Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որը արցախյան առաջին պատերազմից հետո ակտիվորեն ներգրավված էր գերիների ու անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքներում, կողջուներ Ադրբեջանին զոհերի ոսկորների փոխանցման հայկական կողմի քայլը, եթե չլինեին այդ երկրի հեռահար հակահայկական ծրագրերը:

«Ադրբեջանը քաղաքական գործոն է դարձնում այդ հանգամանքը, վերագրում Հայաստանին հանցագործություններ և եթե չլիներ այդ քաղաքական խայտառակ հանգամանքը, ես ընդհանրապես ողջունում եմ հումանիտար իրավունքի ներքո որևէ քայլ», -Forrights.am-ին ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն դեկտեմբերի 5-ին հաղորդել էր, որ դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել «ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր»։

Ըստ աղբյուրի, այսպիսով, 2020 թ-ի նոյեմբերի 9-ից  մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և 5 քարտեզներ։

Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովն ստեղծվել է 2000 թվականից, և Լարիսա Ալավերդյանը հիշում է՝ հայկական կողմը 2001 թվականից սկսած պաշտոնական մակարդակով մշտապես բարձրացրել ու պահանջել է անհայտ կորածների մասին տեղեկություններ ադրբեջանական կողմից:

«Պաշտոնական մակարդակով հայկական կողմը բազմիցս առաջարկություններ է ներկայացրել ադրբեջանական կողմին: Մասնավորապես, առաջարկվել է դաշտային հրամանատարների միջոցով պարզել՝ որտե՞ղ են տեղի ունեցել մարտերը և որտեղ են մնացել մարտերին մասնակիցների մարմինները: Բացի այդ, հայկական կողմը ամեն մարտական գործողություններից հետո անընդմեջ հայտնել է Ադրբեջանին, որ գան ու տանեն այդ մարմինները, բայց երբևիցե Ադրբեջանը դրան չի համաձայնել: Բայց եղել են առանձին հրամանատարներ, որ եկել, զոհի մարմինը վերցրել տարել են՝ մարդկային վերաբերմունք ցուցաբերելով, և հայկական կողմը երբևէ չէր խոչընդոտում այդ գործողություններին», -հիշում է Ալավերդյանը:

Իրավապաշտպանը հայկական կողմի այս վարքագծին հակադրում է սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ագրեսիայի հետևանքով հայ զինծառայողների դիերը վերցնելու հարցում Ադրբեջանի հակահումանիստական քայլերը, երբ վերջինը խոչընդոտներ էր ստեղծել ու թույլ չէր տվել մարմինները դուրս բերել զավթված տարածքներից:

«Ադրբեջանը շարունակում է լկտի քաղաքական գիծը, որով ուզում է ապացուցել, որ ինքը բոլոր առումներով կատարել է հումանիտար իրավունքի պահանջները, իսկ հայերը վերցնում էին գերի ու սպանում էին գերության մեջ: Ես դա վստահ եմ ասում, որովհետև այսպես էին նրանք տարբեր տեղեր ներկայացնում արդեն այն թվականներին: Ամեն օր այդ սուտը տարածում էին, թեպետ մենք միշտ ազատորեն թույլ ենք տվել մտնել ու վերցնել մասունքներ», -ասում է Լարիսա Ալավերդյանը: Նա կանխատեսում է՝ Ադրբեջանը ներկայացնելու է, որ հայկական կողմից ստացած ոսկորները ոչ թե զոհվածներին են պատկանում, այլ՝ գերի վերցված ու գերության մեջ սպանված մարդկանց:

ԱԱԾ այս հաղորդագրությունից հետո նրա մոտ հարց է առաջացել՝ ինչո՞ւ է հայկական կողմը միակողմանի վերադարձնում չէ՞ որ Հայաստանն էլ ունի անհայտ կորածներ: Ավելին, ըստ Ալավերդյանի, հայկական կողմը ոչ միայն պատերազմի, այլ նաև հարաբերական խաղաղ տարիներին անհայտ կորածներ ունի:

«Ադրբեջանին հատուկ խուժանավարի, տեռորիստական ձևերով առևանգված տղաներ ունենք, ես անընդմեջ զանգեր եմ ստանում ծնողներից, որոնց զավակները անհետացել են պատերազմի ու դրան հաջորդած տարիներին: Շատ ծանր է նրանց վիճակը», -ասում է Ալավերդյանը:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր նաև «ենթադրաբար» եզրույթը, ինչն առաջին հայացքից կասկած է առաջացնում՝ արդյոք ղարաբաղյան պատերազմի զոհերի ոսկորներ են եղել: Այս կապակցությամբ, տիկին Ալավերդյանը նկատում է, որ այդ մասունքները դեռ պետք է նույնականացում անցնեն, իսկ դրա հետազոտությունը շատ թանկարժեք է: «Դաշտային հրամանատարը, որը ներկա է եղել մարտական գործողությանը, հուշել է տեղը: Այդպես ճիշտ է նշելը, քանի որ դեռ պետք է նույնականացնել: Բայց հայկական կողմն էլ ունի իրենց կողմում մնացած տարածքներում զոհեր, անհայտ կորածներ, որոնց մասին մենք տեղեկություն չունենք», նշում է Լարիսա Ալավերդյանը:

Forrights.am-ը հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու՝ արդյոք ադրբեջանական կողմը համարժեք քայլ է իրականացրել դեկտեմբերի 1-ին հայկական կողմից 10 զոհերի ու քարտեզի փոխանցման դիմաց:

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest