Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին հայտարարել է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Նրա տեղեկացմամբ, միջնորդությունը կքննարկվի ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։

Քրեական գործը, որը հարուցվել էր ավելի վաղ, վերաբերում է Արցախին փոխանցված օգնությունը ոչ նպատակային օգտագործելուն, սակայն ըստ փաստաբանի, Վիտալի Բալասանյանը, նրա որդին, եղբայրը և քեռորդին ձերբակալված են այլ քրեական գործով՝ իշխանության նկատմամբ բռնության սպառնալիքի համար։

«Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի հանցագործության կասկածանքով են ձերբակալված բոլորը։ Այդ հոդվածը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիք։ Իրավապահները տեղեկություններ են ներկայացրել, որ ընդհարում է եղել, և պարոն Բալասանյանը սպառնալիքներ է հնչեցրել։ Սակայն մենք ասում ենք, որ նման բան չկա և չի կարող լինել, Բալասանյանը այն անձնավորությունը չի, որ դուրս գա իրավական պահանջների շրջանակից։ Բալասանյանի բոլոր պահանջները եղել են իրավաչափ, քանի որ նա ուզեցել է հասկանալ խուզարկության հիմքերը, ինչի հիման վրա են խուզարկում, կա՞ դատարանի թույլտվություն և եթե կա, ներկայացրեք։ Այդ պայմաններն է առաջադրել Ազգային անվտանգության ծառայողների առջև և բերման է ենթարկվել»,-ավելի վաղ Forrights.am-ին ասել էր Ռաֆայել Մարտիրոսյանը

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest