2023թ.-ի սեպտեմբերի 19-ին` թշնամու վերջին հարձակման ժամանակ, ամուսինը սահմանին, իսկ Լադան հիվանդանոցում էր կռիվ տալիս. բուժքույր էր։ Հարձակումից հետո երեք երեխաներին իր մոտ` հիվանդանոցի նկուղ է տարել։ Երկու օր այնտեղ են մնացել։

«Գիշերվա 5-ին գնում էինք հացի հերթ, իրիկվա 5-ին գալիս էինք` առանց հաց, լացելով էի գալիս տուն, որ չեմ կարողացել երեխաների համար հաց բերել։ Պահեստներում լիքը լցրած, բայց ժողովրդին ոչ մի բան չեն տվել։ Աստված չանի մարդ տեսնի մեր ապրածը, մի բանկա մածունը 1000 դրամ էր, մի ձուն` 500 դրամ .. էս կյանքը սովորեցրել ա, որ ամեն ինչ էլ հնարավոր ա: Ե’վ երեխաներին էի նայում, և’ զինվորներին, 27 զինվորի ես նայել եմ, ամեն ինչով օգնել եմ։ Էդ պահին և’ բուժքույր էի աշխատում, և’ մայրապետ, և բժիշկ էի աշխատում, ով ինչով կարողացել ա, զինվորներին օգնել ա», — ճանապարհին, մինչև տուն հասնելը, պատմում է Արցախից բռնի տեղահանված Լադա Մովսիսյանը։

Պայքարն անվերջ չէր, վերջաբանը՝ ցավալի:

Կռվից վերադառնալուց հետո ամուսինն առաջինն իր ծառայողական զգեստներն ու փաստաթղթերն է այրում։ Լադան ասում է` տարիների անդավաճան ծառայությունից հետո` գիտակցումից, որ պետք էր հեռանալ, շատ էր ազդվել ամուսինը։

«Եկավ տուն, ասեց` էլ Արցախ չկա, հավաքի վեշերդ, գնում ենք էստեղից։ Հետո ճանապարհ ընկանք, ավտոն փչացավ ճանապարհի կեսին։ Ամուսինս մի լավ չարչարվեց, ում ասում էր, որ մեքենայի հետևից կապի, մարդիկ չէին համաձայնվում։

Ես քիչ էի հաց վերցրել, չէի սպասում, որ երեք օր մենք ճամփին կմնանք։ Երեխաները սոված էին, փառք Աստծուն, ճանապարհին մարդիկ են եղել, օգնել են։ Եփած միս, բան, դեսից դենից տվել են երեխաներին.. ճանապարհին էին սարքում, դաժը հաց էին թխում, երեխաները ուտում էին, ուրախանում էին էդ հացով, մենք ինչ օրեր ենք քաշել, լաց ա լաց, որ նստում ես, հիշում ես էս ամենը, էս ինչ կյանք ա։

Մի կերպ հասել ենք Տեղ գյուղ մի մեքենայի հետևից, էդ էլ գումար ուզեցին, որ մեքենան բերեցին»,- պատմում է Լադան։

Հայաստանում ընտանիքը Արարատի մարզի Նորամարգ գյուղում է տեղավորվում։ Նոր կյանք սկսելու ցանկությամբ` Լադան աշխատանքի է անցնում, փորձում վերականգնվել, նոր ապագա ստեղծել։ Անցնում է մեկ շաբաթ և իրականությունը փոխվում է նորից. Լադան այրիանում է ..

«Որ էստեղ եկանք, տունը ճարեցինք, ամուսինս շատ էր ուրախացել, որ տուն կա, ծրագրել էր, թե տունը ոնց ա փոխելու, ուրախանալով ասում էր էդ ամենը, բայց զգում ես էլի, որ մեջը մի բան էն չի, ինքը շատ ա սթրես տարել …

Նոյեմբերի 4-ին աշխատանքից եկա, տեսա անկողնում պառկած ա։ Կանչել եմ, ձեն եմ տվել, չի լսել։ Մոտիկացել եմ, ձեռքը սեղմել, չի շարժվել, տեսել եմ` ոտքերը սառած։ Պուլսը չափել ենք, 30 էր, մինչև կանչել ենք շտապ օգնություն, պուլսը իջել ա 20, արդեն ուշ ա եղել, մահացել ա»,-պատմում Լադան։

Ամուսնու ծառայողական տարիներին կարճ ժամանակ էր մնացել, նա շուտով թոշակ պիտի ստանար։ Ընտանիքը Ստեփանակերտում վարձով էր ապրում, բայց ապագայի համար նոր ծրագրեր կային. նոր տներ էին կառուցվում, ամեն անգամ կառուցվող տների կողքով անցնելիս երեխաները ծնողներից շատ էին ուրախանում, որ նոր «Քարին տակ» է կառուցվում ու շուտով այնտեղ կլինեն, բայց …

Երկու անգամ տեղահանվելուց հետո` ևս մեկ անգամ նոր կյանք սկսելու փորձերն ապարդյուն էին։ Արցախում թողած տան մասին հարցերը երեխաների շուրթերից երբեք չեն դադարում. «Վարձով ենք ապրում, երկու սենյակ, յոլա ենք գնում, մինչև տեսնենք ինչ ենք դառնալու, գուցե էստեղից էլ են հանելու։ Մենք դեռ ոչինչ, երեխեքը ինչ պիտի տեսնեն, կռվից բացի ոչ մի բան չեն տեսել։ Ասում եմ` գնալու ենք, հույս եմ տալիս, բայց ո՞վ կհավատա… Ամուսինս, որ ողջ էր, հույսս ինքն էր, հիմա հույսս դրել եմ երեխաներիս վրա, ոչ մի տեղից հույս չունեմ ..»,-ասում է Լադան։

Լադան Մասիս քաղաք էր գնացել` վերականգնելու կարևոր փաստաթղթեր, որոնք Արցախում են թողել, և որի պատճառով ընտանիքը չի կարողանում հաշվառում անցնել ու իրեն հասանելիք նպաստը ստանալ։

Լադայի ընտանիքը մինչև 44-օրյա պատերազմն ապրում էր Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում։ Պատերազմից հետո նրանք տեղափոխվում են Ստեփանակերտ։ Ամուսինը` Արթիկ Առուշանյանը զինվորական էր։ Նա մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։

«Սաղ կյանքն էդ հագուստով ա եղել։ Մի անգամ ասեցի` գնանք քեզ համար հագուստ առնենք, ասեց` ի՞նչ անեմ հագուստը, իմ հագուստն էս ա»,-ասում է Լադան։

Ապրեց հայրենիքով, բայց կյանքի մայրամուտին չկարողացավ վայելել տարիների վաստակը …

Քնարիկ Վարդանյան

Տեսանյութի և լուսանկարների հեղինակ Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest