կրակել, ուր է կրակել։ Նա տեղում մահացել է, հետևաբար նրան բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտությունը ուղղակի անտրամաբանական է եղել», -հայտարարել է փաստաբան Մոնիկա Մարգարյանը։

Ավելին, փաստաբանը տեղեկացրել է, որ կա վկա, որը հայտնել է, թե իր նկատմամբ ճնշումներ է գործադրվել Ռազմական ոստիկանությունում։ «Վկաները ցուցմունք են տվել, որ իրենք լսել են 3-4 կրակոց, ինչը խոսում է այն մասին, որ հնարավոր է՝ փոխհրաձգություն է եղել։ Մեղադրյալներից մեկը ասել է, որ համոզված է՝ Ժորա Կարապետյանը ինքնասպանություն չի գործել։ Մենք նույնպես, համադրելով բոլոր փաստերը ինքնասպանության վարկածը հիմնավոր չենք համարում», -ասում է Մարգարյանը։

Այս պահին գործով կա երկու մեղադրյալ, որոնց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ժորա Կարապետյանի արժանապատվությունը վիրավորելու, նսեմացնելու միջոցով մարտական հերթապահության ժամանակ անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել։ Ըստ Մարգարյանի, նախաքննությունը եկել է այն եզրահանգման, որ Ժորա Կարապետյանը մարտական հերթապահության ժամանակ քնել է, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նրանք վիրավորեն, նեղացնեն, ծեծեն և դրանից դրդված Կարապետյանը ինքնասպանություն է գործել։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը նկատել է, որ կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում, ու նաև մի շարք միջնորդություններ է ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն որևէ արձագանք չի ստացել։ «Այսինքն, ըստ ավանդույթի քրեական գործերը կոծկվում են։ Ապացույցները, իրոք, խոսում են այն մասին, որ կատարվածը սպանություն է։ Բացահայտ սպանություն է։ Քննչական կոմիտեն միայն քաղաքական պատվերներ է կատարում», -ասել է Ալեքսանյանը։

Նա հիշեցրել է նույն զորամասում Գրանիկ Խնկոյանի մահվան դեպքը, նշել, որ զինծառայողին զորքի առաջ ծեծել են ժամերով, ստորացրել և դա նրա խոսքով, «կրիմինալ սպայակազմի» թողտվությամբ։ «Այս մարդիկ անպատիժ են մնում, ազատության մեջ զբոսնում են, ու դա է պատճառը, որ նման դեպքերը շատ են լինում։ Զինվորին տանում, սպանում են ու որոշում՝ ինքնասպանություն ու դա բարդում ընտանիքի վրա, ասելով՝ քո տղան ինքնասպան է եղել», -ընդգծել է Ժաննա Ալեքսանյանը։

«Ես մահվան դեպքից հետո գնացել եմ Արարատի զորամաս, հրամանատար Միքայել Ֆարմանյանին հարցրել եմ՝ սա մի մեծ ընտանիք ա, ու դուք այդ ընտանիքի ղեկավարն եք, ձեզ հետաքրքիր չի՞ ինչ ա կատարվում զորամասում, ասեց՝ չէ, ինձ ինչ, քննիչ կա, թող զբաղվի։ Այ էդ աստիճան լկտիություն է», -իր հետ կատարված դրվագը ներկայացրել է Արծրուն Կարապետյանը՝ շեշտելով, որ իր որդին երբևէ որևէ դժգոհություն չի հայտնել այդ զորամասում ծառայությունից, ծառայակից ընկերներից։

Մանրամասները՝ տեսանյութում

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest