Բաբայան Ջուլիետայի ընտանիքը թշնամու` Արցախի վրա վերջին հարձակման և բենզալցակայանի պայթյունի հետևանքով երեք տղամարդ է կորցրել. առաջին զոհը որդին էր` 1999թ.-ին ծնված Մարտիրոսյան Կարենը։

«Դիրքերից ինքը երեք օր առաջ էր տուն եկել, հետո կանչեցին, ինքն էլ գնաց, ոչ ավտո կար, ոչ բենզին կար, ոտքով իջավ, ասեց` ես ընդեղ պիտի լինեմ, մամ, ես զինվորական եմ, չհանգստացավ նույնիսկ, 15 օր դիրքերում էր, երրորդ օրն էլի «համար 1» տվին, տարան»,-պատմում է Ջուլիետան։

Ընտանիքն ապրում էր Մարտակերտի շրջանի Կոճուղուտ գյուղում։ Սեպտեմբերի 19-ին գյուղերի բնակիչներին տեղափոխել էին Ստեփանակերտ։

Մայրաքաղաքում էին արդեն չորս օր, երբ Ջուլիետան ստանում է որդու մահվան լուրը..

«Ամսի 15-ին նոր էնտեղից տեղափոխվել ենք։ Շատ դժվար դուրս եկանք, հավաքվելու ժամանակ  նույնիսկ ընկել, մեջքս կոտրել եմ ..  դժվար էր, մեզ ավտոբուսով էին բերում, զոհվածների հարազատներին։

Բերեցինք ստեղ, մի օր զոռով էլի պանիխիդա արեցինք, գոնե հրաժեշտ տվեցինք ..»:

Ընտանիքն Արարատի մարզի Նորամարգ գյուղ` Ջուլիետայի մայրիկի տուն է տեղափոխվում։ Նույն գյուղում է ապրում նաև Ջուլիետայի քույրը` Իրինան, ում որդին ևս զոհվել է պատերազմում .. դա ընտանիքի երկրորդ կորուստն էր։

«Առաջինը Կարենի խաբարը լսեցինք, որ մոտ ընկերոջ հետ, ձեռք-ձեռքի բռնած, էդպես էլ զոհվել են։ Էն մյուս օրն էլ արդեն լսեցինք, որ Էդոն չկա, արդեն Էդոյին են ման գալիս որպես զոհված..»,-արցունքները խեղդելով պատմում է Իրինան։

Ջուլիետայի ընտանիքն այժմ ութ հոգուց է բաղկացած։ Նրա հետ է նաև դուստրն` իր երեք անչափահաս երեխաներով։ Աղջիկն այրիանում է Արցախից տեղահանվելուց ժամեր առաջ. մահվան դեմ պայքարը կարծես ավարտվել էր, բայց կյանքն ուրիշ անակնկալ էր պատրաստել։ Ջուլիետայի փեսան`Մխիթարը, բենզալցակայանի պայթյունից զոհերի թվում է..

«Գնացել էր բենզին հանի, որ երեխեքին հանենք էնտեղից։

Ինքը, որ Կարենի լուրն իմացավ, ես էլ պառկած վիճակում էի, եկավ ինձ տեսնելու, լացեց, ասեց մի խորհուրդ տվեք, ոնց ասեմ Մերիին (Ջուլիետայի դուստրը), ես էլ ասի, մի ասա, թող հասնենք Երևան, հետո կասես, դա եղել ա ամսի 24-ին։

25-ի առավոտ մենք, որ դուրս եկանք, իրենք էլ պետք ա մեր հետևից գային, հրդեհը եղավ .. հետո ԴՆԹ-ով հաստատվեց ինքնությունը..»,-պատմում է Ջուլիետան։

Ընտանիքը ԴՆԹ պատասխանն իմանում է երկու ամիս անց, իսկ տղաներին` Էդուարդին ու Կարենին հուղարկավորում են Եռաբլուրում։

«Դեմքը չենք տեսել, որ հանգստանանք, հրաժեշտ տանք։

Մեր գյուղից 6 զոհ ա եղել, երեքն էին զինծառայող։ Որ գնում ենք Եռաբլուր, մեկ-մեկ իրար հանդիպում ենք, երեխեքն իրար կողքի են։ Մյուս քրոջս փեսեն էլ ա զոհվել, երեք երեխա էլ ինքն ունի»:

Երեխաների խնդրանքը լսելով` Ջուլիետան թոռներին գերեզմանատուն է տանում, մտածում, որ գուցե այդպես երեխաները կընդունեն այն փաստը, որ հայրիկը, իսկ որդու դեպքում` եղբայրը, չկան, բայց ապարդյուն.. իրականությունն ընդունել չի ստացվում։

«Հիշում են, լացում են, կանչում են, ամեն ինչ անում ենք, որ չլացեն, շատ դժվար ա .. փոքրը հեռախոսը վերցնում ա, ասում ա` զանգ ա, պապան ա զանգում։

Աղջիկս 6-րդ դասարանի աշակերտ ա, շատ ուզեց, լացեց, տարա Եռաբլուր, ասում ա` մամա, ես չեմ հավատում ..

Ոչ մեկ էլ չի հավատում։ Ես մինչև հիմա չեմ հասկանում` ինչ ա կատարվում»,-արցունքներն աչքերին պատմում է Ջուլիետան։

Քնարիկ Վարդանյան

Տեսանյութի հեղինակ Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest