Արցախի իրավապահ մարմինների, ինչպես նաև դատարանների վարույթում գտնվող քաղաքացիական, քրեական գործերը Արցախի բռնի տեղահանման հետևանքով դատապարտված են, դրանց ճակատագիրն անհայտ է, իսկ դրանցով անցնող մեղադրյալները ազատված մեղադրանքներից։
Արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանն ասում է՝ այդ քրեական գործերը այս պահին չեն քննվում, գործի նյութերն էլ մեծամասամբ մնացել են Արցախում։
«Ոչ թե չեն մտածել բերել, այլ հնարավոր չի եղել բերել, քանի որ բերելու հարցը քննարկելու համար պետք էր դիտարկել բերելու արդյունավետ հնարավորությունը, արդյոք մարդիկ կարող էին բերել այդ փաստաթղթերը և Հակարի կամրջով ստուգմամբ անցկացնել։ Հնարավոր է դիտարկեին որպես գաղտնի փաստաթղթեր ու դրանք բերողին էլ, այդ փաստաթղթերն էլ թուրքերը վերցնեին», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը։
Արցախում տարբեր գործերով մեղադրյալների նկատմամբ արդեն Հայաստանում քրեական հետապնդում չի կարող իրականացվել այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են ՀՀ քրեական և քրեական դատավարության մասին օրենսգրքերը, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքից դուրս այդ փաստաթղթերը որևէ ազդեցություն չունեն։ «Արցախը գիտենք, որ ՀՀ տարածք չի հռչակվել», -հավելում է Դավիթ Հովհաննիսյանը։
Արցախի իրավապահների վարույթում քննվող շուրջ տասնյակ քրեական գործ վերաբերել է պետական դավաճանության մեղադրանքին։ Այդ քրեական գործերը ևս չեն բերվել Հայաստան։ «Պետական դավաճանության հետ կապված քրեական գործերը Ադրբեջանի համար հետաքրքրություն կարող էին ներկայացնել, և փաստորեն ստացվելու էր այնպես, որ այդ գործերը ճանապարհին կարող է մնային ու տեղ չհասնեին։ Դրա համար Հայաստանի Հանրապետություն բերելը լուրջ վտանգների հետ էր կապված», -նշում է փաստաբանը։
Դիտարկմանը, թե ստացվում է՝ մեղադրանքը կա, մեղադրյալները վերջնական պատիժ կամ արդարացում չեն ունենում, փաստաբանն արձագանքում է․ «Այո, այդ գործերը հնարավոր չէ շարունակել, փաստորեն ստացվել է այնպես, որ այդ անձանց մեղքը ապացուցող ամբողջ բազան մնացել է Արցախում։ Ուղղակի մենք պետք է հույս ունենանք, որ այդ անձինք կզղջան իրենց արարքների համար ու կբարոյափոխվեն»։
Պետական դավաճանության մեղադրանք, օրինակ ներկայացվել էր Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Սամվել Բալայանի նկատմամբ, որը նաև կալանքի տակ էր։ Այժմ ազատության մեջ է։ Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ևս մի քանի հոդվածներով՝ հափշտակություն, զենք-զինամթերք, ինչպես նաև թմրանյութ ապօրինի պահելը ու իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելը, մեղադրյալ էր։ Սակայն բռնի տեղահանումից հետո այս մեղադրանքները ևս «ջրվոմ են»։ Այս և այլ աղմկահարույց գործերով փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն ասում է՝ Արցախում տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ քրեական վարույթը չի կարող շարունակվել Հայաստանում ու ընդգծում․
«Այլ պետությունում կատարված հանցագործության վերաբերյալ վարույթը կարող է շարունակվել Հայաստանում, եթե այդ հանցագործությունը կատարվել է ՀՀ քաղաքացու կամ ՀՀ շահի դեմ։ Այս գործերով որևէ հիմք չկա ՀՀ-ում վարույթը շարունակելու համար, ինչը նշանակում է, որ նրանց հարցը լուծված է»։-
Սակայն փաստաբանը շատ է ափսոսում, որ դատական նիստեր չեն լինելու այս գործերով, ու իրեն հնարավորություն չի տրվելու իրավապահներին ցույց տալու, որ մեծ սխալ են գործել նման մեղադրանք առաջադրելով։
«Շատ եմ ափսոսում, որ այս գործը դատարան չմտավ, շատ եմ ափսոսում։ Ես վստահ եմ, որ կարդարացվեր Սամվել Բալայանը, քանի որ այն փաստերը, որոնք դրված են եղել նախաքննության հիմքում բացարձակապես պետական գաղտնիքի տարրեր չեն պարունակում։ Սամվել Բալայանի դիտարկումները, որոնք ես պետք է միջնորդությամբ ներկայացնեի, չեմ անելու ու փաստորեն, զրկվել եմ դրա հնարավորությունից, որովհետև քննությունը չի շարունակվում։ Ես դատարանում միանշանակ կպնդեի ու կապացուցեի, որ նա իր մասնագիտական գործունեությունն է իրականացրել և ավելի լավ, քան որևէ մեկը։ Այս գործով ցույց է տրվել Արցախի անվտանգության ծառայության փորձառության բացակայությունը։ Նույնը՝ Վիտալի Բալասանյանի դեպքում», -նշում է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, քրեական վարույթ նախաձեռնելու հանգամանքը չի նշանակում, թե անձը մեղավոր է ճանաչվել։ «Ո՞ր դեպքում է անձը մեղավոր ճանաչվում, այն դեպքում, երբ դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ։ Իսկ քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ գոյություն չունի, որևէ մեկը չի կարող դատողություն անել անձի՝ հանցագործություն կատարած լինելու մասին», -հստակեցնում է նա։
Նկատենք, որ բացառություն են զինվորական քրեական գործերը, քանի որ միջպետական համաձայնագրի հիման վրա զինվորականների հետ կապված քրեական գործերը ընդդատյա են եղել ոչ թե Արցախին, այլ Հայաստանին։
Հավելենք՝ դեռևս հոկտեմբերի 19-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել էր, որ Արցախի որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ դատավորները և գլխավոր դատախազը, շարունակելու են հասարակական հիմունքներով պաշտոնավարել Հայաստանում և հոկտեմբերի 1-ից Արցախի Հանրապետության անունից նրանց տված փաստաթղթերը համարվելու են վավերական։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: