Սեպտեմբերի 19-ին ավագ որդուն կորցրած եւ Արցախից տեղահանված Նարինե Սահակյանը հուզված նայում է կրտսեր տղային ու ասում է` եղբորը շատ է կարոտում:  Սամվել Սահակյանը զոհվել է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետեւանքով, ծնողներին է հանձնվել եւ հուղարկավորվել է դրանից մեկ ամիս անց` Երեւանում:

Սամվելը պայմանագրային զինծառայող էր: Ժամկետային ծառայության ընթացքում անցել էր զինվորական ծառայության:

Մայրը որդու հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել սեպտեմբերի 17-ին. «Մեկ ամիս տուն չէր եկել: Զանգեց, ասեց` մամ, ոչ մի բան չունենք: Նասկիս պրծել ա, շամպունս պրծել ա, լողացած չեմ, հաց չկա ուտելու: Ասեցի` մատաղ լինեմ քեզ, հեսա մի տեղ գնամ, քո հետ ծառայող տղային տամ, կբերի, կուղարկեմ: Մեկ էլ նորից զանգեց, ասեց` լավ է, պետք չի»:

Մայրը մանրամասն հիշում է ամսի 19-ի դեպքերը. «Կռիվը որ սկսվում է, զանգեցի, չպատասխանեց: Ասում են` երբ կռիվը սկսվել է, Ուրալ մեքենայի վարորդին փախցրել են, իրեն ասել են` նստի մեքենան, տար Մալիբեյլու /Աջափնյակ/ սնարյադ բերելու: Առաջին անգամ եկան, սնարյադները բերեցին, թափեցին, արդեն էլ չկար… հետո մեզ խաբեցին: Զանգեցի հրամանատարին, ասեց` գնում եմ ճշտեմ, հետո ձեզ կասեմ: Սպասում ենք, սպասում ենք, ոչ զանգ եղավ, ոչ մի բան: Զանգեցի, ասեցի` արդեն կռիվը պրծավ, բայց էրեխուցս լուր չկա: Ասեց` հեեսա ճշտեմ, ասեմ: Ոչ մի բան էլ չասեց: Հետո առավոտյան, ամսի 21-ին զանգեցին, ասացին` Սամվելի մայրն ես, ասացի` հա, ասացին` Սամվել Սահակյանը մահացել է, գնացեք մորգը: Գնում ենք, մեզ չեն թողնում մտնենք, ասում են` գնացեք, հետո կբերենք Երեւան…»:

Հիշելով սեպտեմբերի 19-ը, կինը պատմում է, որ ռմբակոծությունների պատճառով վիրավորվել էր ամուսինը ինքն էլ ընկել էր եւ վնասել էր ոտքը. «Ամուսինս տանն է եղել, սնարյադը եկել տուն է մտել, երկաթի կտորները ամուսնուս գլուխն են մտել… երեխաները դպրոցում էին, նկուղում, պետք է գնայինք նրանց բերելու, ոտքս դնում եմ ու աստիճանի վրա ընկնում եմ: Մեկը գալիս բարձրացնում է ինձ ու այդ պահին տեսնում եմ հեռվում պայթյուններ, թռնող  ԱԹՍ…Հետո էլ բենզալցակայանի հրդեհը տեսանք: Մարդիկ փախնում էին: Այդ հրդեհն էլ մարդկանց շատ վնաս տվեց…ճանապարհին էլ երբ անցնում էինք, թուրքերը նայեցին, բայց բան չասեցին մեզ… ինչ կար, որ ինչ ասեին, ոչ մի բան չկար, մի քանի հագուստ էր, մենք էինք, մամաս, երեխաները… Մեկ ամիս տղայիս պահեցին, հոկտեմբերի 17-ին Սամվելին տվեցին մեզ: Ինչ որ սգո սրահ կար, այնտեղից վերցրինք փակած դագաղը, տարանք Եռաբլուրում հուղարկավորեցինք»:

Ընտանիքն այժմ վարձով ապրում է Մասիս քաղաքում: Սամվելի քույրերը օգնում են մորը, իսկ կրտսեր որդին` 7-ամյա Սուրիկը խնամքով պահում է եղբորից մնացած իր ամենասիրելի իրը` զինվորական հեռադիտակը:

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest