Գորիսի զորամասի դիրքերից մեկում նախորդ տարի ամռանը 3 զինծառայողների սպանության գործով դատական նիստը այսուհետև կնախագահի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այլ դատավոր՝ Վահագն Մելիքյանը: Մինչ այդ, հիշեցնենք, այս գործով դատավորը Ռոբերտ Պապոյանն էր: Երկար սպասումներից հետո դատական քննությունը վերջապես մտել էր հիմնական փուլ, երբ Ռոբերտ Պապոյանը նշանակվեց Վերաքննիչ դատարանի դատավոր, ինչը խոչընդոտեց դատաքննության շարունակականությանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանից Forrights.am-ին տեղեկացնում են, որ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ առաջին դատական նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին:

Գորիսի զորամասում մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը երեք զինծառայողի կյանք էր խլել՝ Մուրադ Մուրադյան, Լևոն Հարությունյան, Գոռ Սահակյան: Երեք զինծառայողների սպանության համար մեղադրվում են նրանց համածառայակիցները՝ Աղվան Հովհաննիսյանն ու դիրքի ավագ Սամվել Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական վարկածի, «դիրքի ավագ Սամվել Գրիգորյանը կացարանում սեռական բնույթի համասեռական գործողություններ է կատարել ծառայակից Աղվան Հովհաննիսյանի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին, ովքեր սկսել են ծաղրել:  Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է Աղվան Հովհաննիսյանին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի»:

«2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող Ա.-ն, կատարելով արթուն հերթափոխի պարտականությունները, մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, լիցքավորելով այն կրակ է բացել իր քնած համածառայակիցների ուղղությամբ», -նշվում էր Քննչական կոմիտեի՝ հուլիսի 22-ին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դիրքի ավագ Սամվել Գրիգորյանին նախաքննական մարմինը մեղադրել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և սպանության դրդելու մեջ: Սակայն հետագայում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքը հանվել է, քանի որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ապացույցներ ձեռք չեն բերվել:

Նախաքննության փուլում Աղվան Հովհաննիսյանը սկզբում ցուցմունք էր տվել այն մասին, որ դիրքի ավագ Գրիգորյանը իրենից պահանջել է սպանել վերոնշյալ երեք զինծառայողներին՝ ծաղրից խուսափելու համար, հակառակ դեպքում տեղի ունեցած սեքսուալ գործողությունների մասին տեսանյութը կուղարկի նրա ծնողներին: Ըստ իր ցուցմունքի, ինքն էլ տրվել է շանտաժին ու սպանել է ծառայակից ընկերներին:

Այնուհետև Աղվան Հովհաննիսյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից՝ ասելով՝ իր հետ նման բան չի եղել, ինքը որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել, իսկ կեղծ ցուցմունքները գրել է ռազմական ոստիկանության աշխատակիցների ճնշմամբ:

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest