Կամավոր Զոհրակ Հարությունյանը 44-օրյա պատերազմին էր մեկնել իր 12 համագյուղացիների հետ, մասնակցել էր մարտերի Հադրութում եւ հայտնվել էր շրջափակման մեջ: Նրա մարմինը գտնվել է երեք ամիս անց:

Մայրը` Աիդան ասում է.«Զորակը իմ թիկունքն էր, երբ նա կար, ես գիտեի, որ ամեն ինչ լավ է, որ ինքը ինձ հետ է: Նրա մահից հետո ամեն ինչ անիմաստ է ու դատարկ: Հիմա նայում եմ մեր տանը, որը նա իր ձեռքերով էր վերանորոգել ու իրան եմ զգում»:

Զոհրակը 33 տարեկան էր, ապրում էր Կոտայքի Արգել համայնքում, պարբերաբար աշխատանքի համար մեկնում էր ՌԴ:

Հայտնի է, որ Հադրութ տեղափոխված կամավորները ծանոթ չեն եղել տեղանքին եւ նրանց որեւէ մեկը չի ուղեկցել: Երկար ժամանակ դիրքերում մնալուց հետո կամավորներին թույլատրվել է հերթափոխ անել, սակայն դրանից հետո ողբերգական դեպքեր են տեղի ունեցել:

«Պատմում են, որ տղաները դիրքերից իջել են, որ գնան հանգստանալու ու լողանալու: Այնտեղ ինչ-որ մեկը հարցրել է, թե ուր են գնում, որ պետք է հետ բարձրանան պոստեր, տղաներն ասել են, որ պետք է գոնե լողանան: Այդ մարդը ասել է, որ գնան մի քիչ այն կողմով քայլող հատուկ նշանակության ինչ-որ զինվորների հետեւից: Զորակն ու մյուս տղաները քայլում են նրանց ետեւից, բայց հետո նրանց կորցնում են իրենց տեսադաշտից, որպեսզի չմոլորվեն, որոշում են հետ վերադառալ դիրքեր ու այնտեղ ճանապարհը իմացող որեւէ մեկին գտնեն:

Արդեն հետ վերադառնալիս թշնամին սկսել է նրանց վրա կրակել ու ռմբակոծել: Տղաներից մեկը արագ առաջ է վազել իրեն գցել է փոսը, մյուսները գնացել են նրա ետեւից, քանի որ կարծել են, թե նա վիրավորվեց: Բոլորը գետնին են պառկել, քանի որ մոտ քառասուն րոպե այդ տեղը գնդակոծվել է: Երբ դադարել է, տղաները բարձրացել են գետնից ու տեսել են, որ Զորակը չի շնչում»,- պատմում է զոհված կամավորի մայրը: Նրա խոսքով, այդ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին, երբ Հադրութը արդեն գտնվել է թշնամու հսկողության տակ:

Տիկին Աիդան տեւական ժամանակ որդու մասին որեւէ լուր չի ունեցել: Զոհրակի մարմինը հաջողվել է հայտնաբերել եւ հողին հանձնել միայն երեք ամիս անց:

Մայրը համոզված է, եթե կամավորների հետ տեղանքն իմացող որեւէ զինծառայող լիներ, իր որդին այժմ ողջ կլիներ.«Որդիս շատ հայրենասեր էր եւ առանց մտածելու, միանգամից որոշեց մեկնել Արցախ: Նա ոչ մի պահ անգամ չմտածեց, որ կարող է չգնալ: Ինձ ասեց` եթե ես չգնամ, բա ո՞ վ գնա: Ու հետո այդքան ամիս մենք նրան փնտրեցինք… տղայիս հետ նույն տեղում մեր մի պատ այն կողմի հարեւան Սամվելն էր: Երբ ես դա իմացա, շատ հանգստացա, քանի որ Սամվելը նախկինում շատ էր օգնում տղայիս… Սամվելն էլ զոհվեց, տղաս էլ»:

Անի Գեւորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest