Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները նախօրեին վաղ առավոտյան սկսել են քանդել Երեւանի Ֆիրդուսի 42 հասցեում գտնվող նկարիչների տան բերքատու այգին, լողավազանը, աստիճանները, վնասել են տանիքի մի մասը։ Քանդման աշխատանքները դադարեցվել են սափականատիրոջ կողմից ոստիկանություն ահազանգելուց հետո միայն։

Երկհարկանի տունը վարձակալում են 9 արվեստագետներ, որոնցից յոթը ոչ միայն այստեղ աշխատում, այլ նաեւ բնակվում են։ Վարձակալների խոսքով, տան շուրջ դատական վեճ կա ու քանի դեռ վճիռ չի կայացվել, այն չեն կարող քանդել։

Երեւանի պատմական թաղամաս համարվող Ֆիրդուսում շատ քիչ սեփական տներ են մնացել։ 2018-ին թաղամասը հանրային գերակա շահ է ճանաչվել, 2020-ին քանդվել են հին շենքերը։ Բնակիչների մեծ մասին ստիպել են գործարքի գնալ կառուցապատողների հետ, մի մասին հանել են ուժով։

Screenshot

Արվեստագետ Սիրանույշ Աղաջանյանի խոսքով, այս տունն իրենք անվանել են «Նկարիչների տուն». «Այս վայրը վերջին տարիների ընթացքում գոյություն ունի, որպես  ակտիվ աշխատող ու ստեղծագործող արվեստանոց, վերջին 2-3 տարիների ընթացքում ավելի հանրային վայր է դարձել, քանի որ այստեղ կազմակերպվել են միջոցառումներ, համերգներ, ցուցադրություններ, ամանորյա միջոցառումներ, որոնք նույնպես արվեստային բնույթ են կրել։ Տարիների ընթացքում եղել է այս շենքը քանդելու մտավախությունը, բայց իմացել ենք, որ կա դատական վեճ եւ չկա փաստաթուղթ, ըստ որի այն պետք է քանդվի»։

Սիրանույշը նշում է, որ նախօրեին տեղի ունեցածը իրենց անակնկալի է բերել եւ իրենք չեն կարողացել փրկել իրենց սիրելի այգին. «Մեր խնդիրն այն է, որ այս ամենը եղել է մարդու իրավունքների ոտնահարմամբ, նաեւ բնապահպանական խնդիրներ են այստեղ առաջացել։ Մենք ունեցել ենք բուսական այգի՝ պտղատու ծառերով, որոնք ոչնչացվել են։ Մինչդեռ վերջին 8-9 տարիներին այգու խնամողները եղել են այստեղի նկարիչները։ Այգին այժմ ամբողջությամբ ոչնչացված է, այգում գտնվող մեր իրերը, գույքը եւս։ Սա մշակութային անկախ տարածք է, որը տարիների ընթացքում ինքն իրեն աշխատեցրել է, գործել է եւ շատ ցավալի է, որ առանց դատարանի որոշման այս վայրի հետ կարող են նման կերպ վարվել։ Հաշվի չի առնվում այստեղ մարդկանց բնակվելու հանգամանքը, առավել եւս հաշվի չեն առնվում հանգամանքը, որ այն արվեստանոց է»։

Թե երբ տունը քանդելու հերթական փորձը կարվի, հայտնի չէ, սակայն արվեստագետները հույս ունեն, որ ոստիկանություն դիմելով որոշ ժամանակ կշահեն։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest