«Ես հինգ երեխաների մայր եմ,- ասում է Ստեփանակերտից բռնի տեղահանված կինը, ապա հուզված ինքն իրեն ուղղում է,- Արդեն` չորս»:

41-ամյա Նարինե Սահակյանը սեպտեմբերի 19-ին կորցրել է ավագ որդուն` 19-ամյա Սամվելին, սակայն մինչ օրս չի կարողանում հավատալ, որ նա այլեւս չկա:

«Մենք Մարտունուց էինք, բայց հետո` 2020-ից տեղափոխվեցինք Ստեփանակերտ ու սկսեցինք այնտեղ ապրել: Տղաս գնաց ծառայության… Ասկերանում էր ծառայություն իրականացնում: Բայց տեղափոխեցին … Միանգամից 6 հոգի զոհվել է: Ասում են, որ հենց սեպտեմբերի 19-ին է եղել: Մեզ ասացին` մեքենայի մեջ այրվել են: Գոռացել են` օգնություն, օգնություն, բայց օգնություն չի եղել»,- պատմում է կինը: Նա նշում է, որ Արցախում է թողել իր ողջ կյանքը, սակայն որեւէ բանի մասին չի էլ հիշում, ասում է` իր միակ կորուստը որդին է:

Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետեւանքով Նարինե Սահակյանի ամուսինը` Հմայակը գլխի շրջանում վիրավորում է ստացել, իսկ ինքն էլ ընկել է եւ կոտրել է ոտքը:

«Արդեն էլ չեմ էլ հիշում, թե որը որից հետո եղավ: Երբ կրակոցներ ու ռումբերի ձայներ էին, ամեն ինչ խառնվել էր իրար: Ես էլ ընկա, ոտքս կոտրեցի: Էրեխեքիս թողեցի տան նկուղում, տղայիս էի փնտրում: Ամեն տեղ շրջում էի, ուզում էի իմանալ` զոհված է, վիրավոր է, թե որտեղ է: Հետ եկա, իմացա, որ ամուսինս վիրավորվել է… Երկու օր տեւեց մեր ճանապարհը, երրորդ օրը հասանք այստեղ: Ես արյուն եմ հանձնել, որ տղայիս գտնեն, բայց ասացին, որ այսօր ամուսինս էլ արյուն պետք է հանձնի, որ ԴՆԹ-ով հաստատ գտնեն»,- պատմում է որդեկորույս մայրը:

Տիկին Նարինեն հիշում է, որ երբ արդեն պարզ էր, որ պետք է Ստեփանակերտից հեռանան, ինքը չի հասցրել որեւէ բան անել` կրտսեր երեխաների համար անհրաժեշտ պարագաներ վերցնելու համար. «Ոչ մի բան տնից չենք կարողացել վերցնել: էրեխաներին այլ մարդիկ են իրեր տվել: Ամսուսինս նորմալ է, գլուխը վիրակապված է: Մեզ համար մեկ է` գիշեր է, թե ցերեկ, մեզ համար էլ ոչինչ չի փոխվի: Փոքր տղաս 7 տարեկան է, ասում է` գնա Սամվելին բեր, ասում եմ` այ մատաղ, ոնց բերեմ: Մինչեւ Ստեփանակերտն էլ սոված էր, հաց էր ուզում, բայց ոչինչ չունեինք: Մի տեղ էլ կանգնեցինք` հաց չտվեցին, ասացին` չկա»:

Ընտանիքն այժմ ժամանակավոր կացարան է գտել Մասիսում, թե ինչքան կմնան այնտեղ, դեռ չեն կարող ասել. «Աղջիկս ամուսնացած է, չարենցավանում է ապրում, բայց մենք դեռ այստեղ կմնանք»:

Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest