Գորիսի զորամասի դիրքերից մեկում 2021-ի ամռանը 3 զինծառայողների սպանության գործով այդպես էլ չի հաջողվում նշանակալի առաջընթաց ունենալ. դատական նիստերը պարբերաբար տարբեր պատճառներով հետաձգվում են: Նախ՝ այս գործով դատավորի փոփոխություն տեղի ունեցավ, և Ռոբերտ Պապոյանին փոխարինեց Վահագն Մելիքյանը, այնուհետև երկար ժամանակ պահանջվեց մինչև դատավորը ծանոթանա գործին, իսկ փետրվարի 9-ին էլ տուժող կողմը միջնորդեց հետաձգել նիստը՝ գույքային պահանջի հարցեր քննարկելու նպատակով։
Գորիսի զորամասում 2021-ի ամռանը տեղի ունեցած ողբերգական դեպքը երեք զինծառայողի կյանք էր խլել՝ Մուրադ Մուրադյան, Լևոն Հարությունյան, Գոռ Սահակյան: Երեք զինծառայողների սպանության համար մեղադրվում են նրանց համածառայակիցները՝ Աղվան Հովհաննիսյանն ու դիրքի ավագ Սամվել Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական վարկածի, «դիրքի ավագ Սամվել Գրիգորյանը կացարանում սեռական բնույթի համասեռական գործողություններ է կատարել ծառայակից Աղվան Հովհաննիսյանի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին, ովքեր սկսել են ծաղրել: Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է Աղվան Հովհաննիսյանին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի»:
«2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող Ա.-ն, կատարելով արթուն հերթափոխի պարտականությունները, մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, լիցքավորելով այն կրակ է բացել իր քնած համածառայակիցների ուղղությամբ», -նշվում էր Քննչական կոմիտեի՝ հուլիսի 22-ին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Դիրքի ավագ Սամվել Գրիգորյանին նախաքննական մարմինը մեղադրել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և սպանության դրդելու մեջ: Սակայն հետագայում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքը հանվել է, քանի որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ապացույցներ ձեռք չեն բերվել:
Նախաքննության փուլում Աղվան Հովհաննիսյանը սկզբում ցուցմունք էր տվել այն մասին, որ դիրքի ավագ Գրիգորյանը իրենից պահանջել է սպանել վերոնշյալ երեք զինծառայողներին՝ ծաղրից խուսափելու համար, հակառակ դեպքում տեղի ունեցած սեքսուալ գործողությունների մասին տեսանյութը կուղարկի նրա ծնողներին: Ըստ իր ցուցմունքի, ինքն էլ տրվել է շանտաժին ու սպանել է ծառայակից ընկերներին:
Այնուհետև Աղվան Հովհաննիսյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից՝ ասելով՝ իր հետ նման բան չի եղել, ինքը որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել, իսկ կեղծ ցուցմունքները գրել է ռազմական ոստիկանության աշխատակիցների ճնշմամբ:
Մեղադրյալներից Սամվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Դավթյանը պնդում է՝ իր պաշտպանյալը գործի նյութերի հետ «ընդհանրապես որևէ կապ չունի», և նախաքննական մարմինը՝ Քննչական կոմիտեն, ծածկադմփոց է արել այս գործի քննության ընթացքում:
«Մեզ համար և գործի քննության ընթացքում, և հիմա պարզ է, որ Սամվել Գրիգորյանը այս քրեական գործի հետ ընդհանրապես կապ չունի, քանի որ գործի նյութերում ոչ մի ապացույց չկա, որ եղել է սեռական կապ մյուս մեղադրյալի հետ: Ավելին, փորձագետը դա հերքել է: Չկան այն դրդապատճառները, որոնք Սամվել Գրիգորյանին կդրդեին սպանության», —Forrights.am-ին ասում է Դավթյանը:
Դիտարկմանը, թե այս գործով մյուս մեղադրյալ՝ Աղվան Հովհաննիսյանի ցուցմունքը կա, փաստաբանն արձագանքում է. «Այո, եղել է, բայց նա հրաժարվում է այդ ցուցմունքից, թեպետ քննիչը հաշվի չի առել այդ հանգամանքը: Չնայած ես կարծում եմ, որ այս գործով քննիչը ճնշումների միջոցով է ցուցմունքներ կորզել, և մենք արդեն դատական նիստերի ընթացքում այդ հարցին կանդրադառնանք»:
Փաստաբանի համոզմամբ, այդ օրը Գորիսի դիրքերում դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, սակայն նախաքննական մարմինը հնարել է մի վարկած ու առաջնորդվել այդ վարկածով: «Տեսեք՝ ինչպես եղավ Ազատ գյուղում զինծառայողների մահվան դեպքով. Մի քանի ժամվա ընթացքում կառավարության նիստում հայտարարվեցին դեպքի մանրամասները, առաջ քաշվեց մի վարկած ու հիմա շարժվում են այդ վարկածով: Այդպես էլ եղել է Գորիսի դիրքում. մարդը (նկատի ունի դիրքի ավագ Սամվել Գրիգորյանին, որը այժմ մեղադրյալ է-հեղ.) զեկուցել է, որ դիվերսիա է եղել, դեպքի հենց հաջորդ օրը Քննչական կոմիտեն հայտարարում է, թե դիվերսիա չի եղել, այլ սենց բան (սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ-հեղ.) է եղել: Քննչական կոմիտեի սկզբնական ստանդարտ հաղորդագրությունից ես հասկացա՝ էս գործը սարքելու են», -ասում է Դավթյանը:
Մեղադրյալներ Սամվել Գրիգորյանը և Աղվան Հովհաննիսյանը մեկ տարուց ավելի է՝ կալանքի տակ են, և նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվել է:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: