Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում ապրող 61-ամյա Հովիկ Խաչատրյանի հայացքի ուղղությունը հիմա միայն Կուտականի լեռներն են. սեպտեմբերյան կարճատև մարտերից հետո որդու՝ 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինն այնտեղ է՝ սկզբում զինվորական հագուստով էր, հիմա ոսկորներն են:
«Ամեն օր արցունքն աչքերիս, հելնում եմ տնից, նայում եմ՝ սարը, երեխես ընդեղ պառկած, ո՞նց անեմ ես: Ուրեմն չե՞ն կարա էդ երեխի մարմինը հանեն, բերեն, էս չորս ամիս է լացացնում են էս ժողովրդին», — Forrights.am-ին ասում է Խաչատրյանը:
Ժողովուրդը Շիրազի կինն է՝ Մարիամը, նրա երկու մանկահասակ երեխաները և մայրը: Ասում է՝ ամեն օր լուսացնում են լացով. «Արդեն չորս ամիս ա սարին ա, հողի վրա, հիմա էլ՝ ձյան տակ»: «Բա ես իրանց ըտենց ճիժ էի տվե՞լ», -մոր լացակումած խոսքերն են:
Շիրազի կինը՝ Մարիամը, պատմում է՝ ամուսինը արձակուրդ էր, երբ սեպտեմբերի 13-ի ուշ գիշերը նրան «պոստերից» տագնապ ահազանգով զանգեցին, կանչեցին:
«Ես երկու երեխու հետ մենակ էի, մեզ թողեց, գնաց: Ասեցի մի գնա, ասեց՝ որ ամեն մեկս սենց փախնենք, ո՞ւր կհասնի: Գնաց էդ գիշեր ու ասեց՝ չզանգես, ես կզանգեմ: Գնաց ու էլ չզանգեց», -պատմում է Մարիամը:
Հաջորդ օրն արդեն ամուսնու մահվան մասին գյուղում տարածված խոսակցություններին չի ցանկացել հավատալ, մտածել է՝ զորամասից հրամանատարությունը մի հուսադրող տեղեկություն կփոխանցի, բայց այդպես էլ չեն կապվել իր հետ:
Միայն որոշ ժամանակ անց, համածառայակիցների հետ խոսակցություններից պարզել են՝ ինչ է կատարվել Շիրազի հետ. «Զանգել, կանչել են, որ մեքենայով գնան դիրքեր օգնության, 12 հոգով, Շիրազն էլ հետը, գնում են դիրք, բայց պարզվում ա, որ էդ դիրքն արդեն թուրքինն ա եղել, երբ արդեն սկսել են դրանք կրակել մեքենայի վրա, 11 հոգի ծառայակիցները փախել են, Շիրազին թողել մենակ: Մեզ ասում են, որ մի քանի մետր դիրքից իջացրել են ներքև, բայց չէին կարա՞ իրանց հետ բերեին կամ՝ եթե ընդեղ թշնամին ա արդեն, ղրկում ես սպանում են, բա կարելի՞ էր էդքան իրար հետևից մարդ ղրկել»:
Հիմա 11 ծառայակիցներն էլ կենդանի են, իսկ Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի միջդիրքային գոտում է: Նրա հարազատները տեսահսկող սարքերի միջոցով, նաև՝ անօդաչու թռչող սարքով նկարել ու տեսել են սկզբում՝ զինվորական հագուստով Շիրազին, հետո արդեն նրա ոսկորները:
«Ավելի ուշ թուրքերը բերել, ըտեղ պոստ են դրել: Գոնե եթե երրորդ օրը ասեին, էլի մի ձև կբերեինք երեխու մարմինը», -ասում է հայրը:
34-ամյա Շիրազ Խաչատրյանը պայմանագրային զինծառայող էր, սկզբում՝ Օմարի լեռներն է հսկել, 44-օրյա պատերազմի ընթացքում եղել տարբեր ճակատներում, իսկ պատերազմից հետո տեղափոխվել է Կուտականի դիրքեր:
Խաչատրյանների ընտանիքը հուսահատության մեջ է, գալիք տոները նշելու համար սիրտ չկա. այս պահին նրանց համար կարևոր է որդու մարմնից գոնե մի հատված ստանալը: Այդ խնդրանքով դիմել են գրեթե բոլոր պատկան կառույցներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, նույնիսկ՝ Վլ. Պուտինին են նամակ գրել, բայց ապարդյուն՝ ոչ մի կառույց չի ստանձնել պատասխանատվություն Շիրազի մարմինը միջդիրքային հատվածից իջեցնելու համար: Նույնիսկ առաջարկել է դիվերսիայի փորձ կազմակերպել ու հետ բերել որդու դին, բայց դրան էլ չեն համաձայնել:
«Ասեցին՝ սպասեք մինչև գարուն: Նկարներ կան, փաստեր կան, որ իմ երեխեն ընդեղ ընկած ա: Բարձրախոս եմ բերել, մյուս տղուս պերեգավորի եմ ուղարկել, ոչ մի բան չի օգնել, Պաշտպանության նախարարություն գոյություն ունի՞: Իրանց պարտականությունը չի՞ էդ ամենն անելը: Ես ուղղակի ամոթ եմ զգում մեր բանակի վիճակից: Քանի պավեստկա կա, ոչ մեկ չի գնում: Ով էս ամեն ինչը տեսավ, երեխեքին հանեցին տարան: Ինչքան էլ հայրենասեր լինես, որ գիտես մսաղացով անցնելու ես, ինչի՞ կեթաս», -ասում է որդուն կորցրած հայրը:
Պաշտպանության նախարարությունից այս ընտանիքը զորակցության խոսքեր չի ստացել, ոչ էլ այցելել են, փոխարենը հենց սեպտեմբերի 13-ից դադարեցվել է Շիրազի 220 հազար դրամ աշխատավարձի տրամադրումը: «Պարտաճանաչ կերպով կտրեցին աշխատավարձը, էդ մի քանի օրվա փողն էլ բանկն էր վարկի համար տարել: Հիմա էլ աշխատող չկա ընտանիքում, ֆինանսական նեղություն ենք զգում», -ասում է Մարիամը:
Շիրազի մարմինը չկա, հուղարկավորություն չի եղել, և պետությունը նրան պատրաստվում է ճանաչել անհայտ բացակայող: Թեպետ ընտանիքի համար ծանր է ու անընդունելի այս կարգավիճակը, բայց այլ ելք չկա, ու այժմ ծանր վշտի մեջ ընտանիքը թղթաբանությունների միջով է անցնում:
«Մենք չենք ուզում էդ կարգավիճակը, տղես էս սարի դոշին ա, հելնում արցունք թափելով նայում եմ, ի՞նչ անհայտ բացակայող կարգավիճակ: Ո՞նց կարամ ընդունեմ էդ կարգավիճակը: Եթե փաստեր չլիներ, էլի կհասկանայի, բայց մենք փաստեր ունենք, որ ինքն ընդեղ ա: Անորոշ վիճակ է», -ասում է հայրը:
Հասմիկ Համբարձումյան
Մանրամասները տեսանյութում՝
Տեսանյութի հեղինակ՝ Ռուզաննա Քոչարյան