Գենադի Գրիգորյանը իր սիրելիի հետ ամուսնացել էր 44-օրյա պատերազմի ավարտից` առաջնագծից վերադառնալուց անմիջապես հետո: Երեք տարի անց նա կրկին հայտնվում է առաջնագծում, օրեր շարունակ մնում է շրջափակման մեջ, հրաշքով ողջ է մնում եւ սեպտեմբերի 25-ին զոհվում է կրտսեր եղբոր հետ միասին` բենզալցակայանի պայթյունի ժամանակ:

Գենադիի այրին` 24-ամյա Անահիտ Գրիգորյանը իրենց 2 տարեկան որդու հետ այժմ ապրում է Օշական գյուղում:
Ասկերանի Սարուշեն գյուղից տեղահանված երիտասարդ կինը հիշում է` սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական ռազմական գործողությունների հետեւանքով գյուղի կանայք ու երեխաները թաքնվել են մոտակա անտառներում, Գենադին եւս մի քանի տղամարդու հետ ուղեկցում էր նրանց:

«Մեզ տարան մինչեւ Մարտունու շրջանի Մսմնա գյուղը: Այդտեղ մի քանի ժամ մնացինք, բայց հասկացանք, որ այդ գյուղում էլ է վտանգավոր, մեզ տարան Ստեփանակերտ… Այդ ամենը մեր գյուղապետն էր կազմակերպել, որը այդ ժամանակ արդեն վիրավոր էր, շատ ծանր վիճակում էր, բայց ամեն ինչ կազմակերպել էր: Եթե նա այդպես չաներ, երեւի մենք հենց այդ անտառներում էլ կհանդիպեինք ադրբեջանցիներին ու վերջը չգիտեմ ինչ կլիներ »,- պատմում է կինը։

Անահիտի խոսքով, այնտեղից կանայք տեղափոխվել են Ստեփանակերտի նկուղներ, տղամարարդիկ մնացել են Մսմնայում, ապա գնացել են Ննգի. «Ննգիյում տղամարդիկ, այդ թվում ամուսինս մի քանի օր շրջափակման մեջ են մնացել, մինչեւ որ ռուս խաղաղապահները ողջ մնացածներին հանել են: Խաղաղապահները այնտեղ են գնացել ադրբեջանական կողմի բարձր պաշտոնյաների եւ մեր բարձր պաշտոնյաների հետ: Դա հետո իմ ամուսինն էր ինձ պատմել: Պատմել էր, որ ռուս խաղաղապահներն ասել են` պետք է զինաթափվեք, որ բանակ այլեւս գոյություն չունի, բանակը ոչնչացված է, զենքերը հանձնեք, եթե ցանկանում եք, որ մենք ձեզ ապահով տեղ հանսցնենք: Ու նրանց տեղափոխում են Ստեփանակերտ»։

Դրանից հետո երկու օր շարունակ ընտանիքի տղամարդիկ վառելիք են փնտրել, որպեսզի կարողանան մեքենայով դուրս գալ Արցախից:
«Ամուսնուս մեքենան թողել էինք մեր գյուղում: Մի բարեկամ ունեինք, ասաց, եթե վառելիք գտնեք այդ մեքենայով դուրս եկեք: Դե բլոկադա էր, վառելիք չկար: Սեպտեմբերի 25-ին նրանց ասացին, որ մի պահեստում մեծ քանակով վառելիք կա: Գենադին է գնում իր հոր հետ և15 տարեկան եղբայրը` Արենը, ով շատ ակտիվ էր, ասաց` ես այստեղ հանգիստ նստեմ, եղբայրս ու պապաս փնտրեն Ես էլ գնամ օգնեմ: Նրանք գնացին: Հետո հայտնի դարձավ պայթյունի լուրը… Սկեսրոջս ոչ մի բան չի եղել: Չնայած ինքն ասում էր, որ տղաներից ավելի առաջ է կանգնած եղել: Պայթյունը շատ տարօրինակ էր, կանգնած տեղը կապ չուներ: Ցնցումից հետո դուրս գալուց սկեսրայրս սկսել է փնտրել տղաներին, բայց չի գտել»,- պատմում է Անահիտը:

Նրա խոսքով, այդ օրը երեկոյան Արենը զանգահարել է հարազատներին. «Երեւի երեխային ցավազրկել էին, տաք էր, կարողանում էր խոսալ, բայց այդ գիշեր նա մահացավ: Հետո պարզվեց, որ 92 տոկոսով այրվածք էր ստացել… Գենադիի մասին այդպես էլ լուր չեղավ: Սոցկայքերով գրառումներ էին անում, Կարմիր Խաչին էի դիմում, սկեսրարս շաբաթը մեկ հիվանդանոցներ էր այցելում, որ լուր լինի, ԴՆԹ անալիզ էինք հանձնում…պարզվեց, որ ամուսինս հենց պայթյունը օրն էր մահացել: ԴՆԹ-ի միջոցով գտանք»:

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest