«Ես Ղարաբաղցի եմ, 58 տարվա Ղարաբաղցի, այնտեղից ոչ մի տեղ չեմ գնացել, մշտական բնակությանս վայրը եղել է Ստեփանակերտը իսկ հիմա…»,- ասում է Մարիետա Եփրեմյանը, ով մեկն է այն բազմաթիվ արցախցիներից, ով մինչ օրս չի համարվում բռնի տեղահանված անձ:

«Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայից եմ, 78 թվականին ծնողներս տեղափոխվեցին Ստեփանակերտ ու մինչեւ վերջին դեպքերը ես բնակվել եմ Ստեփանակերտում: Այնտեղ էլ ամուսնացել եմ, ունեցել եմ երեք երեխա:  Աղջկաս ամուսինը զոհվել է 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը: Չորս երեխաները մնացել են առանց հայր: Նա բանակում վարրորդ էր աշխատում, Ուրալ էր վարում»,- պատմում է կինն ու նշում, որ իր զոհված փեսան  37 տարեկան Խորեն Խաչատրյանն է, ում շիրիմը մնացել է Արցախում:

Արցախցի կինը հիշում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ընտանիքի կանանցով ու երեխաներով Հայաստան էին եկել, բայց հետո վերադարձել էին վերականգնելու վնասված տները.

«Սկսեցինք նորից աշխատել, դժվարությամբ, բայց անում էինք ինչ-որ բաներ:  Կրտսեր աղջիկս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում էր 4 տարի սովորում, բայց հետո որոշեց իրավաբան  դառնալ, ամուսնացավ, բալիկ ունեցավ: 2022-ի դեկտեմբերին խնդրեց, որ գնամ երեխային պահեմ, որ կարողանա քննություններին պատրաստվել: Ես եկա Երեւան, երեխային խնամելու, մի քանի օրից դեպի Արցախ ճանապարհը փակվեց… Սպասեցինք 1 շաբաթ, 2 շաբաթ: Մեկ ու կես ամիս հետո գնացի Գորիս` Տեղ գյուղ, որտեղ ծանոթ ունեինք: Մտածում էի` վաղը, մյուս օրը ճանապարհը կբացվի, կհասնեմ Ստեփանակերտ` իմ տուն: Ոչ գումար ունեի, ոչ հագուստ, ոչ անձնական իրեր, ոչինչ մոտս չկար:  Այդպես համարյա մեկ տարի: Չնայած գյուղի մարդիկ, գյուղապետը ինձ շատ լավ էին վերաբերվում, բայց դժվար էր ապրելը: Գյուղում էլ ինձ նշեցինք, որպես այնտեղ ժամանակավոր բնակչություն հաստատած անձ: Սակայն որեւէ օգնությունից չենք օգտվել, ասում էին` բռնագաղթած չես, Հադրութի կողմից չես, Լաչինից չես, Ստեփանակերտը կա, ազատ է, օկուպացիայի մեջ չի»:

Արդեն սեպտեմբերի 19-ին նոր պատերազմի լուրը ստանալուն պես կինը փորձել է կապվել Արցախում ապրող իր երեխաներին, սակայն մեկ շաբաթ շարունակ դա անել հնարավոր չի եղել.

«Երեխաներիցս, թոռներիցս ոչ մի լուր չունեի, կապ չկար, շրջափակման մեջ էին, մեկ շաբաթ ընդհանրապես լուր չունեինք, իրանց հետ կապ չկար, լույս չկար, ինտերնետ չկար, արդեն մեկ շաբաթ անց էրեխեքը զանգեցին, ասացին, որ Տեղ գյուղի մոտով են անցնում, եկան, գրկախառնվեցինք, կարճ շփվեցինք ու իրանք շարունակեցին ճանապարհը: Ես էլ մնացի անորոշության մեջ: Մի քանի օրից խանութից տուն գալիս ընկա, ոտքս կոտրեցի: Դրա հետեւանքով էլ զրկվեցի գոնե որեւէ աշխատանք գտնելու, աշխատելու հնարավորությունից»:

Ոտքը կոտրելուց հետո Մարիետա Եփրեմյանը նորանոր խնդիրների է հանդիպել,-«Գորիսի հիվանդանոցը ինձ չընդունեց, ասացին` գումարներ պետք է վճարեք, բարդ վիրահատություն պետք է արվի, կարգավիճակ էլ չունեք: Բժիշկներն ուղղակի ստից գիպս դրեցին, ինձ դրեցին տաքսու մեջ, ասացին` ցտեսություն: Հետո հիվանդանոցի գլխավոր բժիշկը դիմեց Կարմիր խաչին, Սոցապ նախարարություն, քանի որ ես չէի կարողանում շարժվել, կողքս էլ մարդ չկար: Ներկայացրին, որ այսպիսի հիվանդ կա, Արցախից է: Այդ տեղերից էլ ասացին` թե նա բլոկադայի մեջ չի եղել, բռնի տեղահանված չի, մենք նրան ոչ մի աջակցություն չենք կարող ցուցաբերել: Նրանք էլ ինձ ստիպված հիվանդանոցից հանեցին, ուղարկեցին տուն, ու ես այդպես մենակ մի կերպ հասա: Աղջիկս, Իրինան է եկել իմ հետեւից: Իր հնարավորություններով տարել է Մասիսի հիվանդանոց, ինձ վիրահատություն արեցին, բայց նորից պետք է անեն»:

Տիկին Մարիետան ասում է` դիմել է պետական բոլոր կառույցներին սակայն ապարդյուն. «Ինձ ոչնչով չեն օգնում, բոլորն ասում են` դուք բռնի տեղահանված չեք: Ստացվում է, որ ես ոչ մի իրավաբանական իրավունքներ չունեմ, ամեն ինչից զրկված եմ: Անգամ հոգեբանական աջակցություն չեն ցուցաբերում, բայց ինչպե՞ս կարող է լինել, որ անկախ իմ կամքից մեկ տարի ուրիշի հույսով, ուրիշի հացով եմ եղել, ու հիմա էլ ոչ  թոշակառու եմ, ոչ նպաստառու եմ, ոչ հիվանդության կարգով կարող եմ որեւէ աջակիցություն ստանալ: Ինչ որ մարդիկ որոշել են, որ ես ու իմ պես շատ արցախցիներ աջակցության կարիք չունենք: Այդ ինչպե՞ս»:

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տոսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest