Ժաննա Միրզոյանը Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի դպրոցի դասվարն էր։ Անցած տարվա սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտապ հարձակման ժամանակ զոհված 15 տարեկան Դավիթը,  10-ամյա Միքայելն ու 8-ամյա Նվերը նրա աշակերտներն էին։

Ժաննա Միրզոյանը մինչ օրս չի կարողանում ընդունել տեղի ունեցածը, իսկ ամսի 19 հիշելիս անընդհատ կրկնում է. «Մի ժամ առաջ էի էրեխեքին տուն ուղարկել… Մեկ ժամից աչքիս առաջ մեկը վիրավոր, մյուսի մասին լսում եմ, որ զոհվել է…մյուսի մասին ասում են, որ ծանր վիճակում է, այն մյուսը մազապուրծ փրկվել է… Սարսափելի էր, շատ սարսափելի էր…Անմեղ, անմեղ երեխաներ»։

Ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանական հարձակման հետեւանքով գյուղում զոհվել է 5 խաղաղ բնակիչ, 15-ը վիրավորվել են, 4-ը գերեւարվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից։ Վիրավորների թվում է Ժաննայի ամուսինը՝ Արսեն Գաբրիելյանը։

Տիկին Ժաննան այժմ ընտանիքի հետ ապրում է Մասիս համայնքի Սայաթ Նովա գյուղում, սակայն դեռ չի կարողանում մտածել անգամ մանկավարժությամբ զբաղվելու մասին.

«Այ հիմա որ խոսում եմ, չեմ կարողանում… հիմա ամեն երեխայի մեջ իմ աշակերտներին եմ տեսնում։ Երեկ աղջկաս ծննդյան օրն էր… հիշում էինք, որ անցած տարի երբ գյուղում էինք, 15 տարեկան Դավիթը արջուկի հագուստ հագած եկել մեզ ուրախացնում էր… Իմ աշակերտներին իմ երեխաներն են համարել, քիչ էին աշակերտները, վեց հոգի։ Տարի կար տասն էին լինում, տասնհինգ, այդ տարի վեցն էին։  Երբ ինձ հարցնում էին՝ քանի աշակերտ ունես, ասում էի, մարդիկ էին լինում տարակուսում էին, թե այդքան քիչ երեխայի համար ինչ դպրոց։ Բայց ես հպարտ էի դրանով։ Մեկն էլ լիներ, երկուսն էլ լիներ, ես ուրախ կլինեյի։ Սահմանամերձ գյուղ էր, պետք է երեխաները դպրոց գնային։ Հիմա հարցնում են, չե՞ս ուզի մանկավարժ աշխատես, ասում եմ՝ որ չեմ կարող, չեմ կարողանում մոռանալ իմ զոհված  աշակերտներին։ Նույնիսկ հոգեբանի եմ դիմել, բայց արդյունք չի տալիս։ Հենց մի տեղ դպրոցական երեխա եմ տեսնում, հիշողություններս արթնանում են, արցունքներս գնում են, չեմ կարողանում ինձ զսպել»։

Զոհված երեխաների դասվարը հիշում է, թե ինչ ուրախ էին երեխաները ամսի 19-ին եւ ինչպես էին սպասում, որ ծանր շրջափակման շրջանից հետո ծնողները իրանց վերջապես կկարողանան քաղցրավենիք բերել։

«Շրջափակման պատճառով ստեղծված վիճակի հետեւանքով դասաժամերը 45 րոպեի փոխարեն կրճատվել էին, 35 րոպե էին տեւում, որ երեխաները դիմանան մինչեւ դասերի ավարտը։ Այդ օրը երեխաները ուրախ եկան, ներքեւից գոռում էին՝ ընկեր Միրզոյան, մաման քեցել ա կոնֆետ բերի, ճանապարհը բաց են արել… Չգիտեինք, թե օրը ինչ ավարտ կունենա… Ստեփանակերտից ինձ մի քանի հոգի զանգեցին, ասացին, թե խոսում են՝ գյուղում վիճակը լարված է, ես էլ ասացի, որ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց բան չի կատարվում։ Այդ օրը ֆիզկուլտուրա արեցինք, երաժշտություն արեցինք, հետո դաստիարակչական հեքիաթ կարդացի։ Այ մինչեւ հիմա չեմ կարողանում հիշել, թե որ հեքիաթն էր… Արդեն դասերի ավարտից հետո, երեխաներին տուն ուղարկեցի։ Ես էլ տուն հասա։ Ժամը մեկին մի քիչ պակաս էր… բակում բաց տեղում էի, ուտելիքն էի տաքացնում, աղջիկս էլ սուրճ էր դնում խոհանոցում… ու մեկ էլ հարվածը եղավ։ Ոնց որ կարկուտ լիներ, կարկուտի ձայն տանիքին, ամեն ուղղությամբ։ Ամեն կողմից սկսեցին խփել։ Վազեցինք բաղնիք։ Տան տանիքին ուժեղ հարված եղավ։ Արագ տուն մտա, երեխայիս հեռախոսը, ավարտած աղջկաս դիպլոմը ու թղթապանակը վերցրի։ Վազելով ոտքով դուրս եկանք տանից, ոտքով, կրակոցների տակով հասանք մինչեւ գյուղի աղբյուրը։ Կիսուրս էր, երկու անչափահաս երեխա, ես, ամուսինս։ Գնացինք, տեսնենք գյուղացիները որտեղ են թաքնվել, գոռում էին, կանչում էինք, տեսնենք ով որտեղ է, բոլորովս միասին լինենք»,- պատմում է մանկավարժը։

Նրա խոսքով, այդ պահին գյուղի ընտանիքներից մեկը իր մեքենայով մոտեցել է, նրանց վերցրել, իսկ ամուսինը՝ Արսենը տղամարդկանցից մեկի հետ այլ ճանապարհով է գնացել, որպեսզի տեսնի, թե ով է մնացել գյուղում, ում է պետք օգնել դուրս գալ. «Գյուղապետի տան մոտ հասանք։ Ուժեղ պայթյուն լսվեց, մեքենան տեղում շարժվեց։ Մեքենայից դուրս եկանք, գժի պես երեխաներին սկսեցի դուրս քաշել, հնարավոր չէր բան հասկանալ, ամեն կողմից կրակոցներ էին։ Գյուղապետին տեսանք, լացում էր, ծնկներին էր հարվածում, շոկային վիճակում էր, ասում էր՝ երեխաները, Դավիթը։ Մինչեւ հասկանանք ինչ է կատարվել, երկրորդ ուժեղ պայթյունը եղավ, մտանք գյուղապետի տան բաղնիքը։ Շատ բան չեմ հիշում, բոլորս ահավոր վախեցած էինք, հնարավոր չէր բան հասկանալ, մեկ էլ ամուսինս ներս եկավ՝ ամբողջությամբ արնահոսող։ Բեկորային բազմաթիվ վնասվածքներով… Տաք էր, ասեց՝ բան չկա, դուք մեքենայով գնացեք, մենք գնում ենք գյուղապետին օգնենք վիրավորներին ու զոհվածներին հանենք… Մի կերպ հասանք ռուսների մոտ… Ես չորս պատերազմ տեսել եմ, այդքան զոհ եղավ, բայց սեպտեմբերի 19-ը մի ուրիշ արհավիրք էր։ Մեկ օր տեւեց, բայց ահավոր էր»։

Տիկին Ժաննայի խոսքով, դեպքերից հետո իրեն շատերն էին ասում, թե չգիտե՞իք, որ մի բան լինելու է, ինչո՞ւ երեխաներին դպրոցում չպահեցիք, ինչո՞ւ տուն ուղարկեցիք։ «Բայց մենք ոչինչ չգիտեինք, բացի դա եթե իմանայինք էլ, դպրոցում ապաստարան կամ անվտանգ տեղ էլ չկար, որ կարողանայի երեխաներին այդտեղ թաքցնել։ Դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե այլ բան անեինք։ Բայց պարզ էր, որ այդ պահին գյուղում ոչ մի անվտանգ տեղ չկար։ Չէիր կարող իմանալ, թե որ պահին որտեղ հարված կլինի»,- ասում է մանկավարժը։

Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest