Չորս երեխաների մայր Մելինե Բալայանը ամենաշատը ափսոսում է, որ Արցախից հեռանալիս չի հասցրել վերջին անգամ այցելել ամուսնու շիրիմին: Մարտունիի Գիշի գյուղից տեղահանված կինը միայնակ մայր է դարձել այս տարվա ամռանը, երբ ԱԹՍ հարվածից դիրքերում զոհվել է ամուսինը` Գագիկ Բալայանը:

«Երկու աղջիկ ունեմ, երկու տղա: Մի աղջիկս 19 տարեկան է, մյուսը` 13: Տղաներս էլ 7 ու 3 տարեկան են… Ամուսինս զինվորական էր, շատ էր սիրում զինվորական հագուստը, միշտ ցանկանում էր ծառայել: Փոքր տղաս առանց հոր հետ գոնե հեռախոսով խոսալու չէր քնում: Եթե նա պոստում էր, անպայման պետք է հեռախոսով խոսար, ուր էլ որ լիներ: Հոր մահից հետո երկար ժամանակ ջերմում էր, լացում էր, չէր քնում, անընդհատ ասում էր` պապա, պապա…Ասում եմ, կգա պապան, բայց տղաս երկնքն է ցույց տալիս, ասում է` պապան այնտեղ ա ու ձեռքով ցույց է տալիս, որ նրան խփել են… Ամուսինս իր մեքենան շատ էր սիրում, վարել էր շատ սիրում, միշտ երեխաներին տեղ էր տանում: Նրա զոհվելուց հետո այդ մեքենան հարեւանի բակում էինք կանգնացնում, փոքր տղաս մեքենան էր նստում, ասում էր` պապաս…Ավտոն մնաց այնտեղ, չկարողացանք բերենք»:,- պատմում է կինը:

Մելինեն իր չորս երեխաների եւ զոհված ամուսնու մոր հետ այժմ ապրում է Արարատի մարզի Ռանչպար գյուղում. «Հիմա վարձով ենք ապրում, մինչեւ մի բան գտնենք: Գիտեմ, որ եթե ամուսինս մեզ հետ լիներ, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ… Այնքան լավ հիշողություններ է թողել ինձ, երեխեքիս, որ մի ամբողջ կյանք կհերիքի: Չեմ հավատում որ ինքը չկա, անընդհատ զգում եմ, որ մեզ հետ է: Նրա համար առաջին տեղում միշտ ընտանիքն է եղել»:

Հիշելով սեպտեմբերի 19-ի դեպքերը` կինը պատմում է. «Երեխեքը շատ էին վախեցել ձայներից: Սկզբում չհավատացինք: Մի երեխան մանկապարտեզում էր, մյուսը դպրոցում: Սկեսուրս եկավ, երեխեքին հավաքեցինք հարեւանի նկուղում: Երեխեքը չէին մնում, մեկը դուրս էր գալիս, մյուսը չէր մնում: Զղայյնանում էի` լացում էին, փոքր տղաս էլ վախեցել  «պապա-պապա» էր կանչում: Երբ նկուղից դուրս եկանք, մեքենայով եկանք Ստեփանակերտ, հետո Գազելով ճամփա ընկանք:  Ճանապարհին թուրքը կանգնացրեց որ ստուգի, բայց ես չէի վախեցնում, գիտեի, որ մեզ վատ բան չի լինի»:

Կինը պատմում է, որ Գագիկը առողջական խնդիրներ ուներ, սակայն 44-օրյա պատերազմից հետո հստակ որոշել էր, որ պետք է ծառայի ու դիրքեր գնա: Գագիկի հայրն էլ զոհվել է 1993-ին` Արցախյան առաջին պատերազմի ժամանակ:

«Իր զոհվելու օրը բոլորի հետ զանգեց, խոսեց, բարեկամների հետ, հարեւանների հետ: Մենք Մարտունիում էինք, մամայիս տանը: Զանգեց, ասեց, որ կգա, մեզ մեքենայով տուն կտանի… առավոտյան արթնացանք ու իմացանք… ԱԹՍն է խփել»,- պատմում է Մելինե Խաչատրյանը ու ավելացնում` օրերս իր ավագ դստեր 19-ամյակն էր: Այդ առիթով ինքը նրան կարմիր վարդերի փունջ էր նվիրել`  «Իմ հրաշք աղջկան, պապայից…» գրությամբ:

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

 Տեսանյութի հեղինակ Ռուզաննա Քոչարյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest